«Երեսուն տարի շարունակ Արցախի ժողովրդին ՀՀ-ն տվել է ՀՀ անձնագիր, բայց 2023 թվականի հոկտեմբերի 26-ին պարզվել է, որ այդ անձինք ՀՀ քաղաքացիներ չեն, եւ այդ անձնագրերը, որոնք տրվել են անձանց, չեն հավաստում ՀՀ քաղաքացիության մասին։ Մի բան, որը ՀՀ քաղաքացիության մասին օրենքով սահմանված չէ, այնտեղ հստակ նշված է, որ ՀՀ անձնագիրը համարվում է քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ»,- «Արցախ. Ցեղասպանություն, գաղթ, գոյապայքար» թեմայով գիտաժողովի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ պրակտիկան փաստում է հակառակը՝ եթե արցախցիներին տրված անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են, ինչպես ՀՀ իշխանություններն են ասում, դրանք չպետք է հնարավորություն տային այդ անձնագրերով ՀՀ ներսում որոշակի իրավահարաբերությունների մեջ մտնել։ Իսկ այդ անձնագրերն ամբողջությամբ ապահովում էին ՀՀ ներքին կյանքում ՀՀ քաղաքացիներին հավասար տարբեր իրավահարաբերությունների մեջ մտնելու գործընթացը։ Օրինակ՝ հողի նկատմամբ սեփականության իրավունքը տրվում է միայն քաղաքացիներին։ Արցախցիներից շատ-շատերը ՀՀ-ում հողի նկատմամբ սեփականություն ունեն։
Մեկ այլ օրինակ է այն, որ 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ դատարանների վճիռներով 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել են նաեւ Հայաստանում գտնվող արցախցիները։ Հարյուրից ավելի վճիռներ կան, որոնցով դատարանը վերականգնել է արցախցիների իրավունքը ընտրական ցուցակներում։ Այսինքն, Գեղամ Ստեփանյանի խոսքով, 2023 թվականից առաջ ոչինչ չէր հուշում, որ 070 ծածկագրով անձնագիրը ՀՀ քաղաքացիությունը չփաստող փաստաթուղթ է։ Նա ասաց, որ 2023 թվականի որոշումն ավելի շատ քաղաքական որոշում էր, քան իրավական։
«Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը բանակցային սեղանին չկա, արցախցիների վերաբնակեցման կամ բնակարանային ապահովման ծրագրի հիմքում կոմպակտ բնակության կարեւոր պայմանը չկա, արցախցիներին միասնական պահելու եւ Արցախի նկատմամբ պահանջատիրության ուղղությամբ քայլեր չկան։ Եվ գալիս ենք այն կարեւոր եզրահանգման, որ նպատակը ուղղակի Արցախի թեման փակելն է, Արցախը մոռացության մատնելն է։ Եվ այն ամենը, ինչը պարունակում է պահանջատիրության տարրեր, ուղղակի պետք է վերացնել։ Արցախցիների բռնի տեղահանված լինելու կարգավիճակը հենց պահանջատիրությունը պահպանելու կարեւոր տարրերից մեկն է։ Այսօր փորձում են վերացնել այդ կարգավիճակը, ուղիղ ասում են՝ ինչ եղել, եղել է, մոռացեք, նայեք ապագային, Հայաստանն էլ է ձեր հայրենիքը, ինտեգրվեք, շարունակեք ապրել՝ մոռանալով այն իրավունքները, որոնք առկա են Արցախի նկատմամբ։ Հայ ժողովրդի իրավունքները, ես ուզում եմ սա շեշտել, որովհետեւ դրանք ընդհանուր հայ ժողովրդի իրավունքներն են»,- հավելեց Գեղամ Ստեփանյանը։
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ հարցին, որ ՀՀ կառավարության՝ արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագրում ՀՀ քաղաքացիություն ստանալը պարտադիր պահանջ է։ «Մի քիչ աբսուրդային իրավիճակ է ստեղծվում, երբ անձինք, որոնք, ըստ էության, համարվում են ՀՀ քաղաքացիներ, նրանց զրկում ես քաղաքացիությունից կառավարության որոշմամբ, հետո պահանջում են, որ բնակարանային ծրագրից օգտվելու համար դիմեն ու ստանան քաղաքացիություն։ Որեւէ ձեւով հնարավոր չէ հասկանալ դրա հիմքում դրված տրամաբանությունը։ Եվ երբ օբյեկտիվ դիմադրություն է առաջանում, հետո սկսում են մեղադրել՝ բա եթե ասում եք, որ քաղաքացի եք եղել, ինչի՞ համար նորից չեք դիմում ու ստանում քաղաքացիություն։ Եվ մարդիկ պարզ բացատրում են՝ եթե ես քաղաքացի եմ, ինչի՞ համար նորից դիմեմ ու ստանամ քաղաքացիություն»,- նշեց Ստեփանյանը։
Նա հավելեց, որ թվերը վկայում են, որ արցախցիներն այդքան էլ հակված չեն նորից անցնել այդ գործընթացով ու ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Այսօրվա դրությամբ ընդամենը 6-7 հազար արցախցի է դիմել ու նորից ստացել ՀՀ քաղաքացիություն։
«Ուղղակի պետք էր ֆիքսել, որ այս անձինք, ինչպես ՀՀ մյուս քաղաքացիները, օժտված են նույն իրավունքներով։ Դրան զուգահեռ պետք էր ֆիքսել, որ այս անձինք կորցրել են հայրենիք, բռնի տեղահանվել են եւ Արցախի նկատմամբ ունեն վերադառնալու ու մնացած բոլոր իրավունքները։ Ընդ որում, միջազգային իրավունքը վերադարձը կամ այդ հողի նկատմամբ իրավունքը չի փոխկապակցում քաղաքացիության ինստիտուտի հետ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ