Լրահոս
Օրվա լրահոսը

Կլիզմայից մինչև պինցետ․ Ահա և վերջ

Փետրվար 18,2025 18:16

Սկսած 2021թ․-ից՝ ասում եմ, որ Հայաստանի մեծագույն խնդիրը բարձրորակ քաղաքական էլիտայի բացակայությունն է։ Ճիշտ հասկացեք, ես չեմ ասում, թե ընդհանրապես չկա քաղաքական էլիտա․ իհարկե, կա, քանի որ եթե կա պետություն, ապա և կա քաղաքական էլիտա, և դա դասագրքային ճշմարտություն է։ Սակայն խնդիրն այն է, որ չկա բարձրորակ քաղաքական էլիտա, որն ունակ է արտաքին քաղաքականության ճիշտ թեզեր առաջ մղել, և սա է հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության գլխավոր ցավը, խնդիրը, խութը։

Այս քաղաքական էլիտայի ողջ ներքաղաքական նարատիվը ինձ պատկերվում է որպես կլիզմայից մինչև պինցետ, մի թեթև կանգառ կատարելով «խիյարը թարսա բուսնում»-ի կանգառում։ Սակայն, եթե ներքաղաքական նարատիվի առումով կարելի է ինչ-որ մի կերպ մատների արանքով նայել, բայց արտաքին քաղաքականության հարցերում անհնար է որևէ ներողամտություն ցուցաբերել, քանի որ դա հղի է պետականության կորստով՝ հաշվի առնելով մեր ծանրագույն մարտահրավերները և բարդագույն տարածաշրջանը համեմված տևտոնական տեղաշարժերով աշխարհակարգում։

Արտաքին քաղաքականության հարցերում ամեն ինչ հանգեցված է պրիմիտիվիզմի՝ շպագատ արևմուտքի առջև, թե Ռուսաստանի։ Կա մեկ լուսավոր, սակայն արդեն տարիքի պատճառով հանգող կետ, որի անունն է Լևոն Տեր-Պետրոսյան, որը նորանկախ Հայաստանի այն միակ առաջնորդն է եղել և շարունակում մնալ, որն ունեցել է քիչ թե շատ կենսունակ, ավելի շատ կենսունակ, արտաքին քաղաքականության հայեցակարգ։

Թերևս պատահական չէ, որ Իրանի դեսպանը հենց իր հետ է անընդհատ հանդիպում և, որի մասին միշտ համապատասխան հրապարակումներն արվում են։ Քավ լիցի, այս մարդու գովքը չեմ ցանկանում անել և չեմ պատրաստվում, որովհետև նա էլ իր հերթին մի մեծագույն բացթողում կատարեց՝ չստեղծեց ուժեղ ժառանգորդ, որը Հայաստանի քաղաքական օրակարգում կշարունակեր իր կենսունակ արտաքին քաղաքականության վեկտորը բաց պահել հանրային օրակարգում և կստեղծեր համապատասխան դիսկուրս։ Չկարողացա՞վ, թե՞ չցանկացավ բնավորության պատճառով՝ այլ հարց է, սակայն ունենք այն, ինչ ունենք։

Այսքան պարզունակ արտաքին քաղաքականության մոտեցումները պարզապես սարսափեցնող են, քանի որ դա հղի է հայոց պետականության հերթական կորստով։

Այն, ինչ առաջարկվում է ընդդիմության կողմից, կարծես թե գլխիկոր ամբողջական և անվերադարձ տրվելն է Ռուսաստանին, որը փրկություն չէ բացարձակապես։ Եվրաինտեգրման կողմնակիցների գիծն էլ, արդեն Թրամփ-Մասկյան իրականությունում, պարզապես քաղաքական ռոմանտիզմ է, որը կրկին հանգեցնելու է Հայաստանի զրոյացմանը։ Փաշինյանական «բալանսավորված և բալանսավորման» քաղաքականությունն էլ կարծես թե այլևս չի արտացոլում Հայաստանից դուրս աշխարհում տիրող իրականությունից բխող մեզ համար մարտահրավերներն ու վտանգները։

Արևմուտքում արդեն գրեթե նվազագույնը 10 տարի օրեցօր թափ էր հավաքում դժգոհությունը նեո-լիբերալների աբսուրդի հասնող, երբեմն ագրեսիվ բոլշեվիզմ հիշեցնող, քաղաքական հավատամքի ակտիվ ներդնումը թե՛ իրենց մոտ և թե՛ աշխարհով մեկ։ Արևմուտքը չէր ցանկանում լսել պահպանողականների դժգոհությունը՝ կապված 70-ից ավելի գենդերների տխմարության հետ, և համընդհանուր բարոյականության հիմնարար սյուների քանդման հետ։ Թրամփի երկրորդ գալստով այժմ Արևմուտքը շատ պարզ և հստակ լսեց այդ ամենն, որի պսակն էր Թրամփի փոխնախագահ Վենսի սթափեցնող ապտակը Մյունխենում։ Աշխարհակարգը փոխվում է ու սրընթաց է փոխվում։ Այսօր Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ռուսաստան մեկնարկած երկխոսությունը դրա վառ ապացույցն է։

Արեւմուտքն այլևս միասնական չէ․ Կա ԱՄՆ, որը պահպանողական է արդեն, շարունակում է պաշտպանել Իսրայելին և ցանկանալ Իրանի վերջնական չեզոքացումը, ու Չինաստանի զսպումը և բացարձակապես իր համար միևնույնն է Ուկրաինայի ճակատագիրը։ Կա ԵՄ, որը բաժանված է մի կողմից Օրբանով, Ֆիցոյով, Դուդայով, և այլոցով, և մյուս կողմից՝ Մակրոնով, Շոլցով, որոնք սակայն հեռանում են։ Եվ կա Միացյալ Թագավորություն, որը շարունակում է կենսագործել դարեր ի վեր իր համար սիրելի «Հոյակապ իզոլյացիայի» քաղաքականությունը, թողնելով Եվրոպային մենակ, երբ իր համար դա շահեկան է, և միշտ հիշում է Բաքվում իր ահռելի ներդրումների մասին և դրանց պաշտպանության անհրաժեշտության մասին։

Ռուսաստանն այս արյունաքամ պատերազմից հաղթանակով է դուրս գալիս արդեն։ Թրամփը, բացառիկ պրագմատիկ և ռեալիստ է, և նա չի զիջելու Ուկրաինան Պուտինին առանց դրա դիմաց ստանալու համարժեքը՝ Իրանը։ Պուտինը ևս բացառիկ պրագմատիկ և ռեալիստ է, և նա հստակ գիտակցում է, որ Ուկրաինայում պատերազմի շարունակությունը կործանարար է Ռուսաստանի համար, իսկ սկսել պայքարել ԱՄՆ-ի դեմ թե՛ Ուկրաինայում և թե՛ Իրանում, պարզապես անհնար է և հղի Սիբիրի կորստով՝ չինացիների թեթև ձեռքով։ Ռուսաստանը կստանա Ուկրաինան զիջելով Իրանը։

Իրանը մնում է մեն-մենակ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ, և միակն ում հետ կարող է հույս կապել՝  Չինաստան ու Հնդկաստանն են։ Իրանը չկարողացավ ցույց տալ Իսրայելի հանդեպ իր գերակայությունը և դա ևս մեկ գործոն է ընդդեմ Իրանի։ Արաբական աշխարհը շարունակում է պառակտված մնալ և Իրանը չի կարող նրանց վրա հույս դնել։ Դրան գումարած՝ Թրամփի գալով ակտիվանալու է Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը, իսկ Թուրքիան գոնե որոշ ժամանակ կլռեցվի իր պոռթկումներում մահմեդականների առաջնորդ լինելուց, ինչը գոհունակությամբ կընդունեն սաուդիները, որոնց համար իդեալական է ստացվում ամեն ինչ․ մահմեդական աշխարհում առաջնորդության իրենց երկու ավանդական հակառակորդները կլռեցվեն, և իրենք կմնան միակ առաջնորդը։

Իրանից հետո Չինաստանն է լինելու Թրամփի հաջորդ ախոյանը, որի հանդեպ ռեալ քայլեր կձեռնարկվեն, բայց Չինաստանը դեռևս ունի բավականաչափ ժամանակ, և գտնվում է ամենից շահեկան դիրքերում։ Հնդկաստանը չափազանց շատ է ցանկանում դուրս գալ միջազգային բարձր բեմահարթակ և դիտվել Չինաստանին հավասար, սակայն Հնդկաստանը չափազանց շատ է կախված Արևմուտքից ու ԱՄՆ-ից, և եթե ռեալ ընտրություն կատարելու պահանջ լինի, ապա չի ընտրելու Իրանին։ Այսինքն, Իրանի ռեալ միակ հույսը դա կարող է լինել Չինաստանը։

ԱՄՆ-ն ամեն կերպ կցանկանար Չինաստանին ներքաշել որևէ երկարատև կրակի մեջ, որպեսզի նրանք չխանգարեն, սակայն ընդամենն ունի երեք տարբերակ, որոնք երեքն էլ անիրականանալի են։ Հնդկաստանը չի գնա բաց առճակատման ընդդեմ Չինաստանի, քանի որ դա քաղաքական ինքնասպանություն կլինի նրանց համար․ Չինաստանը չի գնա Սիբիրի անեքսիայի, քանի դեռ ռուսները պայքարում են մեկ ճակատում միայն՝ Ուկրաինայում։ Կորեական թերակղզում որևէ արկածախնդրության հրահրում ամերիկացիների կողմից՝ Չինաստանին այդտեղ ներքաշելու համար, անհույս է, քանի որ ընկեր Ընը, առաջինն իր բալիստիկ հրթիռներով կհարվածի ԱՄՆ-ին ու նոր միայն իր եղբայրակից հարավցիներին։

Այսինքն, Իրանը կարող է հույսը դնել Չինաստանի վրա միայն, եթե վերջիններս դա ցանկանան։

Եվ ի՞նչ է ստացվում մեր համար։ Անխուսափելի բախումներ Իրանի հետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի ներգրավմամբ, որտեղ ՌԴ-ն լուռ է լինելու, իսկ Իրանն էլ միայն կարող է ունենալ Չինաստանի աջակցությունը։

Ռուսաստանի առաջ բաց շպագատն և տոտալ վերադարձը կարող է ապահովագրել մեզ հնարավոր այդ բախումից, սակայն դա հղի է 5 րոպե անց միութենականացմամբ և 10 րոպե անց դաղստանացմամբ։ Իրանի դեմ դիրքավորվելը հղի է 5 րոպե անց թուրքացմամբ, որովհետև ԱՄՆ-ն չի փոխելու Ադրբեջանին և Թուրքիային Հայաստանով Իրանի դեմ պայքարում և պարզապես անհնար է ու ծիծաղելի տեխնիկական առումով անգամ։ Թրամփի մոտ «Առաջին Քրիստոնեա Պետություն» քարոզելը կստեղծի որոշակի սիմպատիա, բայց չի փոխելու նրանց որոշումները։ ԵՄ-ի հետ մերձեցումը հիմա, պարզապես ցնորք է և «երազի հետևից վազել»։

Ի՞նչ անել։ Շարունակել ավելի սերտ աշխատել արաբական աշխարհի հետ, որովհետև արաբական աշխարհն անգամ Իրանի չեզոքացման պարագայում, երբ մահմեդական աշխարհի թուրքական առաջնորդությունը կապալեգիտիմացվի, միևնույնն է՝ կշարունակի չցանկանալ նրանց թուլացումը։ Շարունակել Հնդկաստանի և Իրանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը։ Ստեղծել Ռուսաստանի հետ ռուսների համար ընկալելի հարաբերություններ՝ առանց շպագատի։ Ով սիրում է իրենց, ապա և խաբում է իրենց․ ռուսները այսպես են ամեն ինչ ընկալում՝ չի կարելի ամբողջովին տրվել իրենց։ Հայ-չինական հարաբերությունների նոր զարթոնք է անհրաժեշտ և ի հեճուկս Արևմուտքի և նախկին ստացած վիրավորանքների՝ պետք է սկսել նրանց հետ սերտ աշխատանքն, ովքեր այստեղ կարծես թե այլևս այն աստիճան հնարավորություն չեն տեսնում աշխատանքի, որ եթե չեմ սխալվում՝ դեռևս շարունակում են չունենալ նոր դեսպան։

Այս ամենին գումարած՝ աշխատանք է պետք սկսել Եթովպիայի հետ, որոնք միակ մեր հոգևոր եղբայրներն են ու ովքեր հանդիսանում են Աֆրիկայի թոփ 5 ուժեղագույն տնտեսություններից մեկը։

Ցավոք սրտի, մենք չենք կարող ունենալ հայկական Շվեյցարիա, և «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչել։ Դա ոչ մեկին պետք չէ, ցավոք։ Եվ մենք չենք կարող ունենալ խաղաղություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, քանի որ դրանց հետ խաղաղությունը նշանակում է Հայաստանի մեկուսացում և ուծացում՝ իրենք չեն հրաժարվելու Հայաստանը վերացնելու իրենց բնական պահանջից, որը նաև ցանկություն է իրենց դեպքում՝ Ադրբեջանի դեպքում ակնհայտ, իսկ Թուրքիայի դեպքում թաքնված։ Քանի դեռ գոյություն ունի Թուրքիա և Ադրբեջան, մենք չենք կարող ունենալ խաղաղություն։

Ու վերջում, որքան էլ ցնորալի թվա, որքան էլ անիրական թվա, սակայն մենք պետք է ունենանք ատոմային պաշտպանություն, որը թշնամական ցանկությունների դեմ հանդիսանում է հուսալի և սթափեցնող միջոց և վահան։

Մենք կամ կդառնանք գործոն, կամ կլինենք գործիք այլոց ձեռքերում։ Ուրիշ տարբերակ մենք չունենք։ Եվ այստեղ է, որ պետք է ունենալ բարձրորակ քաղաքական էլիտա, որը Հայաստանի գործոն լինելու ձգտումն ու առաջնահերթությունը ոչ մի կերպ կասկածի տակ չի դնում։ Քավ լիցի, սրանով կասկած չեմ հարուցում ո՛չ նախկին նախագահների և ո՛չ էլ ներկա իշխանությունների ո՛չ էլ ցանկացած մեկ այլ քաղաքական գործչի հայրենասիրության հանդեպ․ ո՛չ ենթատեքստն է դա ենթադրում, և ո՛չ էլ մտադրություններս են այդ մասին։ Խոսքը, սխալ արտաքին քաղաքական հաշվարկների մասին է միայն և բացառապես։

Վերջում, ընդամենը հիշեցում մեր թշնամիների պատմությունից․ երբ Աթաթուրքը թուրքական պետության քաոսի ժամանակ փորձում էր երբեմնի հզոր պետության փշրանքները հավաքել, Լոնդոնում մեկնարկում էին լուրջ հանդիպումներ, որտեղ հրավիրվեցին թե՛ Աթաթուրքի և թե՛ նրա ընդդիմադիրներին։ Սակայն, երկու կողմերն էլ ունենալով էական հակասություններ, բայց մի բանի շուրջ միաբան էին․ թուրքական նախորդ պետության հողերի հանդեպ իրավունքից մի թիզ չզիջել։ Այ դա է հայրենասեր ու բարձրորակ քաղաքական էլիտան, այ դա է հայրենասիրությունը, այ դա է թուրքական պետականության ինքնապաշտպանական բնազդը, որը սրսկված է բոլոր թուրք պետական այրերի մեջ։

Ի նմանություն թուրքերի, մեր քաղաքական էլիտան իր հաշվարկների կարմիր գիծ պետք է ունենա ընդամենը մեկ բան՝ Հայաստանի գործոն լինելու հնարավորությունները։ Ու սա իր հերթին հանգեցնելու է Հայաստանի ներքաղաքական կյանքում անձանց այլամետության տարբեր պիտակներով պիտակավորման ավարտին․ Մի բան, որն այդքան ջլատում է մեր հասարակության ուժերը։

Խաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

02․18.2025թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728