Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիների ինքնորոշումը միշտ տեղի է ունեցել ցեղասպանական վտանգի ներքո»․ Լարիսա Ալավերդյան

Փետրվար 18,2025 17:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն՝ անկախ նրանից, դա տեղի է ունեցել պատերազմական, թե խաղաղ ժամանակ, անկախ նրանից, թե դա տեղի է ունեցել փոքր խմբի կամ մեծ թվով մարդկանց հանդեպ»,- «Արցախ. Ցեղասպանություն, գաղթ, գոյապայքար» թեմայով գիտաժողովի ժամանակ այսօր ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց, որ 1995 թվականից իրենց ՀԿ-ն առաջ է քաշել մի խնդիր, որ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը հայերի հանդեպ Ադրբեջանի բոլոր գործողությունները պետք է ճանաչի որպես ցեղասպանություն։ Անցել է 30 տարի, բայց այդ դաշտում տանուլ ենք տվել։

«Երբ մենք պահանջում ենք ինչ-որ մի բան, եկեք հստակեցնենք, որ ինքներս ունենք պարտականություններ ազգի առջեւ։ Ըստ Նժդեհի՝ միայն ազգի տականքը չունի որեւէ պարտականություն յուր ազգի առջեւ։ Մինչ այսօր Ադրբեջանի բոլոր գործողությունները՝ սկսած Սումգայիթից, որը միջազգային հանրության կողմից բնութագրվել է որպես ցեղասպանություն, նորանկախ Հայաստանի որեւէ խորհրդարան չի ճանաչել որպես ցեղասպանություն։ ՀՀ-ն չի ընդունել որեւէ որոշում՝ Սումգայիթում եւ Բաքվում պաշտոնապես ճանաչված զոհերին որպես հատուկ խումբ ճանաչելու մասին։ Այդ ընտանիքները մնացել են որպես ընտանիքներ, որոնք որդիները զոհվել են «խուլիգանական բախումների» ժամանակ»,- հավելեց նա։

Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով արցախցիների ինքնորոշման իրավունքին, ասաց, որ ինքնորոշումը միշտ տեղի է ունեցել ցեղասպանական վտանգի ներքո։ «Ինքնորոշման իրավունքը, որն իրականացվել է 1990-ականների սկզբից, դա Հայաստանի գործող քաղաքական վերնախավի կողմից պարտադրված քայլ էր։ Ինչո՞ւ, որովհետեւ այն միացումը, որի ներքո սկսվել էր Ղարաբաղյան շարժումը եւ որի ներքո ընդունվել է հայտնի վերամիավորման որոշումը, փաստում են, որ մենք իրականացրել ենք ոչ թե «սեպարատիստական» կամ «տեռորիստական», այլ ամբողջովին իրավական գործընթաց։ Եվ ահա, դրանից հետո 1991 թվականին ՀՀ քաղաքական վերնախավը միասնական պառլամենտի օրոք որոշում է ընդունում, որ Անկախության հանրաքվեն անցկացվելու է միայն Սովետական Հայաստանի տարածքում»,- ասաց Ալավերդյանը։

Նա նշեց, որ համոզված է՝ Հայաստանում, Սփյուռքում ու արցախցիների շրջանում կան այն անհրաժեշտ ինտելեկտուալ ուժերը, որոնք կարող են փոխել իրավիճակը, որպեսզի այս ամոթալի իրավիճակից դուրս գանք։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728