Փետրվարի 11-ից 13-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ նստաշրջանին։
Փետրվարի 11-ին փոխնախարար Սիմոնյանը, որպես բանախոս, ելույթով հանդես է եկել նստաշրջանի բարձրաստիճան հատվածի «Միջտարածաշրջանային տրանպորտային կապակցվածություն» խորագրով պանելային քննարկմանը և ներկայացրել է ՀՀ մոտեցումները՝ տրանսպորտային կապուղիների ընդլայնման, կանաչ տրանսպորտի զարգացման և թվայնացման հարցերում։ Ներկայացվել է նաև Հայաստանի կառավարության՝ սահմանային և մաքսային անցակետերում մարդկանց և ապրանքների տեղաշարժը դյուրացնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի համատեքստում, արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակների կողմից արտատարածքային միջանցքի վերաբերյալ հիշատակումներին, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է հիմնված լինի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։
Սիմոնյանն ընդգծել է, որ արտատարածքային «միջանցքի» տրամաբանություն ունեցող ծրագրերի առաջ տանելու փորձերն ունեն քողարկված օրակարգ և տարածքային նկրտումներ։
Կարդացեք նաև
Փետրվարի 13-ին Ա․ Սիմոնյանը կոմիտեի անդամներին ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ խոսելով այդ ծրագրի երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների մասին։
Փոխնախարար Սիմոնյանն այլ հարցերի շարքում նշել է, որ Հայաստանը, որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, առաջնային է համարում տարածաշրջանում ներառական կապակցվածության, բաց սահմանների, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ապահովումը։
Նշվել է նաև, որ այս ծրագրի իրականացումը կարող է ամբողջությամբ փոխել Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում փոխգործակցության տրամաբանությունը՝ վերափոխելով երկրների տնտեսությունները և դրանք դարձնելով առավել դիմակայուն։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն