«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է՝ եվրոպական երկրները կներգրավվեն ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ բանակցություններում։
Երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Էր-Ռիադում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է. «Մենք փնտրում ենք Ուկրաինայի պատերազմի արդար և մնայուն լուծում»։
«Նպատակն է վերջ տալ այս հակամարտությանը արդար, տևական, կայուն և ընդունելի ձևով բոլոր կողմերի համար»,- լրագրողներին ասել է Ռուբիոն՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները։
Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսի տարածած հայտարարության մեջ նշված է, թե կողմերը պայմանավորվել են «նշանակել համապատասխան բարձրաստիճան թիմեր՝ սկսելու աշխատել Ուկրաինայի հակամարտության արագ ավարտի ուղղությամբ»։
Կարդացեք նաև
Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ եվրոպական երկրները պետք է ներգրավվեն պատերազմի ավարտի շուրջ բանակցություններում, և առկա են Ռուսաստանի հետ «գործընկերության բացառիկ հնարավորություններ»։
«Դրա բանալին այս հակամարտության դադարեցումն է»,- ասել է Ռուբիոն։
«Սա կարևոր քայլ է դեպի խաղաղություն»,- իր հերթին նշել է Բրյուսը։
«[Կողմերը պայմանավորվել են] հիմք դնել ապագա համագործակցության համար՝ փոխադարձ աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի և պատմական տնտեսական և ներդրումային հնարավորությունների շուրջ, որոնք կառաջանան Ուկրաինայի հակամարտության հաջող ավարտից հետո»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը։
Մարկո Ռուբիոն հավելել է, թե համոզված է, որ Մոսկվան պատրաստ է ներգրավվել լուրջ գործընթացի մեջ՝ պատերազմը դադարեցնելու համար։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը նշել է, թե հետագա բանակցությունները կենտրոնանալու են տարածքների ու անվտանգության երաշխիքների ուղղությամբ։
«Սա պետք է լինի պատերազմի վերջնական ավարտ, այլ ոչ թե ժամանակավոր»,- ասել է Ուոլցը։
«Բանակցություններն օգտակար էին, ռուսական և ամերիկյան պատվիրակությունները լսեցին միմյանց և պայմանավորվեցին պայմաններ ստեղծել երկու երկրների միջև համագործակցության լիարժեք վերականգնման համար»,- երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այսօր մենք մեր գործընկերներին բացատրեցինք այն, ինչ նախագահ Պուտինը բազմիցս ընդգծել է՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Ուկրաինայի կլանումը ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի Դաշնության շահերին, ուղղակի սպառնալիք մեր ինքնիշխանությանը»,- շարունակել է Լավրովը՝ հավելելով, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի է, ինչպես նաև այնտեղ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերի առկայությունը, նույնիսկ եթե նրանք այլ դրոշի ներքո են։
Թուրքիայում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է վաղը կայանալիք Սաուդյան Արաբիա իր այցը չեղարկելու մասին՝ փաստորեն, ձգտելով ընդգծել Կիևի դիրքորոշումը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունները պետք է վարվեն միայն ուկրաինական կողմի մասնակցությամբ։