Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գործողությունները հաճախ հակասում են որդեգրած քաղաքականություններին. զեկույց

Փետրվար 18,2025 17:44

Համընդհանուր պարբերական դիտարկման նախալսումներ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ. զեկույց

Հայաստանի Հանրապետությունը 2014 թ․-ից որդեգրել է հոգեկան առողջության ծառայությունների ապակենտրոնացման և ապաինստիտուցիոնալացման քաղաքականություն՝ ընդունելով մի շարք ռազմավարական փաստաթղթեր։ Չնայած դրան՝ պետության գործողությունները հաճախ հակասում են որդեգրած քաղաքականություններին, ապակենտրոնացման և ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ պատշաճ միջոցառումներ չեն իրականացվում, բավարար ֆինանսական միջոցներ չեն հատկացվում։

  • Հայաստանում հոգեկան առողջության հիմնական խնդիրներն են իրավական դաշտի անկատարությունը, մարդկանց կարիքներին և իրավունքներին համապատասխան որակյալ ծառայություններին հասանելիության բացակայությունը, մարդու իրավունքների վրա հիմնված ծառայությունների և որակյալ մասնագետների բացը, ծառայությունների և ռեսուրսների անհամաչափ բաշխվածությունը մայրաքաղաքի և մարզերի միջև, հոգեկան խանգարումների վաղ հայտնաբերման և կանխարգելման մեխանիզմների անկատարությունը, հոգեկան առողջության մասին հասարակության թյուր պատկերացումները և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական մոտեցումը ինչպես առողջապահական հաստատություններում, այնպես էլ հասարակության շրջանում:
  • Իրավական դաշտը թեև մշտապես փոփոխվում է, հաճախ չի երաշխավորում հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը կամ հակասում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին։
  • Հոգեկան առողջության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և հաստատությունների դիտարկումներն ու առաջարկությունները պետության կողմից պատշաճ չեն իրականացվում։ Օրինակ՝ դեռ 2017 թ․ Դանիուս Պուրասը՝ որպես ֆիզիկական և հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի չափանիշներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող, Հայաստան կատարած այցից հետո, ի թիվս այլնի, ընդգծել է առողջության առաջնային պահպանման օղակում ընտանեկան բժիշկների կարողությունների զարգացման կարևորությունը հոգեկան առողջության խնդիրների բացահայտման և ուղղորդման համատեքստում, ապաինստիտուցիոնալացման առաջնահերթությունը, անգործունակության ինստիտուտի վերացման անհրաժեշտությունը։
  • ՄԱԿ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեն 2017 թ. իր եզրափակիչ դիտարկումներում նաև առաջարկել է արագացնել ապաինստիտուցիոնալացման գործընթացը, արգելել ոչ հոժարակամ հոսպիտալացումն ու բուժումը և հարկադիր ինստիտուցիոնալացումը և ներդնել որոշումների կայացմանն աջակցման մեխանիզմ՝ գործունակությունից զրկելու փոխարեն: Այնուամենայնիվ, անձինք շարունակում են ապրել հոգեբուժական հաստատություններում, զրկվում են գործունակությունից և հարկադիր հոսպիտալացվում։
  • Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 2020 թ․ մարտի 18-ին հրապարակած զեկույցում առողջության իրավունքի ապահովման վերաբերյալ Հայաստանին ուղղված առաջարկությունները հիմնականում վերաբերում են առողջապահական ծառայությունների տրամադրմանը հասարակության բոլոր շերտերին և հատկապես գյուղական համայնքներում։
  • Առողջության իրավունքի ապահովման համատեքստում սույն զեկույցը վերաբերում է հոգեկան առողջության ոլորտի պետական քաղաքականությանը, հոգեկան առողջության ծառայություններին, դրանց մատչելիությանը և հասանելիությանը, ինչպես նաև հոգեկան առողջության վերաբերյալ հանրային իրազեկման խնդրին։

Զեկույցը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ։

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728