Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ տեղի ունեցավ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ, Ազգային հերոս Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Փաստաբան Արմեն Անդրիկյանը միջնորդելով փոխել խափանման միջոց կալանքը, հիշեցրեց դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից նշված կալանքի որոշման հիմքերը, որոնք, իր համոզմամբ, ընդհանրապես կապ չունեն իրավաբանության հետ. «Օրինակ, որպես փաստական տվյալ նշված է՝ դատարանն էական է համարում ենթադրյալ հանցանքի բնույթը, դրա բացառիկությունը, քննարկվող հանգամանքների պատմական և զգայուն բնույթը: Այսինքն՝ դատարանն այստեղ պատմական բնույթ է գնահատում ու ասում է՝ հաշվի առնելով, որ զգայական ու պատմական բնույթ ունի այս գործընթացը, պետք է Խաչատրյանը գտնվի կալանքի տակ: Երկու ամսով կալանք է կիրառում Տիրան Խաչատրյանի նկատմամբ, որովհետեւ գտնում է, որ այդ փուլում Տիրան Խաչատրյանը մեղքը չի ընդունել: Դատարանը նաեւ նշել է, որ քրեական դատավարությունը կրում է ճանաչողական բնույթ, այսինքն՝ «ճանաչողական» բնույթից ելնելով Տիրան Խաչատրյանը պետք է կալանավորվի…»:
Պաշտպանի խոսքով, այս գործով ամբողջությամբ բացակայում է հիմնավոր կասկածը եւ իրականությանը չի համապատասխանում Խաչատրյանին մեղսագրվող այն արարքը, թե հոկտեմբերի 11-ի լույս 12-ին, երբ ադրբեջանական զորքերի կողմից բարձունք էր գրավվում, Տիրան Խաչատրյանը հնարավորություն ուներ այլ ուժերի կիրառման պայմաններում կոնկրետ ստորաբաժանմանը հանձնարարություն տալ, բայց միջոցներ չի ձեռնարկել դա անելու, որ մեր յուրային ուժերը նորից ամրապնդվեին իրենց դիրքում. «Մեղադրանքի այս կտորը իրականությանը չի համապատասխանում, որովհետև Տիրան Խաչատրյանը համապատասխան միջոցներ է ձեռնարկել, որ զորախումբը հայտնվի այն վայրում, որտեղ ադրբեջանական զորքերը դեռ չեն ամրացել, սակայն դրա հնարավորությունը չի ունեցել: Տիրան Խաչատրյանի կողմից փորձ է կատարվել կապ հաստատելու նշված ստորաբաժանման ղեկավարի և շտաբի պետի հետ, դա չի հաջողվել: Հաջորդ օրը միայն կապի միջոցով տեղեկացվել է, որ այդ ստորաբաժանման ղեկավարն ու շտաբի պետը զոհվել են»:
Կարդացեք նաև
Փաստաբանի խոսքով. «Պատերազմական գործողություններ են եղել, տեղում որոշումներ են կայացրել թե՛ Տիրան Խաչատրյանը, թե՛ մյուս հրամանատարները, հիմա այդ որոշումներ կայացնելուց հետո անցել է հինգ տարի, քննիչը, դատախազը, փորձագետն իրենց տաք աշխատասենյակներում նստած՝ վերլուծություն են անում՝ այ, որ այսպես աներ՝ այսպես կլիներ, եթե չաներ՝ այնպես կլիներ»:
Փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ հայտարարեց, որ Խաչատրյանը վերջին պատերազմի ժամանակ, լինելով գեներալ-լեյտենանտ, օրհասական պահին զենքը վերցրել ու մտել է կռվի մեջ.
«Երկու ոտքից վիրավորվել է: Լավ, հիմա պետությունը որոշակի պատասխանատվություն ունի՞ այս մարդու նկատմամբ, թե՞ չէ։ Ես պաշտպանական ճառ չեմ ասում: Չեմ ասում արդարացրեք Տիրան Խաչատրյանին: Դրա ժամանակն էլ է գալու: Ես ասում եմ՝ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող, երեք պատերազմների մասնակից, ահագին մեդալների, պատվոգրերի ու շնորհակալագրերի տիրապետող անձ, ազգի նվիրյալ զավակ: 5 տարի քննվող քրեական գործին ոչ միայն չխոչընդոտած, այլ իր գիտելիքներով, ցուցմունքներով ու փորձով օժանդակած անձ, որն իր խնամքին ունի կնոջը, կնոջ մորը, որը բռնի տեղահանվել է Արցախից: Պետությունն ունի՞ պատասխանատվություն այս մարդուն ասելու՝ հարգելի պարոն Խաչատրյան, նախաքննությունն ավարտվեց: Ըստ մեղադրանքի կողմի՝ մեղքը հիմնավորված է, շնորհակալություն, որ այսքան ժամանակ նստեցիք «Վարդաշեն» ՔԿՀ-ում, հիմա վեր կացեք, գնացեք տուն, գործի քննությունը շարունակվում է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Ցոլակ Ակոպյանի ֆեյսբուքյան էջից