Լրահոս
Օրվա լրահոսը

Մյունխենյան համաժողով, դաշնակիցների հակասություններ, փարիզյան հավաք

Փետրվար 19,2025 12:00

Խաղաղության ցանկացած համաձայնագիր, որը կկնքվի առանց Եվրոպայի, «կտապալվի»

Անցած շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովը կայացավ խիստ ուշագրավ մթնոլորտում: 1999-ից ամենամյա այս միջոցառմանը մասնակցում են նաեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների քաղաքական գործիչները, զինծառայողները եւ բիզնեսի ներկայացուցիչները։ Ֆորումի շրջանակներում ավանդաբար կազմակերպվում են քաղաքական գործիչների ոչ պաշտոնական եւ անձնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են անվտանգության քաղաքականության նոր նախաձեռնությունները:

Մինչ համաժողովի մեկնարկը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը Ուկրաինայի հարցով բանակցությունների սկիզբ դիտարկեց: Նրա կարծիքով` Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի բանակցությունները հաջող են անցել։ «Մենք բոլորս ցանկանում ենք խաղաղություն Ուկրաինայում»,- նշեց Ռյուտեն՝ հավելելով, որ Ուկրաինան պետք է ներգրավվի երկխոսության մեջ: Ի դեպ, Ռյուտեն նկատել էր, որ Կիեւին չեն խոստացել ՆԱՏՕ-ին անդամակցություն հակամարտության ավարտից հետո:

Մյունխենի համաժողովի մեկնարկից առաջ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի համաժողովի ընթացքում հայտարարություններով հանդես եկավ նաեւ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը: Բացահայտ եւ միանշանակ հայտարարում եմ, որ կոշտ ռազմավարական իրողությունները թույլ չեն տալիս Միացյալ Նահանգներին լինել Եվրոպայի անվտանգության հիմնական երաշխավորը, նկատել էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը` հավելելով, որ ԱՄՆ-ն կենտրոնանում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին զսպելու ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ Հեգսեթն ընդգծել էր, որ Ուկրաինայի վերադարձը 2014թ. սահմաններին` իրատեսական չէ: Պենտագոնի ղեկավարը նաեւ բացառել էր ամերիկյան զորքերի տեղակայումն Ուկրաինայի տարածքում: Եվրոպայի առաջնորդները պետք է իրենք ստանձնեն մայրցամաքի անվտանգության գլխավոր պատասխանատվությունը, նշել էր Պենտագոնի ղեկավարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով Բրյուսելում կայացած ասուլիսում:

Հեգսեթի գնահատականները Եվրոպայում քննադատության էին արժանացել: Ըստ քննադատների՝ Միացյալ Նահանգները հրաժարվում է Ռուսաստանի հետ բանակցություններում իր լծակներից, իսկ դա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակն է: Նաեւ մտահոգություններ էին հնչում, որ Վաշինգտոնը կարող է կրճատել ոչ միայն Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունն, այլեւ` Եվրոպայում տեղակայված ամերիկացի զինվորականների թիվը։

«Մեր թիկունքում կնքված ցանկացած գործարք չի աշխատի, անհրաժեշտ կլինի համաձայնություն, որին Ուկրաինան եւ Եվրոպան մաս կլինեն», շեշտել էր Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը` փաստացի հասկացնել տալով, որ բացառում է ռուս-ուկրաինական հակամարտության լուծումն առանց ԵՄ-ի մասնակցության: Իսկ Ուկրաինային տրամադրված ԵՄ օգնությունը Կալասը համարում է ներդրում սեփական անվտանգության մեջ։ «Մեզ համար Ուկրաինային օգնելը չի նշանակում բարեգործություն, մենք այդպիսով ներդրում ենք կատարում սեփական անվտանգության մեջ, որովհետեւ չենք ցանկանում, որ այս պատերազմն ավելի հեռու գնա, եւ մենք ուզում ենք դադարեցնել այն», – նշել էր նա։ Եվրոպան կշարունակի աջակցել Ուկրաինային, եթե Կիեւը դեմ արտահայտվի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնեցված խաղաղ համաձայնագրի պայմաններին, հավելել էր ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն: Այսպիսով, Կալասն ընդգծել էր` Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության ցանկացած համաձայնագիր, որը կկնքվի առանց Եվրոպայի, «կտապալվի»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է իր երկրի անունից բանակցություններ վարել Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Financial Times-ի հետ զրույցում նա նախազգուշացրել էր, որ այն «խաղաղությունը, որը կապիտուլյացիա է», «վատ նորություն կլինի բոլորի համար», ներառյալ` ԱՄՆ-ի: «Այս փուլում միակ հարցն այն է, թե արդյոք նախագահ Պուտինը պատրաստ է անկեղծորեն, կայուն եւ վստահության արժանի կերպով համաձայնել այդ հիմքի վրա հրադադարին։ Դրանից հետո ուկրաինացիները պետք է բանակցեն Ռուսաստանի հետ», – ասել էր Մակրոնը: Մակրոնը Financial Times-ին ասել էր, որ Թրամփը ստեղծել է «հնարավորությունների պատուհան» բանակցությունների միջոցով լուծելու համար, որտեղ «յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա»՝ հավելելով, որ այժմ Զելենսկին պետք է քննարկի տարածքային եւ ինքնիշխանության հարցերը:

Ավելի ուշ նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Ուկրաինայի նախագահի հետ զրույցում ասել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ բանակցություններ չեն կարող լինել առանց Ուկրաինայի մասնակցության։ «Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության ուժեղ երաշխիքներ»։

Մյունխենյան Անվտանգության համաժողովը` ԵՄ-ԱՄՆ հակասությունների արտահայտմամբ

Ահա, այսպիսի հայտարարությունների ֆոնին մեկնարկեց Մյունխենի Անվտանգության 2025-ի համաժողովը:

Եվրոպայի անվտանգության պատասխանատվությունը պետք է նախ եւ առաջ եվրոպացիները ստանձնեն, ԱՄՆ-ի առաջնահերթությունները փոխվում են. սա էր Միացյալ Նահանգների նոր վարչակազմի առանցքային ուղերձը դաշնակիցներին՝ Մյունխենում բացված Անվտանգության միջազգային համաժողովում։ «Մենք ուզում ենք համոզված լինել, որ ՆԱՏՕ-ն ստեղծված է ապագայի համար։ Դա անելու համար կարեւոր է երաշխավորել, որ Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա կենտրոնանալ Արեւելյան Ասիայում մեզ սպառնացող մարտահրավերների վրա», – հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Դեմ չենք, բայց ինչպե՞ս՝ դա է կարեւորը», – հեռավար դիմելով դաշնակիցներին՝ հակադարձեց համաժողովը հյուրընկալող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, մանրամասնելով՝ պատերազմը կանգնեցնելու պայմաններն ու հնարավոր զիջումներն են, որ առաջիկա տարիներին կորոշեն Եվրոպայի ու Միացյալ Նահանգների դիրքերն աշխարհում։ Դիվանագիտական ոլորտում տասնամյակների փորձ ունեցող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն առանց դիվանագիտական բառապաշարի պնդեց՝ աննախադեպ է այն, ինչ տեսնում է այսօր ԱՄՆ-ի կողմից: «Ամերիկյան նոր վարչակազմն աշխարհի նկատմամբ մեզնից տարբերվող տեսակետ ունի։ Տեսակետ, որը հաշվի չի առնում գործող կանոնները, գործընկերությունն ու հաստատված վստահությունը, որը տասնամյակների պատմություն ունի։ Այս իրադրությունը մենք փոխել չենք կարող, ուստի մեզ մնում է միայն այն ի գիտություն ընդունել եւ ըստ այդմ գործել», – նշեց Գերմանիայի նախագահը:

«Ստիպված կլինենք ինքներս լրացնել այդ բացը, միայն թե դա մեկ օրվա բան չէ», – Մյունխեն ժամանելուն պես հայտարարեց Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Նա եւս չթաքցրեց՝ ամերիկացի պաշտոնյաների վերջին հայտարարություններից եվրոպացիները, մեղմ ասած, մտահոգված են: «Ցավալին այն է, որ Թրամփի վարչակազմը երկու կարեւոր հարց է հանել բանակցային օրակարգից, ինչի կարիքը, իմ կարծիքով, չկար։ Մեկը՝ Ուկրաինայի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին, մյուսը՝ տարածքային փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ Ուկրաինայում։ Կարծում եմ՝ շատ ավելի լավ կլիներ այդ հարցերը նախ քննարկել բանակցային սեղանի շուրջ՝ Ուկրաինայի մասնակցությամբ», – ասել էր նա։

Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին NBC News-ի հարցազրույցում հասկացնել էր տվել, որ երբեք չի ընդունի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից կնքված խաղաղության համաձայնագիրը առանց Ուկրաինայի մասնակցության: Բացի այդ, նա նշել է, որ Միացյալ Նահանգների հետ առաջարկվող գործարքը, որը հնարավորություն է տալիս մուտք գործել իր երկրի բնական հարստություններ, չի աշխատի, եթե Կիեւին անվտանգության երաշխիքներ չտրամադրվեն: «Եթե մենք անվտանգության երաշխիքներ չստանանք Միացյալ Նահանգներից, ես կարծում եմ, որ տնտեսական համաձայնագիրը չի աշխատի», – նկատել էր Զելենսկին:

«Մենք չպետք է վախենանք մեր ժողովրդից, նույնիսկ եթե նրանք արտահայտում են այնպիսի տեսակետներ, որոնք չեն համընկնում ղեկավարության կարծիքների հետ». Վենս

«Մենք հավաքվել ենք այս համաժողովում, իհարկե, անվտանգության մասին խոսելու համար։ Եվ սովորաբար մենք այդ մասին խոսելիս նկատի ունենք արտաքին սպառնալիքները։ Այստեղ ես տեսնում եմ բազմաթիվ խոշոր ռազմական առաջնորդների։ Սակայն, Թրամփի վարչակազմը շատ է մտահոգված Եվրոպայի անվտանգությամբ, կարծում է, որ մենք կարող ենք հասնել ողջամիտ կարգավորման Ռուսաստանի, Ուկրաինայի միջեւ: Մենք կարծում ենք, որ առաջիկա տարիներին Եվրոպան պետք է մեծ քայլ անի՝ իր սեփական պաշտպանության ապահովման գործում։ Բայց սպառնալիքը, որի համար ես ամենաշատը մտահոգված եմ Եվրոպայի առնչությամբ, ոչ թե Ռուսաստանն է, ոչ թե Չինաստանը, ոչ թե այլ արտաքին գործոն, այլ այն, ինչ ինձ ամենաշատն է անհանգստացնում` ներքին սպառնալիքը։ Եվրոպայի նահանջն է իր ամենաառանցքային արժեքներից՝ արժեքներ, որոնք մենք կիսում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ», Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նա իր ելույթը ամփոփեց ուշագրավ շեշտադրումներով. «Հավատալ ժողովրդավարությանը նշանակում է հասկանալ, որ մեր յուրաքանչյուր քաղաքացի ունի իմաստնություն, ձայն։ Եվ եթե հրաժարվում ենք լսել այդ ձայնը, ապա մեր ամենահաջող պայքարներն անգամ շատ քիչ բան կապահովեն։ Ինչպես ասել է Հովհաննես Պողոս Երկրորդ պապը, ով, իմ կարծիքով, այս մայրցամաքի, ամբողջ աշխարհի ժողովրդավարության ամենաարտասովոր պաշտպաններից մեկն էր. «Մի՛ վախեցեք»։ Մենք չպետք է վախենանք մեր ժողովրդից, նույնիսկ եթե նրանք արտահայտում են այնպիսի տեսակետներ, որոնք չեն համընկնում ղեկավարության կարծիքների հետ»։

ԱՄՆ փոխնախագահի դիրքորոշումն էր ներկայացրել նաեւ The Wall Street Journal-ը: Նախ նշվեց, թե Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել եւ հնարավոր է դիմել ռազմական գործողությունների, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրին, որը կերաշխավորի Կիեւի երկարաժամկետ անկախությունը: Պարբերականը հայտնում էր, թե Վենսն ասել է, որ Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը դեռ «մնում է սեղանին», եթե Մոսկվան չկարողանա բարեխղճորեն բանակցություններ վարել։ «Կան լծակների տնտեսական գործիքներ, կան, իհարկե, լծակների ռազմական գործիքներ, որոնք ԱՄՆ-ը կարող է օգտագործել Պուտինի դեմ»,- ըստ պարբերականի` ասել էր Վենսը: ԱՄՆ փոխնախագահը միեւնույն ժամանակ նշել էր, որ «կարող է բանակցությունների արդյունքում գործարք կնքվի, որը կցնցի շատերին»։

Այնուամենայնիվ, Վենսը մերժել էր Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորությունը, այսպես հիմնավորելով կարծիքը. «Նախագահ Թրամփը մեծագույն գործարք կնքողն է, եւ նա խաղաղություն կբերի տարածաշրջանին՝ վերջ տալով Ուկրաինայում պատերազմին։ Ինչպես միշտ հայտարարել ենք, ամերիկյան ուժերը երբեք չպետք է վտանգի տակ դրվեն այնտեղ, որտեղ առաջ չեն մղվում ամերիկյան շահերն ու անվտանգությունը: Այս պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ է»,- նշել էր նա։ Այսպիսով, Վենսը հերքել էր իր հետ ավելի վաղ The Wall Street Journal-ում հրապարակված հարցազրույցը, որում նշվել էր, որ եթե Ռուսաստանը հրաժարվի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիր կնքել՝ երկարաժամկետ երաշխիքներով այս երկրի համար, ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ եւ նույնիսկ իր զորքերն ուղարկել Ուկրաինա։ Ըստ ԱՄՆ-ի փոխնախագահի՝ ԱՄՆ իշխանությունները մտադիր են նախագահ Վլադիմիր Պուտինին համոզել, որ Ռուսաստանը կարող է ավելիին հասնել բանակցային սեղանի շուրջ, քան մարտի դաշտում, հայտնել էր Deutsche Welle պարբերականը։ Վենսը միաժամանակ նկատել էր, որ եթե խաղաղ բանակցությունները հաջողությամբ պսակվեն, Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերություններում վերբեռնում տեղի կունենա:

Ռուբիո-Լավրով հեռախոսազրույց` համաժողովի ֆոնին

Մյունխենյան համաժողովի ելույթներից հետո, փետրվարի 16-ին տեղեկություն ստացվեց այն մասին, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Մարկո Ռուբիոյի եւ Սերգեյ Լավրովի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել: ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտնեցին, որ պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Թրամփի հանձնառությունը՝ վերջ դնելու ուկրաինական հակամարտությանը։ Բացի այդ, ըստ Պետդեպի, քննարկվել են նաեւ մի շարք երկկողմ հարցեր։ Այլ մանրամասներ կողմերը չհաղորդեցին։ Այս զրույցը հաջորդեց փետրվարի 12-ին` Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին։

ԵՄ-ԱՄՆ հակասությունների ֆոնին` մյունխենյան համաժողովից հետո, հայտնի դարձավ, որ փետրվարի 17-ին Փարիզը կհյուրընկալի եվրոպական գագաթնաժողովը: «Մակրոնը կհավաքի եվրոպական հիմնական երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու եվրոպական անվտանգության հարցերը»,-France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնեց արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոն՝ հավելելով, որ հանդիպումն աշխատանքային կլինի, այն չպետք է «չափից դուրս դրամատիզացնել»: Վեց եվրոպացի դիվանագետներ հայտնել են, որ հրավերներ են ուղարկվել` Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Լեհաստանին, Իտալիային, Դանիային, Եվրամիության ղեկավարությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին:

Ի դեպ, Ուկրաինայում Թրամփի ներկայացուցիչ Քիթ Քելլոգը փետրվարի 15-ին հայտարարել էր, որ Եվրոպան չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի ներկայացուցչի խոսքով, նա քննարկումներ է անցկացնում եվրոպացի առաջնորդների հետ, հավաքում է նրանց առաջարկները, որպեսզի բանակցությունների ընթացքում հաշվի առնվեն նաեւ եվրոպական շահերը։ Մեկ օր անց, նախագահ Թրամփը հայտնեց, որ Զելենսկին կմասնակցի Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ խաղաղ բանակցություններին։

Իսկ ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի դեմ եւ արգելել որոշ ամերիկյան պարենային ապրանքների ներմուծումը։ Երեք եվրոպացի պաշտոնյաներ Financial Times-ին ասել են, որ դա պատասխան է ԱՄՆ բոլոր եվրոպական ապրանքների համար 10-20% մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքներին: Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԱՄՆ-ից ներմուծման ավելի խիստ սահմանափակումներ մտցնելու հարցը արդեն այս շաբաթ։

2022թ. փետրվարին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր` սա առաջին անգամն էր, երբ դաշնակիցների միջեւ լուրջ տարաձայնություններ արտահայտվեցին Ուկրաինայի հարցում:

Շարունակությունը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728