Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձինք 2025 թվականին եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն 2024 թվականի համար: Նախքան հայտարարագիր ներկայացնելն առաջին հերթին պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ, չունենալու դեպքում՝ կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ՝ նախապես ամրագրելով այց։
Անձի նույնականացում կարող եք իրականացնել բջջային հեռախոսի միջոցով (mID), որի համար անհրաժեշտ է նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեզ սպասարկող կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած կենտրոն, որտեղ Ձեր բջջային քարտը կփոխարինեն նոր ID SIM քարտով կամ օպերատորին փոխելու դեպքում՝ կտրամադրեն նոր քարտ։ Կարևոր է իմանալ, որ էլեկտրոնային նույնականացումից հետո ինքնաշխատ կակտիվանա էլեկտրոնային ստորագրությունը:
Անձի նույնականացման մյուս տարբերակն իրականացվում է էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով (eID), որի համար անհրաժեշտ է ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրերը: Անհրաժեշտ է ունենալ նաև ID քարտն ընթերցող սարք, որը կարող եք ձեռք բերել նաև «ԷԿԵՆԳ» ընկերությունից: Այս դեպքում ևս էլեկտրոնային ստորագրությունն ինքնաշխատ կակտիվանա։
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:
Կարդացեք նաև
Կարևոր է իմանալ, որ ՊԵԿ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ կարող եք մուտք գործել, ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ՝ Self Portal բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի է՝
Apple App Store-ում՝ iOS-ի համար
Google Play Store-ում՝ Android-ի համար:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
«Առավոտ». Հիշեցնենք՝ imID-ն հայտարարել է Team Telecom Armenia-ի, Ucom-ի և Viva-ի կողմից նորարարական eSIM Mobile ID-ի լուծման գործարկման մասին: Նպատակ ունենալով հեշտացնելու քաղաքացիների՝ առցանց նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ակտիվացման գործընթացը՝ առաջիկայում կգործարկվի eSIM Mobile ID-ն։ Մինչ այդ Mobile ID-ն հնարավոր էր ակտիվացնել ցանկացած օպերատորի ֆիզիկական SIM քարտով՝ մոտենալով սպասարկման գրասենյակներ։
Քաղաքացիները կարող են ստանալ իրենց eSIM Mobile ID-ն մարտի 29-ից՝ այցելելով հեռահաղորդակցության օպերատորի ցանկացած մասնաճյուղ իրենց նույնականացման քարտով: