Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ Քոչարյանն ինքն է ամեն բան արել, որ բանակցվող տարբերակում տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներն «ամուսնանան». Արուսյակ Ջուլհակյան

Փետրվար 18,2025 20:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եվ այսպես երկար լռությունից հետո խոսեց Քոչարյանը։ Լռությունը խախտելու պատճառ, թերևս, դարձավ  Ազատության՝ ԱՄՆ գաղտնազերծված արխիվների հիման վրա պատրաստված ռեպորտաժը, որով ապացուցվում էր, որ եղել են բանակցություններ Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու շուրջ, մի բան, որ երկար ժամանակ հերքում էին թե՛ Քոչարյանը, թե՛ իր առաջնորդած խմբակցության ներկայացուցիչները։ Մի բան, ինչի մասին երեկ, նույն Ազատության եթերում վկայեց Թոմաս դե Վաալը, որին այդքան շատ սիրում է ցիտել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Եվ ահա, Քոչարյանը և շրջապատը ստիպված են խոստովանել, որ եղել են նման բանակցություններ, բայց բնականաբար փորձում են ներկայացնել դրանք որպես մի «փայլուն» դիվանագիտական հաղթանակ։

Քոչարյանն ասում է․ «Դիվանագիտության արվեստը գլխով պատ կոտրելը չէ, այլ պատի մեջ դուռ փնտրելը»։  Դժվար է չհամաձայնվել այս մտքի հետ։

«Մինչև 1999ը թվականը համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքի տրամաբանությունից, փորձում էին ինքնորոշման իրավունքն «ամուսնացնել» տարածքային ամբողջականության հետ։ Եվ երբ Ալիևն ինձ առաջարկեց փոխանակում, ես մտածեցի, որ դա լավ գաղափար է այդ սկղբունքներից դուրս գալու տեսանկյունից»։

Այս առումով հարկ է հիշել, որ 1997թ․ Փուլային տարբերակը «ամուսնության» որևէ էլեմենտ չէր պարունակում, այնտեղ առհասարակ որևէ նշում տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վերաբերյալ չկար, և դա էին հենց որպես մերժման պատճառ ներկայացնում այդ տարբերակին դեմ արտահայտված պաշտոնյաները, այդ թվում՝ Քոչարյանը։

Վարդան Օսկանյանն իր 2022թ․ ապրիլին հրապարակած հոդվածում պատմում է, որ Քոչարյանենք դեմ էին առաջարկվող տարբերակին, քանի որ փաստաթղթում չկար նշում Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Տեր-Պետրոսյանն իր հերթին հակադրում էր, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի (այսինքն ինքնորոշման) հարցի արծարծումից: Եվ այդ քննարկման ժամանակ, թերևս կիսելով, Օսկանյանի մասին հենց Օսկանյանի ունեցած կարծիքը, որ վերջինս փորձառու և հմուտ դիվանագետ է, Տեր-Պետրոսյանն ասել է․ «Թող Վարդանն ասի՝ արդյոք հնարավո՞ր է երբեւիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ «Պարո՛ն նախագահ, կարծում եմ, որ հնարավոր է»․- պատասխանել է Օսկանյանը։

Եվ առանց տարածքային ամբողջականության սկզբունքի, սակայն ինքնորոշման իրավունքի ամրագրմամբ պայմանագիր կնքելու խոստմամբ Տեր-Պետրոսյանին հեռացրել են իշխանությունից։ Ինչից անմիջապես հետո ստացել են Ընդհանուր պետության տարբերակը, որտեղ կողք կողքի, կամ Քոչարյանի ասած «ամուսնացած» փայլփլել են տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները։ Նույն «ձեռքբերումը» գրանցվել է նաև տարիներ անց՝ Մադրիդյան սկզբունքներում, բայց այդ մասին այլ առիթով։

Ստացվում է՝ Քոչարյանն ինքն է ամեն բան արել, որ բանակցվող տարբերակում տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներն «ամուսնանան»։

Վերադառնալով Մեղրիի տարբերակին․ «Ես այդ փաստաթղթերից եմ իմացել, որ Թուրքիան որևէ դերակատարություն ուներ այդ հարցում, մինչ դա ես չեմ իմացել։ Երկու անգամ հանդիպել եմ Դեմիրելի հետ, ընդհանրապես այդ հարցը չի քննարկվել»․- ասում է Քոչարյանը։ Իսկ երբ Քոչարյանն առաջարկում էր Մեղրին հանձնել Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման դիմաց, չէ՞ր մտածում, որ իր իսկ ջանքերով ղարաբաղա-ադրբեջանականից հայ-ադրբեջանականի վերածված կոնֆլիկտի ասպարեզ նոր դերակատար է բերում, այն էլ Թուրքիայի պես դերակատար։ Թե՞ կարծում էր, որ Թուրքիան պետք է անկյունում կանգնած լուռ ծխի և ձեռքով անի միայն։ Դիվանագիտության այն նուրբ արվեստը, որին, իր իսկ պնդմամբ այդչափ հմտորեն տիրապետում է Քոչարյանը, այդ մասին ոչինչ չէ՞ր հուշում։

«Ես չէի հավատում, որ Ալիևն ինձ հետ դա քննարկում է (Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու հարցի մասին է խոսքը), հա մտածում էի, որ հիմա հետ է քաշվելու»․- ասում է Քոչարյանը։

«Սադարակի բանակցությունների արդյունքը Քի Ուեսթն էր»․- շարունակում են Քոչարյանի թիմակիցները՝ ակնարկելով, որ Քի Ուեսթը Քոչարյանի «փայլուն դիվանագիտության» հերթական հաղթանակն էր։

Իսկ Սադարակի բանակցությունների արդյունքը ինքնորոշման իրավունքի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյաբանական խնդրի, սեփական բնօրրանում անվտանգ ապրելու, ֆիզիկապես կենդանի մնալու համար ինքնորոշվելու անհրաժեշտության՝ միջազգային հանրության աչքերում պրիմիտիվ տարածքային վեճի փոխակերպումն էր։ Եվ, վստահ եմ, Ալիևը նույնպես դժվարացել է հավատալ, որ Քոչարյանն իր խայծը կուլ է տվել՝ համաձայնվելով նման բովանդակությամբ քննարկման։

Դժվար է չհամաձայնել Քոչարյանի հետ առ այն, որ տարածքների փոխանակման ծրագիրը իսկապես դիվանագիտական մաստեր կլաս էր, բայց ցավոք ցույց տրված ոչ թե Քոչարյանի, այլ՝ Հեյդար Ալիևի կողմից, որն այդ քայլով հինգ մատի վրա «ֆռռացրել» է Քոչարյանին և նրան շրջապատող «փորձառու դիվանագետին»։

Եվ վերջում՝ երբ դիվանագիտության արվեստից խոսելով՝ այն վերածում եք արհեստի, գոնե փինաչիություն մի արեք։

Օ՞կ (ինչպես կասեր Քոչարյանը)։

Հ․Գ․ Ասուլիսում արտահայտած այլ խնդրահարույց ձևակերպումներին կանդրադառնամ առանձին գրառումներով առաջիկայում»։

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728