ՀԿԴ-ում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Արցախյան 44-օրյա պատերազմում Էջմիածնի «Քիմիկների զորամասի» եւ պայմանագրային զինծառայողների զոհվելու, գերեվարվելու, անհետ կորելու գործով դատական նիստը, որի ընթացքում պետք է շարունակվեր վկա Արարատ Մանուչարյանի հարցաքննությունը:
Սակայն նախագահող դատավորը հայտարարեց, որ վերջինը առողջական խնդրի մասին բժշկական տեղեկանք է տրամադրել եւ չի ներկայացել դատարան, ուստի նրա հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստերին:
Հրավիրվեց մեկ այլ վկա՝ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության բաժանմունքի պետ Ռաֆայել Փնջոյանը, որը տեղի ունեցածի հանգամանքների մասով դատարանին ներկայացրեց նախաքննության ընթացքում քննիչին տված ցուցմունքները: Դրանից հետո ընդհանուր պատկերը կազմելու նպատակով պատասխանեց մեղադրող դատախազ Դավիթ Նավասարդյանի, տուժողների իրավահաջորդ ծնողների եւ հարազատների հարցերին:
Կարդացեք նաև
Կապան-Կովսական (Զանգելան) ավտոճանապարհի Կիրի հանքի հատվածն անցնելու եւ թշնամու շրջափակման մեջ հայտնվելու կոնկրետ դրվագներին եւ մանրամասներին վերաբերող հարցերին Ռաֆայել Փնջոյանի տված պատասխաններն ու մեկնաբանությունները նույնպես տուժողների իրավահաջորդներին հավատ չէին ներշնչում, ինչը նրանք տեղից արտահայտում էին զայրույթի ու վրդովմունքի արտահայտություններով:
Երբ հերթը հասավ ամբաստանյալների պաշտպանների հարցերին, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ ինքը մեկ այլ վայրում դատական նիստ ունի նշանակված եւ խնդրեց վկայի հարցաքննությունը շարունակել հաջորդ դատական նիստում: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ