«Այն առասպելները, որոնք ժամանակի ընթացքում ոչ միայն հյուսվել են, այլեւ ակտիվ կերպով ներմուծվել են մարդկանց գլուխների մեջ, դրանց եւս մեկ անգամ հնարավորություն եղավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից անդրադառնալու եւ ցույց տալու դրանց սնանկության աստիճանը »,- «Հայելի» ակումբում նշեց արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսում հնչած որոշ դիտարկումներին:
«Մի բան կարող ենք արձանագրել՝ երկրորդ նախագահի օրոք ոչ միայն Արցախը իր նախագահ եղած ժամանակ կարողացավ հաղթանակներ տոնել, այլեւ սկսվեց Արցախի վերականգնման գործընթացը: Բայց նաեւ իր Հայաստան գալուց հետո մենք ունեցել ենք պետության կայացման շրջան, որի ամրապնդման մասն իրականացրել է երրորդ նախագահը: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որը փորձ են անում կոծկել շեղել, խեղել դրվագային, շատ փոքր, ժամանակի ընթացքում բավականին ծավալուն լուսաբանում ստացած երեւույթների հետ կապված՝ մոռանալով այս իշխանության օրոք ամենօրյա սպանությունները:
Հարցերի այն շեշտադրումով եւ այն նպատակով տալը փաստում էր, որ նորից փորձ է արվում նույն ջրաղացին ջուր լցնել, որը տարիներ շարունակ աղացվեց, արդյունքում՝ այս անորակների իշխանությունը հաստատեցին մեր գլխին, պետության գլխին աղետ բերելով»,-հավելեց Ձյունիկ Աղաջանյանը:
Նրա խոսքով. «Այն ամենը, ինչ կապված է երկրորդ նախագահի հետ, բաց դրված է սեղանին: Ցանկացած մեկը, ով որեւէ նպատակով ցանկություն ունի հետաքրքրվելու, թե ինչն ինչպես է, կարող է ուղղակի բացել ու նայել: Նույն գլխավոր դատախազության կայքում կա ամեն բան եւ երկրորդ նախագահի հայտարարագրերն են բաց դրված…
Կարդացեք նաև
Ցավոք, ես այսպիսի մի հանրային բացասական երեւույթ կուզեմ ընդգծել. երբ որ ինչ-որ մեկը հերթական առասպելական փուչիկի ձեւակերպումն է տալիս, եւ ես հակադրվելով ասում եմ՝ այդպես չէ, առաջարկում եմ բացել այսինչ կայքը, այսինչ փաստաթուղթն ու կարդալ, պատասխանը սա է լինում՝ ես այդքան ժամանակ ունե՞մ, թող բացեն, հստակ ասեն: Եթե ժամանակ չունեք, ուրեմն բարի եղեք չկրկնելու չստուգված տեղեկատվությունը: Նույն հաջողությամբ կարող են ձեր վերաբերյալ հազար ու մի տեղեկատվություն տարածել»:
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի ձեւակերպմամբ, Ռոբերտ Քոչարյանը նախորդ մեծ ասուլիսը տվել էր 2022թ փետրվարին եւ նախազգուշացրել գալիք աղետների մասին. «Այս ասուլիսը եւս զգուշացում էր՝ հաշվի առնելով, որ արեւմտյան բլոկը իր ծրագրերն իրականացնելու համար հիմա էլ ձեռնամուխ է եղել՝ ի վերջո հասնելու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կամ Մեղրիի հատվածում Ադրբեջանին որոշակի իրավասություններ եւ արտոնություններ տալուն, իսկ այս իշխանությունները վաղուց համաձայնել են դրան եւ փորձում են գտնել մի մարսելի բանաձեւ, որ կարողանան հանրության մեջ անցկացնել: Ու նախագահի ասուլիսի կարմիր թելը հենց այդ մասին կարեւոր զգուշացումն էր»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ