«Տնօրինությունից այս պահին մարդ չկա։ Տնօրենը ստեղ չի, փոխտնօրենը ստեղ չի»,- Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի Ջրվեժ հավաքակայանում այսպես դիմավորեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հարցրեց՝ իսկ իրենք ստեղ լինո՞ւմ են: Գեղամ Ասատրյանը պատասխանեց․ «Իրենք միշտ ստեղ են լինում, իսկ ստեղ ասելով՝ հասկանում եմ «Երևանի ավտոբուս»-ի հավաքակայաններում։ Այս պահին կարող է Չարբախում լինեն, կարող է Լենինգրադյանում լինեն, կարող է՝ մյուս հավաքակայանում»։
Ավագանու անդամները փորձեցին պարզաբանումներ ստանալ ավտոբուսի վարորդների և հսկիչ ներկայացող անձանց վարքագծի վերաբերյալ։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը նշեց․ «Երևանի ավտոբուս»-ին պատկանող մեքենաների մեջ Կենտրոն վարչական շրջանի վարչության աշխատակիցներ են եղել։ Դուք չպետք է թույլ տաք՝ որևէ մեկը մտնի ձեր գույքի մեջ և իրականացնի օրենքով իրեն չլիազորված գործողություններ»։
Կարդացեք նաև
Մանուկ Սուքիասյանն էլ վրդովվեց՝ իրենց իրավունքների համար պայքարող վարորդներին աշխատանքից ազատում, քաղաքական պիտակներ եք կպցնում, հետո վրեժ լուծում, բայց ավտոբուսի վարորդին, որը պատկառելի տարիքի մարդուն ավտոբուսից դուրս է հրում, թեթև նկատողություն եք տալիս»։
Ավագանու անդամները նաև անվանական նշեցին, թե որ ավտոբուսներում են նկատվել այդպիսի դեպքեր։ Նաև տեսանյութեր ցույց տվեցին, որտեղ երևում է, որ ավտոբուսի վարորդը հրաժարվում է վարել ավտոբուսը և որպես պատճառաբանություն նշում, որ «քաղաքապետարանից են ասել»։
Գեղամ Ասատրյանը վստահեցրեց․ «Չկասկածեք, հատ-հատ փորձում ենք»։ Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների՝ ավտոբուսում գործողություններ իրականացնելու առիթով էլ այսպես արձագանքեց․ «Ասում եք՝ Կենտրոն թաղապետարանի աշխատակից։ Դա ուղղորդում չէ։ Եթե գիտեք՝ Կենտրոն թաղապետարանի աշխատակից է, ապա փորձե՞լ եք այնտեղից հասկանալ»։
Մանուկ Սուքիասյանը խնդրեց ներկայացնել, թե ինչ պայմանագրով են աշխատում ավտոբուսների վարորդները։
Փաստաթուղթը նայելով՝ ասաց․ «Դա չի ենթադրում ավտոբուս վարելուց հրաժարվել, ոչ էլ ասել՝ եթե չես վճարելու, մի նստի։ Մենք ֆիքսեցինք, որ ձեր ու քաղաքապետարանի տրամադրած աշխատանքային պայմանագրով վարորդն իրավունք չունի ուղևորին շանտաժի ենթարկել՝ կամ իջեք, կամ եթե չեք վճարում, իջեք։ Դրանից բխող ցանկացած միջամտության պատասխանատվությունը կրում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինությունը և քաղաքային իշխանությունը։ Եթե դուք դրան դեմ եք, պետք է նենց կանխեք, որ մնացած վարորդները նման ռիսկ չանեն։ Բայց այս երևույթը տենդային տարբերակով, որ տարածվում է, ցույց է տալիս, որ դա վերևից եկած հրահանգ է։ Եթե այդպես չէ, հերքեք։ Նենց արեք, որ վաղվանից ավտոբուսներում որևէ վարորդ իրեն թույլ չտա կոնֆլիկտի մեջ մտնել ուղևորների հետ։ Եթե էլի նման ահազանգեր եղան, արձանագրելու ենք, որ «Երևանի ավտոբուսը» չի տիրապետում իրավիճակին։ Թե դուք եք ասել, թե իրենք են կոմսոմոլի ակտիվություն ցուցաբերում ղեկավարությանը հաճոյանալու համար, նույնն է արդյունքում։ Բայց եթե վաղն այդ ամենը շարունակվեց, արձանագրվելու է, որ տրանսպորտից ուղևորներին իջեցնելու և ավտոբուսները կանգնեցնելու հրահանգի պատասխանատվությունը կրում է «Երևանի ավտոբուսը» և Երևանի քաղաքապետարանը»։
Մանուկ Սուքիասյանը նաև վստահեցրեց․ «Մեր քաղաքում՝ մանավանդ տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում մարդուն իդենտիֆիկացնելը բավականին հեշտ է դարձել, և տարբեր վարչական շրջանների աշխատակիցներ, որ մտնում են առանց վկայականի, համազգեստի, ներկայանալու, ինչ-որ գործողություններ են կատարում ավտոբուսներում՝ վարորդներին աչքով անելով կամ ոստիկաններին, դա առնվազն կամայականություն է։ Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկման բաժնի աշխատողը ոչ մի գործառույթ չունի տրանսպորտի հետ կապված»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ