Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական փողերը հետ են գնում. ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը. Աղասի Թավադյան

Փետրվար 18,2025 15:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միջազգային դրամական փոխանցումների վերլուծություն

Ռուս-ուկրաինական պատերազմը արմատապես փոխեց Հայաստանի տնտեսական պատկերը։ 2022 թվականին Հայաստան մտավ աննախադեպ ծավալի կապիտալ՝ հիմնականում Ռուսաստանից։ Փոխանցումները 2.5 անգամ աճեցին՝ 2.1 մլրդ դոլարից հասնելով 5.2 մլրդ դոլարի։ Միայն Ռուսաստանից ստացված գումարները քառապատկվեցին՝ 865 մլն դոլարից հասնելով 3.6 մլրդ դոլարի։

Այս հսկայական կապիտալի ներհոսքը հանգեցրեց երկու կարևոր փոփոխության։ Առաջինը՝ դրամը կտրուկ արժևորվեց, դոլարը 480 դրամից դարձավ 405 դրամ։ Երկրորդը՝ բանկային համակարգի շահութաբերությունը աննախադեպ աճեց՝ շահույթը գրեթե եռապատկվեց՝ հասնելով 255.6 մլրդ դրամի։ Միայն Ardshinbank-ը գրանցեց 62.2 մլրդ դրամի շահույթ։

Գծապատկեր 1.

Հետաքրքիր է, որ մինչև 2022 թվականը Ռուսաստանից ստացվող փոխանցումների մեծ մասը «խոպանչիների» կողմից ուղարկված գումարներն էին։ Սակայն 2022 թվականից պատկերը կտրուկ փոխվեց՝ փոխանցումները դարձան հիմնականում առևտրային բնույթի։ Այս փոփոխությունը նշանակում էր, որ Հայաստանը դարձել էր ոչ թե աշխատուժ, այլ կապիտալ «ներմուծող» երկիր։ Քանի որ Հայաստանում լիարժեքորեն գործում էր եկամտային հարկի վերադարձի օրենքը, այս կապիտալի զգալի մասը ուղղվեց շինարարության ոլորտ։

Գծապատկեր 2.

2023 թվականին աճի տեմպը նվազեց՝ կազմելով 9.7 տոկոս, սակայն ներհոսքի ծավալը շարունակում էր տպավորիչ մնալ՝ 5.7 մլրդ դոլար։ 2024 թվականին պատկերը նորից փոխվեց։ Դեպի Հայաստան փոխանցումները դանդաղեցին, մինչդեռ Հայաստանից դուրս եկող գումարները զգալիորեն աճեցին։

Առանձնակի ուշադրության է արժանի 2024-ի դեկտեմբերը։ Այդ ամիս միայն Ռուսաստանից մտավ 691 միլիոն դոլար՝ նախորդ ամիսների 300 միլիոնի համեմատ։ Այս կտրուկ աճը առանց որևէ տնտեսական հիմնավորման կարող է վկայել կապիտալի արտահոսքի նոր փուլի նախաշեմին կանգնած լինելու մասին։

Գծապատկեր 3.

Ո՞ւր է գնում փողը Հայաստանից։ Հետաքրքիր է, որ արտահոսքի առյուծի բաժինը՝ 20.3 տոկոսը, բաժին է ընկնում Արաբական Միացյալ Էմիրություններին։ Սա պատահական չէ․ այստեղ է գնում Հայաստանի արտահանման գրեթե կեսը, որը հիմնականում ոսկու և ադամանդների վերաարտահանումն է Ռուսաստանից։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 13.5 տոկոսով, երրորդը՝ Շվեյցարիան՝ 10.5 տոկոսով։ Այս երեք երկրներին բաժին է ընկնում արտահոսքի գրեթե կեսը։

Գծապատկեր 4.

Ամենահետաքրքիր փոփոխությունը տեղի է ունեցել «խոպանչիների» փոխանցումների հետ։ 2013 թվականին Հայաստանի եկամուտների մոտ 20 տոկոսը գալիս էր արտագնա աշխատանքից, երբ 1000 ռուբլին արժեր 12 հազար դրամ։ Այսօր պատկերը լրիվ այլ է․ ռուբլին արժեզրկվել է (1000 ռուբլին՝ 4000 դրամ), իսկ դրամը՝ ամրացել։ Արդյունքում արտագնա աշխատանքից եկամուտների կշիռը ՀՆԱ-ում իջել է 4 տոկոսի, որից ընդամենը կեսն է գալիս Ռուսաստանից։ Երեկվա «խոպանչին» այսօր Երևանում նորակառույցներ է կառուցում։

Գծապատկեր 5.

Մեր վերլուծություններում տեսնում ենք տնտեսական հնարավոր անկման նախանշաններ։ Կապիտալի ներհոսքի կրճատումը (9.7 տոկոս աճը 2024-ին՝ նախորդ տարվա 146 տոկոսի համեմատ) և արտահոսքի աճը (14.7 տոկոս) լուրջ մարտահրավեր են ներկայացնում բանկային համակարգի կայունության համար։ Չպետք է թույլ տալ, որ վերջին երկու տարիների տպավորիչ թվերը մթագնեն իրական պատկերը։ Ռուսաստանից կապիտալի ներհոսքով և ոսկու վերաարտահանմամբ պայմանավորված տնտեսական աճը կարող է ունենալ ժամանակավոր բնույթ։ Անհրաժեշտ է իրատեսորեն գնահատել մեր տնտեսական հնարավորությունները։

* Նշենք որ որոշակի տերմինաբանական թյուրըմբռնում կա տրանսֆերտներ և բանկային փոխանցումներ եզրույթների միջև։ Բանկային փոխանցումները իրենց մեջ ներառում են բոլոր տիպի փոխանցումները՝ նաև կոմերցոն նպատակով։ Տրանսֆերտները միայն ֆիզիկական անձանց կողմից կատարված ոչ կոմերցիոն փոխանցումներն են, անգլերեն այս եզրույթը անվանում է “remittances”։ Շփոթմունք է առաջացնում այն, որ անգլերեն “transfers” եզրույթը վերաբերում է բոլոր տեսակի կոմերցիոն և ոչ կոմերցիոն փոխանցումներին։ Գծապատկերներում անգլերեն “transfers” եզրույթը ներկայացնում է բոլոր տեսակի կոմերցիոն և ոչ կոմերցիոն դրամական փոխանցումները։ Այս վերլուծության բոլոր տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրներից, մասնավորապես՝ Կենտրոնական բանկի տվյալներից։ Հաշվարկները և կանխատեսման կոդը ամբողջությամբ հասանելի են github-ում, դրանք կարելի է ստուգել այցելելով github-ի մեր էջը, որտեղ տրված են տվյալները, հաշվարկների և գծապատկերների կոդը։

Աղասի Թավադյան

Tvyal.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728