ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն Aravot.am-ի զրույցում հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ է «Ակադեմիական քաղաք» գաղափարին, քանի որ այն ռիսկային է։
«Գյումրին շատ-շատ տարբերակներով կարելի է զարգացնել, պետք չէ մարդկանց շեղել, մոլորության մեջ գցել, որ հանուն քաղաքի զարգացման «Ակադեմիական քաղաքը» տեղափոխենք Գյումրի։ Էդ ո՞վ է առաջադրվում՝ ասելով, թե ես առաջադրվում եմ քաղաքի հերը անիծելու համար, բոլորն էլ առաջարկներ ունեն, թե քաղաքի համար լավ բաներ ենք անելու։
Ես «Ակադեմիական քաղաքի» հետ կապված ունեմ իր դիրքորոշումը, սկզբունքորեն դեմ եմ «Ակադեմիական քաղաք» գաղափարին։ Այն իր մեջ լիքը ռիսկեր է պարունակում։
40 հազար, չգիտեմ ինչ թվեր են ասում, երիտասարդություն, ուսանողություն հավաքել մի տեղ, հանրակացարաններում բնակեցնել․․․ Այսօր բոլորս էլ գիտենք, որ նարկոմանիայի դեմ լուրջ պայքար են տալիս, հիմնական շահառուն երիտասարդությունն է, ուսանողությունն է, այն մասսան, որին շեղելը շատ հեշտ է։ Ո՞նց կարելի է մեր երիտասարդներին շեղել, տանել վատ ճանապարհով։
Կարդացեք նաև
Որպես ծնող՝ այդ նույն գյումրեցիներս պիտի հասկանանք՝ մենք այդ ամենի մեջ տեղավորվո՞ւմ ենք, որ մեր աղջիկ երեխային ուղարկենք «Ակադեմիական քաղաք» ու թողնենք բախտի քմահաճույքին։
Ու այդտեղից ի՞նչ աղջիկ ենք հետ բերելու, եթե, իհարկե, կարողանանք դրանից հետո մեր աղջիկներին ու տղաներին հետ բերել Գյումրի քաղաք։ Բայց խնդիրը միայն Գյումրի քաղաքի հետ կապված չէ, երեխաներին կորցնելու վտանգ է սպառնում։
Հարցի մյուս կողմը՝ Գյումրի քաղաքն ունի համալսարաններ, ինստիտուտներ։
Այս պահի դրությամբ ես Գյումրու տեսանկյունից եմ նայում, եթե մենք մարզերից տանում ենք, կենտրոնացնում ենք մի քաղաքում, հասկանալի է, որ մարզերը դառնում են ծերացող, երիտասարդներից ով գնաց Երևան, հետ չի գալու։
Չի կարող այդպես լինել, լավ, ենթադրենք Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է, քչերը վերադարձան, բա մյուս մարզերի հետ ի՞նչ է լինելու։ Բոլոր մարզերը դառնալու են ծերացող մարզեր, բոլոր մանկավարժները ստիպված են լինելու իրենց ընտանիքներից կտրվել, գնալ այնտեղ դասախոսություն անելու։ Չեն անում, մնում են գործազուրկ, շատերի ամուսինները, երեխաները, ընտանիքները համաձայն չեն լինելու թողնել Գյումրի քաղաքը, գնալ «Ակադեմիական քաղաքում» դասավանդելու ։
Սա էլ ևս մեկ պրոբլեմ, չեն գնում, որպես մասնագետներ՝ մնում են գործազուրկ։ Այդ ամենը, որ լավ լույսի ներքո ներկայացվում է, հասկանալի է, բայց մենք այստեղ՝ որպես քաղաքում ապրող մարդիկ, պետք է լավ հասկանանք, գիտակցենք։ Բոլոր մարզերն այդ խնդիրը կունենան։
Եթե ես այս սկզբունքի կողմնակիցն եմ, որը սխալ է, բնականաբար չեմ կարող նաև կողմ լինել, եսասիրություն անել, ու քանի որ նախընտրական շրջան է, փորձեմ չարյաց փոքրագույնն օգտագործել ու ասել՝ լավ, թող բոլոր մարզերը ծերանան, դառնան գործազուրկ, «Ակադեմիական քաղաքն» էլ գա Գյումրի քաղաք»։
ԱԺ պատգամավորը նշում է, որպես գյումրեցի, բնականաբար, կուզենար ծրագիրը Գյումրի տեղափոխվեր, բայց եթե կողմ լինի գաղափարին, որի իրագործման համար 600 միլիոնից ավել գումար է ներդրվել, վաղը մյուս օր չի կարողանալու կռիվ տալ Շիրակի պետական համալսարանի կամ ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը չփակելու դեմ։
«Եթե մենք պատրաստ ենք «Ակադեմիական քաղաքը» բերենք Գյումրիում, ու բոլորս այս նախընտրական շրջանում կռիվ ենք տալու դիվիդենտներ ձեռք բերելու համար՝ «այո, միանում ենք, բերեք Գյումրի», վաղը մյուս օր մենք՝ որպես գյումրեցիներ, չենք կարող կռիվ տալ, որ մեր մանկավարժականը չփակեն, մեր ժողը չփակեն, մեր պոլիտեխնիկը չփակեն։
Ասելու են՝ դուք համաձայն էիք, դուք պատրաստ էիք, հիմա ի՞նչ եղավ, Գյումրի չենք բերում, հիմա պատրաստ չե՞ք։ Իմ կարծիքով սա արհեստական խայծ է է, որը կուլ չպիտի տանք, «Ակադեմիական քաղաքին» սկզբունքորեն դեմ պիտի լինենք»,-ասում է Մարտուն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը նույնպես մասնակցելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններին, հանդես էր եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ Գյումրու զարգացման միջոցներից մեկը կլինի «Ակադեմիական քաղաքը» Գյումրի տեղափոխելը։
Նա բոլոր թեկնածուներին, Շիրակի դաշտավայրի բոլոր բնակիչներին կոչ էր արել միանալ իր սկսած պայքարին, որը զանգվածային քաղաքական արշավ է՝ «Ակադեմիական քաղաքը» Գյումրիում կառուցելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ