Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իրավիճակում հայ ժողովուրդն ի վերջո ի՞նչ կարող է անել

Փետրվար 19,2025 12:30

Աշխարհում ապրել եւ ապրում են բազմազգ ժողովուրդներ, որոնք իրենց գոյության ընթացքում գործել են եւ սխրագործություններ, եւ դավաճանություններ ու այս ամենին մարդկությունն ստիպված նայում է՝ համակերպվելով դրանց հետ: Փորձենք սրանց նայել «ժողովուրդ-հայրենիք» հարաբերությունների տեսանկյունից, որը տարբեր ժամանակներում եւ տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է եղել: Հիմնականում գործել եւ գործում է ժողովուրդ-հայրենիք մեկ ամբողջություն գաղափարը, սակայն որոշ դեպքերում եղել եւ լինում են բացառություններ՝ շեղումներ, որոնք կարող են անգամ շատ մեծ զարմանք առաջացնել …

Սա շատ ծավալուն ու ընդգրկուն թեմա է, որի մասին կարելի է շատ երկար խոսել, այդ իսկ պատճառով կփորձենք հակիրճ ու կոնկրետ օրինակի վրա խոսել: Կխոսենք հայ ժողովրդի եւ Հայաստանի մասին: Հայոց պատմության մասին հատորներ կան գրված եւ ընթերցողը տեղյակ է դրանից այնքանով, որքանով ծանոթացել եւ հասկացել է այդ ամենը: Մեր պատմության մեջ եղել են բազում հայրենասիրական սխրագործությունների դեպքեր, իհարկե, նաեւ դավաճանությունների ոչ քիչ դեպքեր, այժմ տեսնենք, թե այս ճակատագրական օրերին ինչպես է իրեն պահելու ժողովուրդը …

Իհարկե, դավաճանության հարցերում չափումներ անելը համարյա անհնարին է, սակայն հենց այդ ուղղությամբ կան ու կլինեն այնպիսիք, որոնք սահմաններ չեն ճանաչում եւ կարող են միայն տիեզերական զարմանք առաջացնել, ուստի դրա վերաբերյալ մեծ իմաստ ունի խորը վերլուծություն կատարել ու այն ներկայացնել ընթերցողին: Եվ այսպես. այն, ինչ տեղի ունեցավ Արցախի, Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ վերջին 5-6 տարիներին, աշխարհին է հայտնի. 44-օրյա պատերազմն իր բոլոր հետեւանքներով, դրանից հետո նախապատրաստվող, այսպես կոչված՝ «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ու հայ ժողովրդի մոտեցումները դրա վերաբերյալ, ուստի կարող ենք հստակ բարձրաձայնել, որ իշխանությունները տարբեր վայրիվերումներով վերջը հանգեցին այն մոտեցմանը, որ հիմնականում համաձայն են Ադրբեջանի համարյա բոլոր տեսակետներին՝ առաջարկած կետերին, իսկ ինչպես բազմիցս է ասվել, հայ ժողովուրդը քնած է՝ լռում է, չի պատրաստվում որեւէ համարժեք քայլ անել ստեղծված իրավիճակում, որպեսզի փորձի փրկել Հայաստանին սպասվող կործանումը…

Լավ, եւս մեկ անգամ փորձենք ավելի լայն ու ավելի խորը վերլուծել, թե ստեղծված այս իրավիճակում հայ ժողովուրդն ի վերջո ի՞նչ կարող է անել, որպեսզի փրկության հույսեր արթնացնի:

Ի՞նչ պահելաձեւ կարող է որդեգրել, որպեսզի ոչ թե լուռ մնա, այլ որեւէ կերպ փորձի նախ բեկել, ապա նաեւ լուրջ քայլեր անել, վիճակը տրամաբանական շրջադարձի ենթարկել ու եղած իրավիճակը կանգնեցնել եւ ստանալ նոր հնարավորություն ու հարաբերությունների նոր նախագիծ առաջարկել, փոխելով նաեւ Հայաստանի կախվածության չափն Ադրբեջանից: Փաստորեն, որքան խորանում ենք, այնքան ավելի ենք համոզվում, որ ցանկացած մոտեցման պարագայում, միայն մեկ ձեւ է մնում չստորագրելու այդ անցանկալի համաձայնագիրը. պետք է որեւէ կերպ խոչընդոտել իշխանություններին, որոնք բոլոր դեպքերում տրամադրված են ստորագրել այն: Հետեւաբար, մնում է միմիայն հանրաքվեի միջոցով որոշել այդ համաձայնագրի ճակատագրի հարցը, որը րոպե շուտ պետք է փորձել իրականացնել: Հստակ է, որ ԱԺ-ով հանրաքվեի անցկացումը հնարավոր չէ իրականացնել, ուստի մնում է համապատասխան քանակի ստորագրությունների հավաքման ճանապարհը՝ փորձել այն հանրաքվեով իրականացնել, որի համար շատ քիչ ժամանակ կա: Պետք է րոպե շուտ ձեռնարկել ստորագրահավաքը, որպեսզի հնարավոր լինի ֆիզիկապես հասցնել այն, այլապես այդ վերջին հնարավորությունն էլ է ձեռքից բաց թողնվելու: Պարզ է, որ այդ դեպքում միակ հույսը մնում է ժողովրդի վրա, այնպես որ, կոչ ենք անում հնարավորին չափ շուտ սկսել այդ գործընթացը: Դա ժողովրդի փրկիչ քայլն է:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728