Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեւական ժամանակ է՝ քննարկվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի լավագույն մոդել ունենալու հարցը: Ունենք նախնական նախագիծ»

Փետրվար 18,2025 16:10

Ազգային ժողովում փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների եւ փորձագետների հանդիպումը: Քննարկումների առանցքում եղել է պատգամավորական բարեվարքության եւ վարքագծի կանոնագրքի թեման:

«Տեւական ժամանակ է քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի լավագույն մոդել ունենալու հարցը: Մենք ունենք նախնական նախագիծ»,- այս մասին հայտնել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ այս գործընթացում բարձր գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ դեռեւս յոթերորդ գումարման խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի եւ պատգամավորի վարքագծի կանոնների մշակման շուրջ աշխատանքները, մի շարք հանգամանքներով պայմանավորված, հետաձգվել էին: Այժմ այդ աշխատանքները վերսկսել են: Ըստ պատգամավորի՝ էթիկայի հանձնաժողով ունենալը կարեւոր է, քանի որ դրանով է պայմանավորված թե՛ խորհրդարանում քաղաքական, ժողովրդավարական մշակույթի զարգացումը, թե՛ առհասարակ քաղաքական համակարգի կայացումը:

«Եթե ունենայինք վարքագծի հստակ կանոններ՝ համաձայնեցված բոլոր խմբակցությունների կողմից, ունենայինք ֆունկցիոնալ էթիկայի հանձնաժողով, ապա դա կարող էր բավականին զսպող ազդեցություն ունենալ պատգամավորների վրա՝ իրենց դրսեւորումների առումով»,- խոսելով խորհրդարանում բարեվարքության ապահովման կարեւորության մասին՝ համոզմունք է հայտնել Արուսյակ Ջուլհակյանը:

«Հաշվետվողականությունը, բարեվարքությունը, թափանցիկությունը ոչ միայն կենսական կարեւորություն ունեն, այլեւ ուժեղացնում ու ամրապնդում են ժողովրդավարության հիմքերը, որովհետեւ դուք ներկայացնում եք ձեր ժողովրդին: Կարեւոր է, որ խորհրդարանի անդամները համապատասխանեն բարեվարքության ամենաբարձր մակարդակին, ժողովուրդն ունենա վստահություն հաստատությունների նկատմամբ: Հետեւաբար, լավ սահմանված վարքագծի կանոնները շատ կարեւոր են թե՛ խորհրդարանների համար, թե՛ մյուս ինստիտուտներին ոգեշնչելու առումով»,- փաստել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերի բաժնի ղեկավար Յուլյա Նետեսովան ու տեղեկացրել՝ առկա են ԳՐԵԿՈ-ի (ԵԽ-ի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ) առաջարկները, որոնցով եւս կարեւորվում է էթիկայի մշտական հանձնաժողովի առկայությունը:

Այնուհետեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդավարական կառավարման հարցերով փորձագետ, ԺՀՄԻԳ-ի հակակառուպցիոն հարցերով համակարգող Նինա Չանթուրիան շնորհանդեսի շրջանակում մանրամասն ներկայացրել է ԺՀՄԻԳ-ի աշխատանքը հանրային էթիկայի եւ բարեվարքության ոլորտում, անդրադարձել ԵԱՀԿ տարածաշրջանում հաջողված մոդելներին: Նշվել է, որ 2007 թվականին ԵԱՀԿ տարածաշրջանում վարքագծի կանոններ ուներ 9 խորհրդարան, իսկ այսօր՝ 43: Մանրամասն անդրադարձ է եղել պատգամավորական բարեվարքության հիմնական հասկացություններին ու մեխանիզմներին, վարքագծի կանոնների իրացման եղանակներին, խախտման դեպքում սահմանված պատժամիջոցներին, հակակոռուպցիոն ուղղություններին, քաղաքականության մեջ կանանց նկատմամբ բռնությունների հայտնաբերմանն ու բացառմանը, շահերի բախման խնդրին: Ներկայացվել են բարեվարքության համակարգի առանձնահատկությունները մի շարք երկրների՝ վարքագծի կանոններ ունեցող խորհրդարաններում:

Հարցուպատասխանի ձեւաչափին հաջորդել է մեր երկրի խորհրդարանում վարքի կանոնագրքի նախագծի եւ պատգամավորական բարեվարքության շրջանակի քննարկումը:

Քննարկման մասնակիցները կարեւորել են ՀՀ խորհրդարանական մշակույթին բնորոշ վարքագծի կանոնների սահմանումը: Կարծիք է հնչել՝ ահրաժեշտ է կայուն մեխանիզմ, որն անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից՝ իր գործառույթն ամբողջությամբ կիրականացնի:

Ավարտին Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է նման հանդիպումները եւ առաջիկայում նմանատիպ քննարկում կազմակերպելու եւ խնդիրներին առավել առարկայական անդրադառնալու առաջարկ հնչեցրել:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728