Օրերս ականավոր դաշնակահար, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների մրցանակակիր, այդ թվում՝ Չայկովսկու 15-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր և ոսկե մեդալակիր Դմիտրի Մասլեևը ելույթ ունեցավ Երևանում:
Համերգը տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, վերջինիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Կարդացեք նաև
Մասլեևի կատարմամբ հնչեց Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը: Նրա ելույթը մեծ ոգևորությամբ ընդունվեց երևանյան հանդիսատեսի կողմից:
Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը այս ժանրի ամենածավալուն, վառ ու տպավորիչ ստեղծագործություններից է: Այն հանդիսանում է Ռախմանինովի 1900-ականների կոմպոզիտորական արվեստի գագաթը, որն ամփոփում է նրա ստեղծագործական փնտրտուքների այդ շրջանը: Այստեղ Ռախմանինովի ստեղծագործական ինքնատիպ անհատականությունը կրկին արտահայտվում է իր ողջ հզորությամբ և անկրկնելի պոետիկ հմայքով:
Մասլեևն աչքի ընկավ փայլուն, վիրտուոզ կատարմամբ, ինչպես նաև նուրբ, քնարական մեկնաբանությամբ: Դաշնակահարին հաջողվեց ունկնդրին հասցնել էմոցիոնալ բարձր լարվածության և գեղագիտական վայելքի գագաթնակետին, ինչից հետո դահլիճում երկար հնչեցին բուռն, հոտնկայս օվացիաներ:
Մասլեևն ավելի թեժացրեց մթնոլորտը և որպես բիս կատարեց Գրիգ – Գինսբուրգ՝ «Լեռան արքայի քարանձավում» ինքնատիպ, միստիկ ու գրոտեսկային ստեղծագործությունը «Պեր Գյունտ» սյուիտից, որն ուղղակի հրավառության պես փայլատակեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Դմիտրի Մասլեևը մեզ հետ զրույցում նշեց. «Արդեն երկրորդ անգամն եմ ելույթ ունենում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Շատ տպավորված եմ նրանով, թե երաժիշտները որքան նրբորեն են զգում մենակատարի մեկնաբանության մտադրությունները և որքան արագ ու նրբազգաց են արձագանքում: Անսահման ուրախ էի կրկին հանդես գալ այս հոյակապ համերգասրահում և հանդիպել երախտագետ հայ հանդիսատեսի հետ: Անհամբեր կսպասեմ հաջորդ ելույթիս»:
Համերգի երկրորդ բաժնում սպասվում էր տիեզերական ճանապարհորդություն՝ երաժշտության և տեսապատկերների միջոցով: Հնչեց Գուստավ Հոլսթի «Մոլորակներ» մոնումենտալ, ինքնատիպ սիմֆոնիկ սյուիտը՝ բաղկացած 7 մասերից, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է Արեգակնային համակարգի մոլորակներին, որոնք տեսանելի են Երկրից՝ Մարս, Վեներա, Մերկուրի, Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն: Հոլսթի «Մոլորակներ»-ը Թոփչյանի մեկնաբանությամբ հառնեց որպես մեծ, գունեղ ու կատարյալ սիմֆոնիկ կտավ, որը դեռ երկար կմնա մեծապես տպավորված հանդիսատեսի մտապատկերում:
Համերգի հաջորդ օրը Դմիտրի Մասլեևը «Արամ Խաչատրյան» համերգասրահի նորաբաց «Հարմոնիկ» սրահում վարպետության դաս և կլոր սեղանի շուրջ քննարկում անցկացրեց երիտասարդ դաշնակահարի հետ: Մասլեևը հանդիսանում է Primavera Foundation of Armenia մշակութային հիմնադրամի դաշնամուրային ծրագրի ղեկավարը: Հիմնադրամի նախաձեռնությամբ՝ նա պարբերաբար անվճար վարպետության դասեր է անցկացնում Հայաստանում: Այս անգամ դաշնակահարը երիտասարդների հետ աշխատեց Ռախմանինովի, Շումանի և Պրոկոֆևի ստեղծագործությունների վրա՝ բացահայտելով կատարողական վարպետության գաղտնիքներ, ոգեշնչելով նրանց ձգտել նորանոր նվաճումների:
Մասլեևն ասաց, որ շատ ոգևորիչ էր տեսնել երիտասարդների մեծ հետաքրքրությունը վարպետության դասերի հանդեպ. «Այս անգամ 5 տեղի համար ունեցանք 17 դիմում, հայտ էր ներկայացվել անգամ Իրանից, ընտրվելու դեպքում դաշնակահարը պատրաստ էր ժամանել Երևան: Տպավորված եմ մասնակիցների բարձր մասնագիտական մակարդակով։ Եվ ամենակարևորը, նրանք մեծ նվիրում ունեն, «վառվում» են իրենց գործով և անում են իրենց լավագույնը»:
Երիտասարդ կատարողների համար այսպիսի վարպետության ու մեծության երաժիշտ-կատարողների հետ դասերն ու շփումներն անգնահատելի են: Հատկանշական է միջազգային մամուլի անդրադարձը Դմիտրի Մասլեևի արվեստին. France Musique-ը նրան որակել է որպես «Սուպեր-սոլիստ», իսկ հեղինակավոր The Diapason ամսագիրը Ֆրանսիայի ազգային նվագախմբի հետ նրա ելույթը ներկայացրեց որպես «Մասլեևի տրիումֆ», որտեղ դաշնակահարը կատարեց Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը «գլխապտույտ մեկնաբանությամբ և գերազանց վիրտուոզ կատարմամբ՝ զուգորդված նրբագեղ ոճով»:
Աստղիկ Դալլաքյան,
Սամվել Դանիելյան