Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով
Ժամանակավորապես բռնազավթված Արցախում ադրբեջանական իշխանությունները շարունակաբար իրականացնում են էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության քաղաքականություն, որի անբաժանելի մասն է հայկական բնակավայրերի համակարգված ոչնչացումը։ Այս հանցավոր գործընթացն աննախադեպ ծավալների է հասել՝ վերածվելով Արցախի բնակավայրերի լայնամասշտաբ վերացման ծրագրի։
Փետրվարի 18-ին Արարատ Պետրոսյանն իր տելեգրամյան ալիքում հրապարակեց ապացուցողական լուսանկար, որը վկայում է Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղի գրեթե ամբողջական ավերման մասին։ Սա փաստում է, որ Ադրբեջանը չի սահմանափակվում միայն մշակութային ժառանգության ոչնչացմամբ, այլև նպատակային կերպով վերացնում է հայերի պատմական բնակավայրերը՝ փորձելով վերացնել հայկական հետքը Արցախում։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այս քաղաքականության զոհ են դարձել նաև Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր գյուղերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Արցախի այլ բնակավայրերի բազմաթիվ բնակելի թաղամասեր։ Սա ոչ թե պարզապես ռազմավարական հաշվարկ է, այլ պետական մակարդակով իրականացվող ցեղասպանական քաղաքականություն, որի նպատակը ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնելն է հայերին, այլև ջնջել նրանց կենսատարածական և պատմամշակութային ներկայությունը Արցախում։
Այս հանցավոր գործողություններին անհապաղ պետք է արձագանքի միջազգային հանրությունը՝ դատապարտելով Ադրբեջանին և ձեռնարկելով կոնկրետ քայլեր` այս խտրական և ապօրինի, միջազգային իրավունքի բոլոր օրենքները ոտնահարող քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում` լռությունը միայն կխրախուսի այս նոր ցեղասպանական մեխանիզմի կիրառումը՝ վտանգի տակ դնելով ոչ միայն Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։