Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստ էր նշանակված, սակայն մեղադրյալը փետրվարի 4-ին մահացել է։ Դատավոր Ռիմա Առաքելյանը մահվան հիմքով կարճել է գործը։ Քաղաքացի Վահան Մանասերյանին մեղադրանք էր ներկայացված վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հոգեկան ներգործություն գործադրելու հոդվածով։ Չնայած գործը կարճվել է՝ Վահան Մանասերյանին մեղսագրվող արարքն ինքնին ուշագրավ և խնդրահարույց է։
Այսպես՝ «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ «Վահան Հայկազի Մանասերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով Բագրատ սրբազանի գլխավորած երթին, լրագրողների կողմից հնչեցրած հարցերին պատասխանելու ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր պետական գործունեության կատարման կապակցությամբ, ձեռքին նախապես վերցրած ձեռնափայտի գործադրմամբ՝ այն թափահարելով, նրան տվել է առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ հայտարարելով, որ խոստանում է ձեռնափայտով հարվածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին, որպիսի պայմաններում և իրադրությունում եղել է այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ»։
Վերը նկարագրված արարքը որակվել է Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով։ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածը վերնագրված է՝ «հոգեկան ներգործություն»։
Դրա 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերը սահմանում են անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։
Կարդացեք նաև
Այսինքն՝ տվյալ իրավիճակում Վահան Մանասերյանի ձեռնափայտը դիտարկվել է որպես մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկա, որով, ըստ մեղադրանքի, Վահան Մանասերյանը սպառնացել է Նիկոլ Փաշինյանի առողջությանը։ Ինչպես տեսնում ենք, որպեսզի արարքը որակվի հոգեկան ներգործություն, պարտադիր պայման է, որպեսզի սպառնալիքը լինի իրական։
Իսկ ինչպե՞ս է գնահատվել, որ Նիկոլ Փաշինյանի առողջությանը սպառնալիքը եղել է իրական։ Մեղադրյալի փաստաբան Վահե Մարգարյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ իրական սպառնալիք առկա չի եղել՝ հրաժարվելով լրացուցիչ մեկնաբանություն տալ։
Մեր հարցին, թե ինչպես է գնահատվել, որ տվյալ իրավիճակում Փաշինյանի առողջությանը սպառնալիքը եղել է իրական, Դատախազությունից ևս հրաժարվեցին մեկնաբանել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում