Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպեցա գերմաներեն պատրաստված տեսանյութ մը, ուր վարչապետի Ցյուրիխի հայտարարութենեն ետք՝ արդեն Հայոց ցեղասպանությունը ժխտական ներկայացված է. Յոնաթան Շպանգենբերգ. «Ազգ»

Փետրվար 19,2025 09:30

«Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի հետ»: Փետրվարի 16-ին ՀՀ կառավարության մամլո սույն հաղորդագրությունից հետո Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը ֆբ հարթակում պարզաբանում գրեց՝ «Հանդիպումին չէին մասնակցած ո՛չ Գերմանահայոց թեմը, ո՛չ անոր 16 եկեղեցական միութիւններէն մէկը, ո՛չ ալ Գերմանահայոց կեդրոնական խորհուրդը կամ անոր անդամ համայնքային կազմակերպութիւններէն որեւէ մէկը։ Բացակայ էին նաեւ «Հայաստան» հիմնադրամը, Գերմանահայ իրաւաբաններու, Հայ բժիշկներու, Հայ եւ եվրոպացի մասնագետներու, Հայ գործարարներու, Հայ ակադեմիականներու միութիւնները, ՀԲԸՄ -ն,, ՀՕՄ-ը, Հ.Մ.Ը.Մ.-ը, հայ երիտասարդական տարբեր միութիւններ եւ այլ կազմակերպութիւններ: Չկար մէկ ճանչցուած անձնաւորութիւն կամ մտաւորական»։

– Գիտեի՞ք, որ վարչապետի հետ հանդիպում է կազմակերպվում: Կարո՞ղ է թյուրիմացություն լինել, ասենք հրավերն ուղարկվել է, բայց տեղ չի հասել: Ի՞նչը կարող է լինել հրավեր չստանալու պատճառը:

-Եթե անկեղծ ըսենք, հրավերի հարց ալ չէ: Վերջին շաբաթները տեսանք, որ Ցյուրիխի մեջ, ԱՄՆ-ում, Փարիզում հանդիպումներ տեղի ունեցան: Շատ բան հասկցանք՝ ինչ տեսակ կկազմակերպվին այդ տեսակ հանդիպումները: Ովքե՞ր ներկա կըլլան, չեն ըլլար, պայմաններն ի՞նչ են: Մեզի բավական լուրեր հասան: Բովանդակային իմաստով վարչապետի կողմե բավական սուր հայտարարություններ եղան, որ գերմանահայ համայնքին ալ մտահոգեցին: Մանավանդ ցեղասպանության, ինքնության հարցի վերաբերյալ հայտարարությունները մտահոգիչ մթնոլորտ ստեղծեցին գերմանահայ համայնքին մեջ: Այս առումով  Գերմանահայոց առաջնորդ Սերովբե սրբազանը, ես՝ իբրեւ ԳԿԽ ատենապետ խորհրդակցեցանք, Գերմանիո հայ մտավորականներու, կազմակերպություններու ղեկավարներու ժողով գումարեցինք՝ գիտնալու համար, թե հայ համայնքը ինչպե՞ս պիտի արձագանքե այդ մտահոգություններուն: Ընդհանուր խոսակցությունեն զատ` մոտ երկու շաբաթ առաջ Գերմանահայոց թեմի առաջնորդի հետ նամակ մը ուղարկեցինք ՀՀ վարչապետին, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանին: Ադկե քանի օր ետք տարածեցինք նաեւ մեր միացյալ մամլո հաղորդագրությունը:

-Այդ հաղորդագրությունը հրապարակեցին հայաստանյան ԶԼՄ-ները: Գերմանիայի Հայոց Թեմի եւ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի Համատեղ Յայտարարութիւնը՝ ի պատասխան Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջին շրջանում կատարած յայտարարութիւնների: Դուք նշել էիք վարչապետի արտահայտությունների վերաբերյալ ձեր անհամաձայնությունը, ակնկալելով խոսել հարցերի շուրջ՝ բացառելով սակայն Հայոց ցեղասպանության ուրացումը, ռեւիզիոնիզմը: Ճի՞շտ է:

-Այո, մենք պատրաստ ենք նստելու եւ խոսելու. Մտահոգիչ  արտահայտությունները նոր երես առած են, որը կվտանգե սփյուռքյան էությունն ու ինքնության հարցը: Չենք կրնար լռել: Անշուշտ կարող ենք ենթադրել, որ ասոր հիման վրա մեզի հրավեր չէ ուղարկված, բայց հրավերի հարցն ալ ադքան էական չէ: Իմ անկեղծ կարծիքս հետեւյալն է՝ այս հանդիպումները ուրիշ նպատակ ունին՝ ներկայացնել «իրական Հայաստանի» նոր գաղափարախոսություն մը, որ խորքին մեջ վտանգներ կպարունակե, ինչպես նշեցի: Եթե անկեղծ խոսինք՝ սփյուռքյան այսպես կոչված հանդիպումները համայնքներու ներկայացուցիչներու հետ շոուի մեկ տեսակ մըն է:

-Չենք կարող մոռանալ այն հանգամանքը, որ Դուք՝ հարգելի Յոնաթան Շպանգենբերգ, գերմանացի եք, եւ այսօր Բեռլինում բնակվելուց առաջ, ամենահայկական գաղթօջախում՝ Լիբանանում հայոց դպրոցում մկրտված «սփյուռքահայ» եք: Աշխատանքի բերումով ձեր գերմանացի ծնողները Այնճար էին տեղափոխվել, Դուք էլ լիբանանահայ կին ունեք, երկու որդի, որոնք երկու ինքնություն ունեն: Դուք պահել եք ձեր գերմանական ինքնությունը, սակայն ծառայում եք գերմանահայ համայնքին: Գերմանիան զգայուն վայր է: Դուք երբեւիցե լսե՞լ եք Իսրայելում եւ Գերմանիայում ապրող հրեական համայնքի միջեւ նույնաբնույթ հարցերի արծարծում:

-Երբեւէ այսպիսի հարցերի քննարկում չեմ լսած: Այս նոր մոտեցումը կփորձե հայոց, մանավանդ՝ սփյուռքյան իրականության սյուներուն հետ խաղալ: Ցեղասպանությունից փրկված, վերապրող հայությունը Գերմանիա եկած է սփյուռքի գաղթօջախներում՝ Սուրիա, Լիբանանում հաստատվելուց հետո, հետո Թուրքիայեն եկած հայերն են մաս կազմել համայնքին, պարսկահայերըեւ անշուշտ 1990-ականներեն ետք, ԽՍՀՄ փլուզումեն վերջ՝ Հայաստանեն հայեր եկան Գերմանիա: Հայաստանին մեջ ալ շատ թվով հայեր ցեղասպանության վերապրողների ժառանգներն են: Հավաքական հիշողությունը կենտրոնական տեղ ունի: Չեմ տեասծ հրեա մեկը, որ հարցման տակ կդնե հրեաներու հանդեպ ցեղասպանությունը: Չեմ ուզեր բաղդատել հրեաներուն եւ հայերուն իրականությունն այս գետնին վրա, միայն կուզեմ ըսել՝ եղածը շատ վտանգավոր է, եւ իր վնասները հասցուցած է արդեն: Մեկ օրինակ՝ Գերմանիո մեջ Յություբի (YouTube) վրա հանդիպեցա գերմաներեն պատրաստված տեսանյութ մը, ուր վարչապետի Ցյուրիխի հայտարարութենեն ետք արդեն Հայոց ցեղասպանությունը ժխտական ներկայացված է, այդ տաբուն մեկը կտրեց: Այսպիսի վտանգավոր բան մը չեմ կրնար երեւակայել, որ հրեական իրականության մեջ տեղի ունենա:

– Վերջին տարիներին ՀՀ դեսպանությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, ոգեկոչման երեկոների համակազմակերպիչն է եղել: Վարչապետի՝ հայ համայնքի հետ ցյուրիխյան, ամերիկյան հանդիպումներից հետո Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Առաջնորդարանը 110-ամյակի առաջիկա միջոցառումները որոշել է կազմակերպել առանց դեսպանության: Վերջինիս նախկին տարիների նման հրավիրում եք մասնակցելու Բեռլինում եւ Մայնի ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում նախատեսված հիշատակի արարողություններին: Համագործակցությունը չի ընդհատվում:

– Վերջին 7 տարին, մանավանդ սուրբ Պողոսի տաճարին մեջ անցկացվող հիշատակի արարողությանը ՀՀ դեսպանությունը դարձած էր համակազմակերպիչ: Ատկե շատ առաջ հուշահանդեսները ԳԿԽ էր կազմակերպում, վերջին 30 տարին Առաջնորդարանն էլ միացավ, եւ ՀՀ դեսպանությունը հրավեր ստանալով միշտ ներկա կըլլար:

Բավական լավ համագործակցած ենք այս ծիրեն ներս: Այս տարի ալ կխորհեինք միասին կազմակերպել ապրիլ 24-յան միջոցառումները: Առցանց հանդիպում ունեինք դեսպան Ենգիբարյանին հետ, իրեն հաղորդեցինք, որ վարչապետի հայտարարություններու պայմաններուն տակ չենք կրնար այլ որոշում առնել՝ իբրեւ համակազմակերպիչ ընդունել: Կարեւոր քայլ մըն էր, որ մեզնից յուրաքանչյուրն իր որոշումն առավ, այն արտահայտեց դեսպանի հետ զրույցի ժամանակ: Աս չի նշանակեր, որ կխզենք կապերը ՀՀ դեսպանության հետ:

-Մեր թշնամու՝ Թուրքիայի ու Ադրբեջանը ցանկությունն է, որ Սփյուռքը կապը խզի դեսպանության, Հայաստանի հետ: Սփյուռքը վերապրողի ուժ եւ իմաստնություն ունի՝ այդ որոգայթը հեռացնում է: Բավարար համարու՞մ եք գերմանահայ համայնքի ակտիվությունը՝ Արցախի, ռազմագերիների եւ պատանդների ազատարձակման համար աշխատանքը: Մյունխենում ավարտվեց անվտանգության 61-րդ համաժողովը: Հրեաներից չենք սովորում՝ ամենուրեք առիթը չփախցնել, պատանդների տունդարձի պահանջը հնչեցնել հնարավոր բոլոր հարթակներում: Մյունխենի անվտանգության համաժողովին Հայաստանից ակնկալվում էր նրանց մասին հիշեցում: Հայ համայնքն էլ կարող էր տարբեր վայրերում, նաեւ Մյունխենի փողոցներում հիշեցնել Բաքվում մեր ռազմագերիների, պատանդների մասին: Մյուս կողմից՝ հինգշաբթի օրվա ահաբեկչական գործողությունը միգուցե պատճառ դարձավ, որ փողոցում նման գործողություններից զգուշանան: 

– 2024-ի ապրիլի 24-ին, երբ Մորենո Օքամփոն Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում հյուր բանախոսն եղավ, այնուհետ Բեռլինում, Բունդեսթագում տարբեր հանդիպումներ, իրավապաշտպան կառույցների հետ ասուլիս տվավ Արցախի հարցի, ռազմագերիների ազատարձակման թեմայով, առիթ ստեղծվեցավ հանդիպիլ Մյունխենի անվտանգության համաժողովի նախկին նախագահ Վոլֆգանգ Իշինգերի հետ: Այդ հանդիպմանը ներկա էի եւ, այլ նյութերի կողքին բարձրացվեցավ հատկապես հայ պատանդների, ռազմագերիների թեման Բաքվի մեջ: Իշինգերն 2024-ին մեզ ուշադրությամբ լսեց եւ ըսավ, թե տեղյակ է եւ կօգնե այդ հարցով: Նա խնդիրը չանտեսեց, լրջորեն ընդունեց Օքամփոյի ասածը, այլ փակագծեր չեմ կրնար բացել: Այս աշխատանքը Գերմանիո քաղաքական դաշտեն ներս մեր կարելիություններուն համեմատ կընենք:

Մեր հնարավորություններն ալ ադքան հզոր չեն, բայց հարցը բարձրագույն օղակներուն մեջ ներկայացուցած ենք: Ցույցերն ալ մաս կկազմեն ընդհանուր ռազմավարության: Ամեն ինչ հրապարակային չէ սակայն: Այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովին մեծ առիթ էր ռազմագերիների, պատանդների հարցը ներկայացնել տարբեր շրջանակների միջոցավ: Վարչապետը միշտ կխոսի, թե ՀՀ քաղաքացիներուն կպաշտպանե: Բաքվի բանտերում ՀՀ քաղաքացիներ են, կարող էր այս հարցի մասին խոսել: Վերին խավերն ալ հարցին տեղյակ են եւ եթե մեր պահանջը, աշխատանքը տարբեր կողմերեն գա՝ պետությունը, սփյուռքը մասնակցին, կհաջողինք:

Համագործակցած ենք մարդու իրավունքների պաշտպան գերմանական տարբեր հաստատություններու հետ, եւ իրավացի եք, ավելին կրնանք ընել: Պզտիկ ցույցերը նույնիսկ կրնան արդյունավետ ըլլալ: Պիտի ավելին ընենք: Ուրախ պիտի ըլլայի, եթե Մյունխենի մեջ վերջին համաժողովի ժամանակ ռազմագերիներին ազատ արձակելու մեր պահանջը ներկայացուցած ըլլայինք: Գիտեի, որ հայ համայնքի խումբ մը ակտիվիստներ կպատրաստվեին պատանդների վերաբերյալ ուշադրություն հրավիրել, սակայն հինգշաբթի օրվա ահաբեկչական դեպքը զգուշավոր դարձուց:

Միջազգային համաժողովներու ընթացքին պիտի այս հարցը թիրախավորել, որ չմոռցվի: Համաշխարհային գետնի վրա հայերը բավական աշխատանք տարած են այս ուղղությամբ: Տարբեր խմբեր կաշխատին այս նպատակին շուրջ, սակայն նորեն պետք է ամեն անհատ մտածե՝ի՞նչ ձեւով կրնա մասնակցիլ: Բոլորիս մասնակցության պարագային պիտի հաջողություն ունենա: Չէ՞ որ տեղի ունեցածն ահավոր է: Չեմ կրնար երեւակայել անձ մը, որ կանտեսե մեր հայ եղբայրներու այսպիսի ողբերգությունը, անկախ քաղաքական կեցվածքից: Իրենց տեղը Բաքուն չէ: Իմ տպավորությամբ՝ պետական մակարդակով աս հարցն անտեսած են:

 

Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ,

Գերմանիա

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728