Ermenihaber.am. Շարունակելով հայ–թուրքական սահմանի բացման թեմայով տնտեսագետների հետ անցկացվող հարցազրույցների շարքը՝ Ermenihaber.am-ի թղթակից Անի Գալստյանը զրուցել է Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի աշխատակից, տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։
– Պրն Միքայելյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ Թուրքիան փակեց սահմանը, և եթե պատճառը արցախյան պատերազմն էր, ապա հիմա ինչո՞ւ չի բացում։
– Իրականում շատ ճիշտ հարցադրում է, որովհետև, եթե Քարվաճառն էր խնդիրը, ապա Քարվաճառն Ադրբեջանը ստացավ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ 2020-ին։ Այսինքն` այդ ժամանակ արդեն Թուրքիայի մեջբերած պատճառը վերացավ։ Սկսենք առաջին փաստից. արդյո՞ք Թուրքիան փակեց սահմանը 1993-ին, ինչպես որ թուրքական պաշտոնական անարատին է։ Ոչ, իրականում սահմանը 1991-ին ուղղակի չի բացվել, այսինքն` նորմալ ռեժիմով, գործնական, ստանդարտ ռեժիմով սահմանը երբեք չի բացվել։ Եղել են առանձին դրվագներ, երբ հիմնականում ԱՄՆ-ի թելադրանքով կամ պահանջով Թուրքիան թույլ է տվել որոշ բեռների անցումը Հայաստան՝ հատկապես հումանիտար բեռներ։ Այս պարագայում սահմանը մեկ-մեկ բացել է։ 1993-ից Թուրքիան արդեն ամբողջությամբ է հրաժարվել սահմանը բացել նույնիսկ հումանիտար հարցերը լուծելու համար։
Կարդացեք նաև
Թուրքիան միշտ է փակ պահել սահմանը։ Ինչո՞ւ։ Պատճառը հետևյալն է։ Առհասարակ ըստ միջազգային իրավունքի՝ պատժամիջոցները, եթե բացառենք ՄԱԿ-ի դրված պատժամիջոցները, առավել ևս տնտեսական էմբարգոն, սահմանի փակումը պատերազմական ակտ են։ Այսինքն, եթե մենք օբյեկտիվորեն միջազգային իրավունքի տեսանկյունից վերլուծենք իրավիճակը, ապա իմ խորհին համոզմամբ, Թուրքիան պատերազմել է Հայաստանի հետ ոչ ռազմական միջոցներով մինչև 2016 թվականը, իսկ 2016-ից հետո սկսել է ռազմական միջոցներով Հայաստանի դեմ պատերազմել և ոչ ուղղակիորեն, այլ հիմնականում Ադրբեջանի ձեռքերով։ Այսինքն` փակ սահմանը պատերազմական գործողություն է եղել։
– Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ փակ սահմանի դեպքում երկու երկրների միջև կա որոշակի առևտրաշրջանառություն։ Հետևո՞ւմ եք աճի կամ անկման տենդենցներին։
– Իհարկե, կա առևտրաշրջանառություն Հայաստանի ու Թուրքիայի միջև։ Եթե նայենք թե՛ Հայաստանի և թե՛ Թուրքիայի վիճակագրական տվյալներին, ապա մենք կտեսնենք, որ Հայաստանից արտահանումը դեպի Թուրքիա հիմնականում եղել 1 մլն դոլարի սահմաններում, բացառությամբ 2022-ի, երբ ոսկի է արտահանվել Թուրքիա։ Դա եղել է կարճաժամկետ և դրանից հետո նորից նույն ցուցանիշին ենք վերադարձել, իսկ Թուրքիայից ներմուծումը դեպի Հայաստան միշտ եղել է և չի արգելվել։
Սահմանի փակման իմիտատորը եղել է միշտ Թուրքիան և փակել է, որպեսզի Հայաստանի զարգացումը թույլ չտա և շարունակելու է դա անել։ Իսկ Հայաստանը փորձում է իր տնտեսական զարգացումը ապահովել և պարզ է, որ երբ ուժային ու ռեսուրսային անհամապատասխանություն կա, այսինքն Թուրքիայի բնակչությունն այդ պահի դրությամբ Հայաստանի բնակչությունից 30 անգամ ավելի մեծ է, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշով հավանաբար 40 կամ 50 անգամ ավելի մեծ է, եթե մենք պարիտետային գներով նայենք, ապա կտեսնենք, որ Հայաստանը ոչ հավասար մրցակցության մեջ կարող է հայտնվել։
Պարզ է, որ Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից եղել է այդպիսի մոտեցում, որ պետք է ու թեկուզ դա ցավալի է, անցանկալի է, որ մենք միակողմանի թույլ ենք տալիս Թուրքիայի ապրանքների ներմուծումը, բայց ամեն դեպքում թույլ տանք, որպեսզի գոնե ինչ-որ չափով բարելավենք մեր իրավիճակը։ Ինչո՞ւ բարելավենք, որովհետև, ամեն դեպքում թուրքական ապրանքները գնային տեսանկյունից, հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, բավականին մրցունակ են և այդ արգելքը կառաջացներ Հայաստանում գների բարձրացում, որը աղքատության պայմաններում, հատկապես 1990-ականներին և 2000-ի առաջին կեսին կլիներ խնդրահարույց բնակչության համար։ Իմ կարծիքով սա էր հիմնական մոտիվը, իսկ հետագայում արդեն ուղղակի ստեղծվել է առևտրականների դաս, որոնք սովորել են Թուրքիայում առևտուր անել և դա վաճառել ՀՀ-ում, դա էլ ինչ-որ տնտեսական ընթացք է ստացել։
– Իրատեսական համարո՞ւմ եք առաջիկայում հայ–թուրքական սահմանի բացումը և արդյո՞ք Հայաստանի տնտեսությունը պատրաստ է դրան։
– Դժվարանում եմ պատասխանել։ Բանակցությունները երբեք չեն դադարել, 1990-ականներից սկսած միշտ եղել են՝ հայ-թուրքական հանձնաժողով կար, 2000-ականների առաջին կեսին, ֆուտբոլային դիվանագիտություն և այլն։ Բոլոր այդ բանակցությունների ընթացքում միշտ փորձ կար այդ սահմանը բացելու, կարելի է ասել, որ հիմա էլ կա, բայց մի շատ լուրջ տարբերությամբ։ Այդ ժամանակ Հայաստանը փորձում էր սահմանը բացել առանց նախապայմանների, այսինքն` բացել այն որպես ուղղակի փաստ, իսկ Թուրքիան միշտ փորձում էր դրա դիմաց բազմաթիվ զիջումներ ստանալ։ Հիմա դա Թուրքիային հաջողվում է։
Այսպիսով իրավիճակը հետևյալն է՝ Թուրքիան փորձում է Հայաստանին վաճառել այդ սահմանի բացումը։ Հիմա Հայաստանն այդ ամբողջ գինը վճարել է, բայց արդյո՞ք Թուրքիան կբացի սահմանը։ Պայմանները Հայաստանն արդեն կատարել է, դիվանագիտական ընթացք կա, նույնիսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, հավանաբար խոսքը գնում է Ռուսաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիների ու հատկապես վերջինիս համար, այլ ոչ թե Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների համար։ Բայց դա էլ չի իրականացվել, որից ես անում եմ ենթադրություն, որ Թուրքիայում իրականում չեն ուզում այդ սահմանը բացել, իսկ նախապայմաններն ուղղակի բերվում էին այն մտքով, որ Հայաստանը որևէ պարագայում դրանք չկատարի, ուղղակի նրանք հաշվի չէին առել, որ Հայաստանը կարող է դրանք կատարել, բայց հիմա էլ այլ պատճառներ են փնտրելու, որպեսզի չբացեն սահմանը։ Ամեն դեպքում ես դժվարանում եմ հստակ պատասխան տալ, թե ինչ է լինելու այս հարցում։
– Այնուամենայնիվ, եթե սահմանը բացվի ավելի շատ կառնչվենք տնտեսական ռիսկերի հետ, թե՞ օգուտների։
– Այստեղ ամենաէական հարցն այն է, թե ինչ պայմաններով է բացվելու սահմանը։ Հասարակական ընկալման մեջ դա հաճախ ընկալվում է որպես ինչ-որ մի փաստ, մի դրվագ, երևույթ կամ իրադարձություն։ Իրականում ցանկացած երկրների միջև տնտեսական հարաբերությունները ենթադրում են բազմաթիվ պայմանավորվածություններ, տուրքեր հարկեր, ձևաչափեր, լոգիստիկա և այլն։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ մենք պետք է հասկանաք, թե ինչ ձևաչափով է բացվելու սահմանը, առևտրային ինչ պայմաններ են լինելու, ոչ ֆորմալ սահմանափակումներ կամ ոչ առևտրային բնույթի սահմանափակումներ են լինելու։
Օրինակ՝ պատկերացնենք սահմանը բացվել է և Թուրքիայում թույլ են տալիս որպեսզի հայկական ապրանքները վաճառվեն միայն Ստամբուլում, իսկ Թուրքիայի մնացած քաղաքներում թույլ չեն տալիս։ Սա ենթադրություն է, ըստ որի, ոչ ֆորմալ առումով կարող են լինել նման սահմանափակումներ, մանավանդ, որ Թուրքիան ամբողջությամբ հատուկ ծառայությունների կողմից վերահսկվող պետություն է։ Այսինքն` պայմաններն են ամենակարևորը և պայմանների վերաբերյալ բանակցելիս շատ կարևոր է ցանկացած երկրի, կողմի բանակցային ուժը։ Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության բանակցային ուժը։ Իմ կարծիքով ահավոր թույլ և գնալով թուլացող։ Նախ որովհետև, եթե դու ամեն ինչի հետ համաձայնում ես, ուրեմն դու ի սկզբանե դատապարտված ես պարտության դիվանագիտական հարաբերություններում, որովհետև դու միշտ պետք է առաջ քաշես ինչ-որ թեզ, պահանջ, որպեսզի հետո գուցե մի քիչ հետ գնաս, բայց Հայաստանը հետ գնալու տեղ էլ չունի։
Նույն տնտեսական հարաբերութունների հաստատման պարագայում համոզված եմ, որ բազմաթիվ զիջումների է գնալու Հայաստանը և դա դառնալու է նոր խնդիր։ Սահմանի բացումը, որպես ինքնանպատակ գործողություն, ի սկզբանե սխալ է եղել, բոլոր Հայաստանի ղեկավարներն այս հարցում սխալվել են, դա չէր կարող լինել ինքնանպատակ և առավել ևս դրա համար չի կարելի որևէ զիջում անել։ Ինչո՞ւ չի կարելի։ Որովհետև սահմանի բացումը Թուրքիայի ձեռքին է՝ ուզում է բացել, բացում է, ուզում է փակել, փակում է և նման դեպքեր մենք ունենք, երբ Թուրքիային ինչ-որ բան դուր չի եկել, օրինակ՝․ Նեմեսիսի արձանի տեղադրումը Երևանում ու փակել է օդային տարածքը։ Այսինքն` հասկանում ենք, որ դա պետության ձեռքում գործիք է և դրա համար որևէ շոշափելի զիջում անել չի կարելի։
Իսկ եթե նույնիսկ հավասար պայմաններում, հավասար հարաբերություններ հաստատվեն երկրների միջև, ապա, իհարկե, Հայաստանի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը գնային առումով մրցունակ չեն , որովհետև տարածքը փոքր է, լոգիստիկան թույլ է, իսկ տեխնոլոգիաները շատ ավելի հետամնաց են և մենք կարող ենք նշել, որ աշխատատեղերը կկրճատվեն, մեր ապրանքակշիռը կփոքրանա շուկայում։
Շատ հաճախ բերվում է Վրաստանի օրինակը, բայց իրականում Հայաստանում շատ ավելի արտահայտված է լինելու, որովհետև Վրաստանում Թուրքիայի սահմանից մինչև Թբիլիսի հասցնել ինչ-որ բան, լոգիստիկ առումով 360-400կմ է կազմում, իսկ Թուրքիայի սահմանից Երևան հասցնել ինչ-որ ապրանք՝ 30կմ է կազմում։ Այսպիսով` լոգիստիկ առումով Թուրքիան շատ ավելի մեծ առավելություն է ունենալու Վրաստանի համեմատ Հայաստանում։ Վրաստանի սահմանակից տարածքները շատ հեռու տարածքներ են լոգիստիկ տեսանկյունից, որովհետև այսօր Սև ծովի լեռնային շրջաններ դժվար է մատակարարումներ իրականացնել։ Նկատի ունեմ, որ թուրքական ապրանքների մատակարարումը հայկական շուկա լինելու է շատ հեշտ և դրա համար պետք է մշակվի լուրջ ռազմավարություն ու քաղաքականություն, որպեսզի առևտուրը Հայաստանին օգուտ բերի, այլ ոչ թե վնաս։ Այդ խնդիրը կարևոր է, դա պետք է իշխանությունները գիտակցեն, դրանով պիտի լուրջ զբաղվեն և փորձեն լուծել։
– Տնտեսական էքսպանսիայի վտանգ սպառնո՞ւմ է Հայաստանին։
– Այո, ավելի քան, բայց կրկին նշեմ, որ շատ բան է կախված պայմաններից, իսկ պայմանները այսօրվա ձևաչափով ակնկալելի է, որ լինում են բարդ, վատ և ոչ բարենպաստ։
Շատ հաճախ տնտեսական հարաբերությունը դիտարկում են որպես առանձին մաս միջազգային հարաբերություններից, միջպետական հարաբերություններից, անվտանգային հարցերից, ինչը սխալ է։ Իրականում տնտեսությունը, քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, մշակույթը, սոցիալական հարաբերություները փոխկապակցված են և պետք է փորձել լուծել խնդիրները ամբողջ համատեքստով։ Տնտեսական հարաբերության զոհ չի կարող դառնալ անվտանգությունը։ Այն միշտ շատ ավելի բարձր կարևորություն ունի ցանկացած պարագայում, այն բազիսային կետ է։
Բացի այդ իմ կարծիքով՝ պետք է շատ լուրջ թե՛ փորձագիտական, թե՛ ռազմավարական աշխատանք տարվի պետության կողմից, որը սահմանների բացման դեպքում թույլ է տալու որպեսզի այդ հարաբերությունները հաստատվեն ճիշտ, կայուն և երկարատև հիմքով, որպեսզի ծառայեն ՀՀ-ի շահերին և բարեկեցությանը։ Եվ եթե իսկապես խնդիր են դնում այն լուծելու, ապա պետք է գիտակցեն, որ դա իրոք պետք է լուծվի, այլ ոչ թե ստեղծվի պատրանք, որ իբրև թե լուծվում են այդ խնդիրները, իսկ իրականում դրանք խորանան։
Սրանք են այն երկու կարևոր ընդգծումները, որ տնտեսական հարաբերությունները չի կարելի հանել ողջ միասնությունից և երկրորդ` փորձագիտական և ռազմավարական լուրջ աշխատանքի խնդիր կա, որը, ցավոք, Հայաստանում չի եղել, քաղաքական գործիչները իրենք են իրենց միջազգային կոնտակտներից ելնելով որոշումներ կայացրել ու փորձագետների հետ շատ քիչ խորհրդակցել նման հարցերի շուրջ։