Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս մի ձորից էլ մեզ մի կերպ հանենք…»

Փետրվար 19,2025 13:30

Ինչ էին մտածում մեր մեծերը ճգնաժամից դուրս գալու մասին

Այս հոդվածի վերնագիրը մեջբերում է ժամանակակից հայ բանաստեղծ Ներսես Աթաբեկյանի գործից: Նրա բանաստեղծությունը եզրափակում է մի շատ յուրօրինակ ժողովածու, որի հրատարակումը «Շտիգեն գրուպ» ընկերության մտահղացմամբ եւ պատվերով իրականացրել է «Անտարես» հրատարակչությունը: Ժողովածուն կազմել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Մտահղացումը հետեւյալն է՝ փնտրել եւ գտնել, թե ինչ ելքեր էին առաջարկում մեր գրողները այն ճգնաժամերից, այն աղետներից, որոնք պատուհասել էին մեր ժողովրդին: Այդ ելքերը, ինչպես նաեւ ախտերի արձանագրումները, իրարից շատ են տարբերվում, երբեմն հակասում են իրար: Միակ բանը, որը հաստատ կարելի է ասել՝ մեր գրողներն անկեղծ էին ու սրտացավ, եւ արդեն դրանով դա որոշակի դաս է մեզ՝ այսօր ապրողներիս համար:

Իսկ ճգնաժամերը, ինչպես հայտնի է, մեզնից անպակաս էին՝ այդ թվում, օրինակ, 5-րդ դարում անկախության կորուստը: Եվ օրինաչափ է, կարծում եմ, որ ժողովածուն սկսվում է Խորենացու ողբից՝ դրա «լավատեսական» դրվագից՝ «փոքր ածու» լինելու մասին:

Ժողովածուի մնացած հեղինակներն ապրել են 19-20-րդ, մասամբ նաեւ՝ 21-րդ դարերում: Թե ինչ աղետներ ենք մենք ապրել եւ ապրում այդ ընթացքում, հավանաբար, պետք չէ երկար պատմել: Ցավն այն է, որ այդ աղետների մեր՝ «տեղական» պատասխանատուներն անպատիժ են մնում: «Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ, – գրում է Հովհաննես Թումանյանը 1921 թվականին, – բայց ես ինչ եմ ասում – չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»:

Ընդհանրապես, եթե փնտրում ես ճգնաժամից ելքեր, երբ գնում ես «դեպի աղբյուրը լույսի» (ժողովածուի վերնագիրն է), բնականաբար, պետք է արձանագրես քո մեջի խավարը: Այս գրքում հեղինակները բավականին անողոք են ինքնաքննադատության, հաճախ՝ ինքնախարազանման առումով: «Դատարկ հույսերով ենք ապրում»՝ այդպես է վերնագրված Րաֆֆու՝ 1878 թվականին գրված հոդվածը: Ժողովածուում մեջբերված հատվածում կա հետեւյալ միտքը. «Միայն մենք ուրախանում ենք, երբ եվրոպական որեւիցե լրագիր հայերի մասին ծուռ ու սխալ կերպով մի բան է հայտնել: Մխիթարվում ենք, որ եվրոպացին արժան է համարել արհամարհված հայի մասին խոսել: Մենք մխիթարվում ենք, երբ Եվրոպայի որեւիցե քաղաքում, մի ժողովի մեջ հայկական հարց է բարձրացել: Տեսեք, ասում ենք, մեզ վրա ուշադրություն են դարձնում, մեր բանը պրծած է…»: Մեր այսօրվա «եվրոպական հույսերի» ֆոնին այդ մեջբերումը հատկապես արդիական է հնչում:

Դառը խոսքերը հաճախ բաժին են հասնում մտավորականներին: «Կրնա մարմինը շատ ուժեղ ու շատ գործունյա ըլլալ, բայց երբ ուղեղը խաթարված է, այդ մարմնին շարժումը պիտի ըլլա միայն հիմարական գործունեություն եւ անպտուղ հոգնություն». – 1911 թվականին գրում է Ռուբեն Սեւակն իր «Այլասերում» հոդվածում: Այդ փոխաբերության մեջ մարմինը ժողովուրդն է, ուղեղը՝ մտավորականությունը: Բանաստեղծի այդ, իմ կարծիքով, արդար պնդումն ընդգծում է վերնախավի (ոչ միայն մտավորական, այլեւ տնտեսական, ռազմական, պետական վերնախավի) դերը եւ հերքում է այսօր տարածված այն տեսությունը, որ գաղափարները ծնվում են «ժողովրդի ծոցում»:

Մեկ այլ «մոդայիկ» ուղղություն է այսօրվա Հայաստանում՝ կրոնի, եկեղեցու վրա հարձակվելը, ժողովրդավարությունն ու հավատը հակադրելը: Այդ «թրենդը» տարիներ առաջ զգացել է մեր, կարելի է ասել, ժամանակակից Լեւոն Խեչոյանը. «Եթե գերհզոր տերություններն անգամ, որտեղ դեմոկրատիայի առաջընթացը տասն արդար պատվիրաններին է մոտեցել, չեն հրաժարվում եկեղեցուց, գնալով զորացնում են իրենց կրոնը, առավել եւս մեզ նման փոքրաքանակ, տնտեսապես թույլ ազգը իրավունք չունի չարափառ հարձակումներով քայքայելու առաքելական եկեղեցին»:

Մի խոսքով, որ կողմից էլ նայես, գիրքն արդիական է: Հատկապես 2020 թվականի պարտության համատեքստում: Կարելի է պարտվել (ինչ արած, պատահում է), բայց չխեղճանալ, փալաս չդառնալ: Շահան Շահնուրն այդ առիթով 1929 թվականին գրում է. «Կռիվը սրբազան բան է, ճակատամարտը՝ երբեմն նույնիսկ օգտակար. անոնցմե ազգ մը դուրս կուգա պարտված կամ հաղթական, սակայն երկու պարագային ալ դուրս կուգա: Բայց նահանջը հոգիներու, գլխի պտույտ տվող զառիթափին վրա, նահանջը կջնջե, կանհետացնե ամեն բան»:

Պարտությունը նույնպես կարող է նպաստել ազգաշինությանը: Եթե դրանից ճիշտ հետեւություններ են արվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728