Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեւէ չպահանջեք, որ մենք ընդունենք ԼՂ անկախությունը, որեւէ իշխանություն Ադրբեջանում նույնիսկ մեկ օր չի դիմանա դրան»․ Այազ Մութալիբովի եւ Արամ Սարգսյանի 1995 թվականի զրույցը

Փետրվար 18,2025 13:45

«1995 թվականին Այազ Մութալիբովը Մոսկվայում ինձ խնդրեց հանդիպել․ Ադրբեջան չէր կարողանում վերադառնալ, ընդհատակում էր։ Հանդիպեցինք, առաջին նախադասությունը, որ ասաց, ասաց՝ մենք պարտվել ենք, ես ընդունում եմ դա, բայց երբեւէ չպահանջեք, որ մենք ընդունենք ԼՂ անկախությունը, որեւէ իշխանություն Ադրբեջանում նույնիսկ մեկ օր չի դիմանա դրան։ Այդ օրը ես իրեն պատասխանեցի, որ նույնը կլինի Հայաստանում: Բայց երբեք իմ մտքով չէի անցնի, որ կգա մի օր, երբ Հայաստանի, այսպես կոչված ղեկավարը հայտարարի, որ Արցախը, ԼՂ-ն, Ադրբեջանի մաս է եւ ինքը կմնա իշխանության։ Այսինքն, այս տարիների ընթացքում որքա՜ն են կարողացել լվանալ մեր ժողովրդի ուղեղները, որ կարողացել են հասնել այս իրավիճակին։ Դրա համար, փետրվարի 20-ը մեզ համար շատ կարեւոր օր է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում 35 տարվա վաղեմության իրադարձությունները հիշեց «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ արցախյան շարժման 37 ամյակի առիթով։ Արամ Սարգսյանը դրվատանքով հիշեց այն հայ մտավորականներին՝ Սերգեյ Համբարձումյան, Հենրիկ Իգիթյան, Լյուդմիլա Հարությունյան, Սիլվա Կապուտիկյան եւ այլք, ովքեր կանգնած էին շարժման ակունքներում եւ քննադատեց ներկայիս մտավորական խավի ներկայացուցիչներին, ովքեր պետության եւ պետականության կորստի այս շրջանում վախենում են սեփական աշխատանքը կորցնելուց, իշխանությունից մի թթու խոսք ստանալուց։

Փետրվարի 20-ի հանրահավաքին մասնակցելու է նաեւ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Մասնակցության հրավերներ են ուղարկվել նաեւ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Հանրահավաքի հիմնական նպատակը՝ ազգի միասնականության ապահովման սկիզբը դնելն է, որն էլ բերելու է Արցախ վերադառնալու մեր հնարավորությանը, մեր հայրենակիցների անվտանգ ապրելուն իրենց բնօրրանում։ Հավաքի նախաձեռնողների պատկերացմամբ՝ սա պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Հանրահավաքի անունից կազմակերպիչները կդիմեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնել հորդորով, որն էլ պետք է ապահովի արցախցիների անվտանգ վերադարձը Արցախ։ Հանրահավաքը՝ ի նշան միասնականության, ավարտվելու է, հայկական բերդ կազմելով՝ ուս-ուսի տված։

«Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն էլ իր խոսքում նկատեց՝ մարդկանց մոտ կա որոշակի հուսահատություն եւ կոչ արեց՝ թոթափել այն։ Հիշեցնում է պատմական իրադարձությունները․ «Մի Գարիբալդի կարողացավ միավորել եւ Իտալիան ստեղծել, Բիսմարկը՝ ստեղծեց Գերմանիան, Գեւորգ Մարզպետունին՝ Բագրատունիների թագավորությունը։ Հնարավոր է միավորվել եւ մենք ստեղծում ենք հարթակը։ Կարեւոր է՝ հիմա կա ըմբռնումը, որ Նիկոլի հետ հնարավոր չէ շարունակել։ Մարդը նույնիսկ դավաճան չէ։ Մարդը հայ ազգի թշնամին է։ Պարզապես կոչ ենք անում՝ գալ հանրահավաքին եւ միավորման սկիզբը դնել»։

«Մի մոռացեք Արցախը, մենք իրավունք չունենք դա անելու։ Դա մերն է։ Միջազգային բոլոր փաստաթղթերում Արցախի կարգավիճակը ամրագրված է՝ բռնազավթված։ Մենք արդեն լուրեր ունենք, թե հերթական սահմանազատման արդյունքում ինչն են զիջելու՝ Ոսկեպարից հյուսիս հատվածում»,- շարունակեց Հրանտ Բագրատյանը՝ հորդորելով մասնակցել հանրահավաքին եւ լսել նախկին կոռուպցիայի մասին հեքիաթները․ «Եկեք լսեք, թե ինչքան ենք մենք խաղում․ 7 տարում, 42 անգամ խաղադրույքներն ավելացել են՝ հասնելով 7,5 տրիլիոնի՝ 21 միլիարդ դոլարի։ Որտեղ կա խաղադրույք, այնտեղ կա թմրանյութ եւ հազար ու մի բան։ Եկեք տեսեք, թե ո՞նց են 3 անգամ հարկ բարձրացնում, բայց բյուջե մուտք արված գումարը կրկնակի պակասում է, ինչպե՞ս են կանգառների գումարները 12 անգամ բարձրացնում, բայց հավաքված ընդհանուր գումարը երկու անգամ պակասում է։ Մեր ժողովրդին գցել են մոլի էշի օրը, երբ մոլլան ամեն օր կրճատում է էշի կերակուր գարու չափաբաժինը, մի օր էլ տեսնում է՝ էշը չկա, սատկել է ու զարմանում՝ ո՞նց․․․ ասում են՝ ախր վերջին մի շաբաթը մի բուռ էիր տալիս․․․ Ելք չկա, հետադարձ ճանապարհ էլ չկա, ոնց եկել է՝ այնպես էլ պիտի գնա՝ ձեր ձեռքով։ Հիասթափված եմ Հայաստանի վիճակից․ մի անգրագետ, այն իմաստով, որ մարդը բարձրագույն կրթություն էլ չունի, եկել է ու երեք հազար տարվա ժողովրդին վերացնում է։ Մեզ սպասվում է դա, եթե նա մնա իշխանության»։

Հրանտ Բագրատյանը նաեւ հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է միայն Արցախի համար, այլ վիճելի տարածքներում նման քննարկումներ չեն եղել, Արցախում դրամ է եղել, արտահանում է եղել Արցախից եւ այդ իրավունքը աշխարհն էր մեզ տվել․ «Հիմա եկել մեկը՝ ասում է՝ Արցախն Ադրբեջան է․ բա դու եւ կինդ ի՞նչ գործ ունեիք այնտեղ, եթե Ադրբեջան է։ Պարզ չի՞, որ փողն Ալիեւն է տալիս։ Մեզ էշի տեղ եք դրել, որ վերանա՞նք ընդհանրապես․․․ գնացեք՝ վերացեք՝ մենք վերացող չենք։ Մհեր Գրիգորյանը, մյուսները այս հիմարությունները որ անում են, պատահական չեն անում, սրա հետեւում մեծ շահեր կան»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728