«Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը Մյունխենի անվտանգության կոնֆերանսում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը դասական է համարում եւ խորհուրդ է տալիս կարդալ ուշադիր։ Այսօր «Միասին» շարժման հրավիրած ասուլիսում Հրանտ Բագրատյանն այսպես մեկնաբանեց այդ ելույթը․ «Նա ասում է այն, ինչը Թրամփն իրականացնում է․ գլոբալ աշխարհին փոխարինում է մի աշխարհ, որտեղ 7-8 տարածաշրջանային լիդեր է լինելու՝ ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, հնարավոր է ձեւավորվեն Արաբական երկրները, Հնդկաստանը, ԵՄ-ն, առայժմ այս ամենից դուրս են մնում Ավստրալիան, Ճապոնիան եւ այլն։ Այդ բեւեռներին պետք են հանքահումքային ռեսուրսներ։ Այս ամենում մտնում է նաեւ թյուրքական աշխարհը, Օսմանյան Թուրքիայի վերականգնման գաղափարը։ Վենսի ելույթից բխում է, որ ամեն մի նորմալ հայ պետք է մտածի՝ գնո՞ւմ է Օսմանյան Թուրքիա, թե՞ մնում է ՌԴ-ի հետ, որովհետեւ Վենսը եւ Թրամփը հայտարարեցին, որ տարածաշրջանային լիդերներից մեկը ՌԴ-ն է շարունակում մնալ»։
Հրանտ Բագրատյանը ուշադրություն է հրավիրում այն հայտարարություններին, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ում տեղ չունի, ավելին, ԵՄ-ում էլ տեղ չունի․ «Եթե եվրոպական Ուկրաինան ԵՄ-ում տեղ չունի, էս ի՞նչ սուտ օրակարգ եք ձեւավորել, թե գնում ենք Եվրոպա։ Ո՞վ է ձեզ սպասում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, այո, Թրամփն ու Պուտինը կորոշեն՝ որտեղ պետք է լինի Հայաստանը։ Այդ խոսակցությանը կփորձի խառնվել Էրդողանը։ Դուք ոչ Եվրոպա կարող եք գնալ, ոչ էլ․․․ կամ ՌԴ-ն է, կամ՝ Թուրքիա, դուք մեզ տանում եք Թուրքիա ու դրա համար պետք է ասել՝ Արարատ սարը տեղ չունի, Ցեղասպանություն չի եղել, պետք էր տալ Արցախը, Զանգեզուրի միջանցքը, հետո՝ ամբողջ Սյունիքը։ Եթե սա չենք հասկանում, գնացեք նորից լսեք Վենսի ելույթը»։
Հրանտ Բագրատյանը նաեւ տնտեսական հիմնավորումներով խոսեց․ «Ո՞ւր եք գնում, գնում եք մի տեղ, որտեղ 2024-ի տնտեսական աճը եղել է 0,5 տոկո՞ս։ ՌԴ-ն ինչքան էլ ասում եք տուժեց պատերազմից՝ 4,1 տոկոս աճ է ունեցել, ԵՄ-ն, ի դեպ, 2,5, ԱՄՆ-ը՝ 5։ 10-15 տարուց հետո, երբ մենք չարչարվենք ու մտնենք ԵՄ, այն հնարավոր է լինի ամենահետամնաց շրջաններից մեկը։ Ո՞վ է ձեզ գազ տալու, ցորեն տալու․․․ ինչի՞ համար եք անում։ Ղարաբաղը տվեցինք, 100 հազար տոննա ցորեն պակասել է ու դա ՌԴ-ով եք լրացրել։ ՌԴ-ն դա արել է բացառությամբ։ Կախվածությունը ՌԴ-ից մեծացնում եք, հետո գալիս եք նստում ժողովրդի առաջ՝ հայհոյում եք իրենց։ Լինո՞ւմ է բարեկամություն ինչ որ մեկի հաշվին, չի լինում նման բան, ինչո՞ւ եք անում ճիշտ այն քայլերը, որոնք տանում են կործանման»։
«Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ հավելեց․ «Թրամփը հեղափոխական քայլեր է անում։ Թրամփի թիմը եւ ինքը հասկացան մեկ բան, եթե չեն գնում նման երկխոսության, ապա աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի շեմին»։
Կարդացեք նաև
Այս աշխարհաքաղաքական իրավիճակում իր մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը «Զապորոժեց» նստած ուզում է գնալ «Ֆեռարիի», «Մերսեդեսի» եւ այլ համանման հզորությամբ մեքենաների հետեւից․ «Եթե գործակալ չեն, ծախված չեն, ապա իսկապես ապազգային են»։
Ըստ նրա, ՀՀ անվտանգային համակարգը պետք է լինի միայն մեզ համապատասխան շահեր ունեցող պետությունների հետ՝ անգամ մեր չսիրած ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի եւ երբ գծվի այդ քարտեզը մենք կարող ենք սեղանի տակ չլինենք, այլ սեղանի շուրջ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ