Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու հոգեբանական ծուղակ, որոնցից խուսափելու դասեր է տալիս փետրվարյան ապստամբությունը. ԱԺԲ

Փետրվար 18,2025 14:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարյան ապստամբության 104 ամյակի առթիվ

Թշնամին մեզնից ավելի լավ է գիտակցում, որ պարտություններից հետո, հանուն արժանապատիվ կյանքի պայքարը շարունակելու եւ դիմադրելու կամքը հայության մեջ բազմաթիվ անգամներ է հարություն առել , ուստի պետք է զրկի այն սնող արժեքներից, այդ թվում ամեն ինչ անի արժեզրկելու համար պատմության սրբագործված իրադարձությունների ոգեկոչումը։

Այդ նպատակով նա 1921թ․ փետրվարյան ապստամբությունը, ինչպես որ խորհրդային 70 տարիների ընթացքում բոլշեւիկները, փորձում է ներկայացնել որպես անիմաստ արկածախնդրություն, որը դատապարտված էր պարտության։

Սակայն ապաստամբության երկարաժամկետ հետեւանքները հակառակն են ապացուցում։

Շնորհիվ 1921 թ. փետրվարյան ապստամբության և Նժդեհի գլխավորած Սյունիքի ինքնապաշտպանության

I. Հայաստանի կազմում պահպանվեց Սյունիքը։

II. Շնորհիվ Սյունիքի պահպանման Հայաստանը հետագա 70 խորհրդային տարիների համար ստացավ ոչ թե Թաթարստանի կամ Չեչնիայի կարգավիճակ, այլ միութենական հանրապետության կարգավիճակ, որը 1990 ականներին թույլ տվեց նրան նվազագույն կորուստերով վերստանալ միջազգային իրավունքի սուբյեկտի իր ներկա կարգավիճակը:

III. Փետրվարյան ապստամբության շնորհիվ բանտերից և հալածանքներից ազատվեցին պետական,հասարակական, քաղաքական, մտավորական գործիչներ, մարտական առաջնորդներ, որոնք փրկվեցին վերահաս մահից։ Իրան անցած եւ փրկված մոտ 10 հազար առաւել հայտնի գործիչների թւում էին, Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Ալեքսանդր Թամանյանը, բազմաթիվ այլ ՝ լեգենդար մարդիկ, որոնց շնորհիվ թե Խորհրդային Հայաստանում եւ թե Սփյուռքում պահպանվեց ազգային հիշողությունը եւ ստեղծագործականությունը, որոնց շնորհիվ ստեղծվեցին Երեւանը, Սփյուռքի կառույցները, մամուլը, գրականությունը։

IV. Իսկ 1946 թ․ հնարավոր դարձավ փրկված Ազգային հիշողության մասնակի հայրենադարձությունը, որն իր հերթին հիմք հանդիսացավ 1960 ականների հետստալինյան ազգային վերածննդի համար, որն էլ հանգեցրեց 1990 ականների Արցախյան շարժմանը եւ անկախության վերականգնմանը։

Այո, 100 տարի հետո մեր մեջ նորից նեոբոլշեվիկներ են հայտնվել։ Նորից ուզում են սկսել զրոյից իրենց «ապագայի» կառուցումը։ Նորից ուզում են զրկել պատմությունից, Արարատից, ազգային ինքնությունից՝ տեղը լցնելով տնտեսական բարեկեցության եւ «ժողովուրդների բարեկամության» սին խոստումներով։

Նրանց կարծիքով աշխարհակարգի փլուզման այս օրերին, երբ համաշխարհային եւ տեղական մամուլի ուշադրությունը կենտրոնացած է վերջինիս վրա, խոսել 1921 թ. Հայաստանում փետրվարյան ապստամբությունից անիմաստ գործ է։

Եվ, այնուամենայնիվ, հենց այս օրերին է անհրաժեշտ խոսել և հիշել ազգային արժանապատվության պատմական և իրական դասերը։

Ներկայումս կան երկու հոգեբանական ծուղակներ, որոնցից խուսափելու դասեր է տալիս փետրվարյան ապստամբությունը։

Կարսի խայտառակ հանձնումից եւ Հայաստանի Հանրապետության բռնազավթումից, մասնատումից ու բռնակցումից հետո կարելի էր խաչ քաշել հայ ժողովրդի դիմադրության ոգու վրա, բայց ժողովուրդը իր մեջ ուժ գտավ անհնարին թվացող պայմաններում կանգնեցնելու Հայաստանի վերջնական կործանումը։ Ուրեմն, երբեք չի կարելի ժողովրդին բարոյազրկող կոչեր և եզրահանգումներ անել։

Երկրորդ դասը՝ չընկճվել թշնամու գերազանցող ուժերից, քանի որ միշտ կա դիմադրելու հնարավորություն։

Մեծագույն անորոշությունների պայմաններում ծնվող նոր աշխարհակարգում շատ բան դեռ ձևավորման ընթացքի մեջ է։ Հենց այդ պայմաններում է, որ պետք է լինել զգոն և մարտահրավերներից եւ վտանգներից ոչ թե կաթվածահար լինել, այլ դրանց ետևում տեսնել նոր հնարավորությունները եւ ըստ այդմ դիրքավորվել։ Իսկ հնարավորություններ կան, որոնք կապված են Մերձավոր Արևելքի փոփոխությունների, Հայաստանի հարցում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իրանի միասնական դիրքորոշումների, ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական աճող հակասությունների և քրիստոնեական համերաշխության նոր կարելիությունների հետ։

Սակայն ամենամեծ դասը ի տես գոյաբանական վտանգի ինքնակազմակերպվելու անհրաժեշտությունն է։

Ազգային-ժողովրդավարական բևեռը լծված է այս հնարավորությունները իրականացնելուն։ Բոլոր ազգային ուժերին եւ արժանապատիվ հայրենակիցներին կոչ ենք անում միանալ պայքարին ու պատրաստ լինել ազգադավ կոլաբորացիոն ադմինիստրացիային հեռացնելու և ազգային անցումային կառավարություն ստեղծելու գործողություններին:

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728