«Ամերիկայի ձայն». Թրամփի վարչակազմի առաջնահերթությունների շարքում շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել ԱՄՆ-ում գտնվող ապօրինի միգրանտների արտաքսումը, ու թեև ամերիկյան իշխանությունները հետևողական են ապօրինաբար Նահանգներում գտնվող անձանց երկրից վտարելու գործում, սակայն աստիճանաբար երևան են գալիս իրավական խոչընդոտներ։
Իր պաշտոնավարման հենց առաջին օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անօրինական ներգաղթը հայտարարեց ազգային անվտանգության խնդիր՝ ընդգծելով, որ հետամուտ է լինելու նախընտրական խոստմանը և արտաքսելու է ԱՄՆ-ում գտնվող միլիոնավոր ապօրինի ներգաղթյալներին:
Սակայն բազմաթիվ իրավաբանների կարծիքով՝ անգամ արտաքսման պարագայում միգրանտների նկատմամբ հարկ է ցուցաբերել պատշաճ իրավական ընթացակարգ:
Ներգաղթի հարցերով իրավաբան Հաննա Ֆլամն ասում է. «Ձեզ ներկայացվում է մեղադրանք պարունակող փաստաթուղթ, որը ձեր դեմ դատավարություն սկսելու հիմք է, և այդժամ կարող եք ապաստան խնդրել կամ այլ կերպ պաշտպանել Միացյալ Նահանգներում գտնվելու ձեր իրավունքը: Եթե չեք հաղթում այդ գործընթացի ավարտին, ձեր արտաքսման կարգադրությունն է իջեցվում»։
Կարդացեք նաև
Ֆլամի խոսքով՝ տարբեր մարդկանց պարագայում արտաքսումը կարող է տարբեր ժամկետներ պահանջել. «Հնարավոր է, ինչ-որ մեկին արտաքսեն ամիսներ կամ տարիներ տևած պայքարից հետո, իսկ մեկ ուրիշին՝ ժամերի կամ օրերի ընթացքում»:
Ըստ հաղորդագրությունների՝ այս հունվարի 21-ից ի վեր ԱՄՆ դաշնային իշխանությունները ձերբակալել են ավելի քան 8,200 մարդու:
Ամերիկյան իշխանությունները ընդլայնել են արագ արտաքսման կիրառումը, ինչը նշանակում է, որ, օրինակ, ներգաղթի ծառայության աշխատակիցներն այլևս կարող են առանց փաստաթղթերի միգրանտներին վտարել երկրից առանց դատական նիստի:
«Պետք է ավելին անենք: Ուղիներ ենք փնտրում ավելի արդյունավետ գործելու համար»,- ասել է Թրամփի «սահմանային ցարը»՝ ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության ղեկավար Թոմ Հոմանը։
Հայտնի է, որ ԱՄՆ իշխանությունները սկսել են կիրառել Կուբայում` Գուանտանամոյի ծոցում գտնվող ամերիկյան ռազմաբազան, ավելի ճիշտ՝ այնտեղ կառուցված բանտը որպես ապօրինի ներգաղթյալների ժամանակավոր պահման վայր։
«Այն լինելու է [ապօրինի միգրանտների] պահման ևս մեկ վայր, որտեղ կունենանք 30 հազար մահճակալներ»,- հավելել է Հոմանը։
Այս ամենի ֆոնին՝ արդեն իսկ իրավական խնդիրներ են ծագել ամերիկյան իշխանությունների համար։ Վերջերս Նյու Մեքսիկո նահանգում դաշնային դատավորն արգելափակել է վենեսուելացի երեք ներգաղթյալների՝ Գուանտանամո տեղափոխումը։ Իսկ փաստաբանները դատի են տվել Թրամփի վարչակազմին՝ Գուանտանամոյում կալանավորներին առանց փաստաբանների կամ ընտանիքի հետ կապ ունենալու իրավունքի պահելու համար:
«ԱՄՆ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ կառավարությունը ձերբակալում է մարդկանց ԱՄՆ տարածքում և տեղափոխում Գուանտանամո»,- ասում է Հաննա Ֆլամը։
Գուանտանամոյում ներկայում պահվում են արտաքսված անձինք, այդ թվում՝ հանցագործներ:
Ինչևէ, իրավական հարցերի առաջ գալուն զուգահեռ՝ ամերիկյան իշխանությունները շարունակում են երկրից արտաքսել ապօրինի ներգաղթյալներին։