Երևան, 2025թ. փետրվարի 18 – Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ու Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) ս․թ․ փետրվարի 18-ին համատեղ կազմակերպել են «Ագրոզբոսաշրջային ծառայություններ մատուցող ֆերմերների ճանաչելիության բարձրացում» թեմայով համաժողով։
Միջոցառումը միավորեց Հայաստանի ագրոտուրիզմի և զբոսաշրջության ոլորտի կարևոր դերակատարներին՝ խթանելու համագործակցությունը և ընդլայնելու ագրոզբոսաշրջության ազդեցությունը։ Այն անցկացվեց ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (LEAD) և ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրերի շրջանակներում։ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում (LEAD)» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՄԱԿ ՊԳԿ-ի հետ համագործակցությամբ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ տկն․ Լուսինե Գևորգյանը, Հայաստանում ՊԳԿ-ի ծրագրերի համակարգող Բոտագոզ Նարտաևան, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի ղեկավար Հարություն Գևորգյանը և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) գործադիր տնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը։
«Ագրոզբոսաշրջությունը կարևոր ոլորտ է, որը կոչված է ոչ միայն պահպանելու Հայաստանի հարուստ գյուղական ժառանգությունը, այլ նաև ծառայելու որպես ուժեղ տնտեսական շարժիչ մեր գյուղատնտեսական համայնքների համար», նշեց տկն․ Գևորգյանն իր ողջույնի խոսքում։ «Ֆերմերների և զբոսաշրջային օպերատորների միջև կապերի ամրապնդմամբ մենք կարող ենք բացել նոր հնարավորություններ կայուն զարգացման համար»։
Կարդացեք նաև
Միջոցառմանը ներկայացվեցին Լոռու և Տավուշի մարզերից ութ ագրոզբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություններ, որոնք աջակցություն են ստացել ՊԳԿ-ի և ՀՕՖ-ի կողմից։
Այս ձեռնարկությունները ներկայացրեցին, թե ինչպես ագրոզբոսաշրջությունը կարող է նպաստել տեղական տնտեսությունների զարգացմանը՝ առաջարկելով բազմազան փորձառություններ՝ սկսած եզակի հուշանվերների և ավանդական ճաշատեսակների պատրաստումից մինչև գրավիչ ֆերմայում գիշերելը, այն թույլ է տալիս այցելուներին անմիջականորեն ներգրավվել գյուղական կյանքի մեջ։
Շատ երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության և գյուղական ձեռնարկությունների նման համագործակցությունները դարձել են տնտեսական կայունության առանցքային բաղադրիչներ, և այս մոտեցումը մեծ ներուժ ունի նաև Հայաստանի համար։
Միջոցառման կարևորվեց նաև «Ագրոզբոսաշրջային ծառայություններ մատուցող ֆերմերների մարտահրավերներն ու լուծումները» թեմայով պանելային քննարկմամբ, որի ընթացքում հանդես եկան փորձագետներ, այդ թվում ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչ Անահիտ Ոսկանյանը, Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի նախագահ պարոն Մեխակ Ապրեսյանը և այլք։
Մասնակիցները առանձնահատուկ ուշադրություն դարձրեցին ագրոզբոսաշրջության զարգացման գործում կառավարության և մասնավոր հատվածի աջակցության, մարքեթինգային ռազմավարությունների կիրառման, ֆերմերների թվային հմտությունների զարգացման, ինչպես նաև ներքին ու միջազգային զբոսաշրջիկների ներգրավման համար անհրաժեշտ բարելավված ենթակառուցվածքների կարևորությանը։
Միջոցառումն ավարտվեց միմյանց հետ շփվելու հնարավորությամբ, որը թույլ տվեց զբոսաշրջային կազմակերպություններին, քաղաքականություն մշակողներին և ագրոզբոսաշրջային ծառայություններ մատուցողներին հաստատել գոծընկերություն ու քննարկել համագործակցության նոր հնարավորություններ։
Հայաստանում զբոսաշրջության և գյուղական ձեռնարկությունների միջև համագործակցության խթանումը կարող է նպաստել կայուն և դինամիկ ագրոտուրիզմի ոլորտի ձևավորմանը, որը ոչ միայն կպահպանի երկրի ավանդույթները, այլև կապահովի գյուղական համայնքների ներառական ու երկարաժամկետ տնտեսական զարգացում։
Հավելյալ տեղեկություն`
«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում (LEAD)» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՄԱԿ ՊԳԿ-ի հետ համագործակցությամբ։
Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) հայեցակարգի մաս և նպատակ է հետապնդում Տեղական դերակատարներին ու բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ և բարելավել համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողություններն՝ ի նպաստ Հայաստանում ԵՄ ՀԱՏԶ մոտեցման հաջող իրականացմանը և կայունության ապահովմանը։
Ծրագրից ակնկալվող արդյունքներն են՝ տարածքային զարգացման առնվազն հինգ ռազմավարական ծրագրերի մշակումը, հինգ Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ)
ձևավորումը, շուրջ 1000 բնակչի համապատասխան հմտությունների զարգացումը՝ տեղական զարգացմանն ակտիվորեն նպաստելու համար, մարզային և կենտրոնական կառավարման մարմինների 70 ներկայացուցչի հմտությունների կատարելագործումը, շուրջ 150 տեղական նախաձեռնության ֆինանսավորումը։
Բացի այդ, Քովիդ-19 համավարակի հետվերականգնողական միջոցառումների շրջանակներում ծրագիրն աջակցություն կցուցաբերի 160 ընկերության, կստեղծվի 200 նոր աշխատատեղ, աջակցություն կստանա շուրջ 3000 տեղացի բնակիչ։