«Առավոտի» զրուցակիցն էր Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը (լուսանկարում)։
–Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Արցախում ոչնչացնել հայկական հետքը, հայկական ամբողջական բնակավայրեր են ոչնչացվում։ Փաստագրվո՞ւմ է այս ամենը, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։
-Միանշանակ, մի քանի կենտրոններ ու կազմակերպություններ կան, որոնք դա անպայման փաստագրում են։ Արցախի թեմում փաստագրվում է այդ ամենը, monumentwatch-ն է բավական լավ աշխատում այդ ուղղությամբ, ինչպես նաեւ Մեծ Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն է փաստագրում իրականացնում։ Բայց ես տեղյակ չեմ, թե ՀՀ համապատասխան պետական լիազոր մարմինները դա փաստագրո՞ւմ են, թե ՞ ոչ։ Մենք նման տեղեկություն չունենք։
–Այսինքն՝ Հայաստանի պետական մարմինների հետ համագործակցություն չկա՞։
Կարդացեք նաև
-Երբ Արցախից բռնի տեղահանվել էինք, սկզբնական շրջանում, Հայաստանի պետական մարմինների հետ որոշակի կապ կար, բայց վերջին ժամանակահատվածում չկա։
-Ադրբեջանն ի՞նչ նպատակ է հետապնդում այսպիսով։
-Ադրբեջանը շարունակում է մշակութային էթնոցիդի իր քաղաքականությունը, նպատակ է դրված ոչնչացնել մեր ինքնությունը, մեր պատմական լանդշաֆտը։ Մեզ կտրում է արմատներից, եւ այդ քաղաքականություն նոր չէ։ Դեռեւս 2020 թվականի պատերազմի ընթացում եւ նոյեմբերի 9-ից հետո բռնազավթված տարածքներում արդեն սկսել էին այդ քաղաքականությունը։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերից 19-ից հետո այդ ամենն ավելի ակտիվացավ։ Հայկական հետքի ոչնչացումը Ադրբեջանի համար շատ կարեւոր խնդիր է, որպեսզի հայ ժողովուրդն ու հայությունն ընդհանրապես մոռանան Արցախի մասին։ Նաեւ դրանով փորձում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախում հայկական հետք չկա։ Դրա համար իրենք ամբողջական բնակավայրեր են ոչնչացնում եւ այն վայրերում, որտեղ մշտական հայկական բնակչություն է եղել։ Օրինակ՝ նույն Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում Հադրութի շրջանի Խծաբերդ, Մոխրենես, Թախուտ գյուղերում երբեւէ ադրբեջանցիների հետք չի եղել։ Երբ Քարինտակը ոչնչացնում են եւ մզկիթ կառուցում կամ Մատաղիսի անունն են փոխում ու այնտեղ մզկիթ կառուցում, Հադրութում են մզկիթ կառուցում, սա մի ամբողջական շղթա է, որը հենց ուղղված է հայերի դեմ։
-Իրավական դաշտում ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այս հարցերը բարձրաձայնելու ու հաջողության հասնելու։
-Ես չգիտեմ՝ Հայաստանի իշխանություններն ինչ-որ քայլեր ձեռնարկում են, թե ոչ, քանի որ նրանց համար Արցախի թեման վաղուց փակված է։ Հասարակական կազմակերպությունների, տարբեր անհատների, ակադեմիական շրջանակների կատարած աշխատանքը, ճիշտ է, շատ կարեւոր է, բայց բավարար չէ։ Այսինքն՝ համակարգված աշխատանք է պետք։ Նաեւ ասեմ, որ, ցավոք սրտի, միջազգային հանրությունը հակամարտության բոլոր վայրերում կարողանում է ինչ-որ հարցեր լուծել եւ մշակութային ժառանգության հարցերը բարձրացնել, լուծում տալ, բայց Ադրբեջանի պարագայում կարծես թե բոլորը կոնսենսուս ունեն, որ Ադրբեջանը պետք է Արցախի հայկական հուշարձանները ոչնչացնի։
–Գուցե պատճառն այն էր, որ մեր պետությունը բավարար աշխատանք չի՞ տանում այդ ուղղությամբ։
-Այո, ես համենայնդեպս չեմ տեսնում, որ ՀՀ իշխանությունները զբաղվում են Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցով։
–Վերացնելով հայկական հետքերը Արցախում՝ ի՞նչ հաջողության կարող է հասնել Ադրբեջանը։
-Ժամանակին մենք այդ բոլոր հուշարձաններն ուսումնասիրել ու վկայագրել ենք։ Արցախում հատկապես վերջին տարիներին բավական ակտիվ էին ընթանում այդ աշխատանքները՝ պեղումներ էին արվում, հնագիտական արշավախմբերն էին աշխատում, հուշարձանների վկայագրման աշխատանք էր կատարվում, ցուցակներ էին կազմվում, պետական պահպանական գոտիներ էին կազմվում։ Այդ ամենը փաստագրված է, եւ այդ հուշարձանների վերաբերյալ կան հաղորդաշարեր, տեսահոլովակներ։ Իսկ դա ջնջել չեն կարող։ Բայց խնդիրն այն է, որ կարծես թե մեզ համար սովորական է դարձել, որ Ադրբեջանը պետք է ոչնչացնի, մենք էլ ցավով ֆիքսենք։ Այսինքն՝ համակարգված աշխատանք չի տարվում։ Հայ առաքելական եկեղեցու, մյուս կառույցների աշխատանքը համակարգված չէ, եթե պետություն ունես, այդ համակարգումը պետք է պետությունը կատարի, ինչն այսօր տեսանելի չէ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ