Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Գալստյանի կինը իրեն և ամուսնուն համարում է մամուլի անզգուշության զոհ. forrights.am

Փետրվար 18,2025 11:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Forrights.am. Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պետական այլ պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանը, որն այժմ Ադրբեջանի օգտին լրտեսության շինծու մեղադրանքով 18 տարվա ազատազրկման է դատապարտված, մինչև վերջ չի ընդունել մեղադրանքները: Նա այժմ ԱԱԾ ենթակայության «Կենտրոն» կալանավայրում է, ապրում է անցյալի մասին մտքերով:

Մարգարիտա Շահնազարյանը համաձայնվեց զրուցել Forrights.am-ի հետ, ասելով, որ իր ամուսինը՝ Սարգիս Գալստյանը, այս օրերին տխուր է ոչ թե որովհետև բանտարկված է հանիրավի, այլ որովհետև իր կյանքը չէր պատկերացնում առանց Արցախի:

Հայտնի է, որ Սարգիս Գալստյանը այն 2-3 տասնյակ մարդկանցից է, որոնք դուրս չեկան Ստեփանակերտից և որոշ ժամանակ ապրեցին թշնամու տիրապետման տակ, դատարկված Ստեփանակերտում: «Խանութներ, ռեստորաններ կային, բաց էին, բենզին էր վաճառվում, բայց մենք ոչ մի տեղ դուրս չէինք գալիս: Միայն հացի համար էինք գնում խանութ. մնացած ամենը մեր տանը կար: Նստում էինք ավտո, գնում էինք խանութ, օրը մի անգամ դուրս էինք գալիս, պտտվում էինք, կարոտներս առնում էինք Ստեփանակերտից, ման էինք գալիս: Անհանգստացնողը այն էր, որ փողոցում կարող էին քեզ մոտենալ, հարցնել՝ ուր ես գնում, դակումենտ էիր ցույց տալիս, թե դու ով ես, ու շարունակում էիր ճանապարհդ», — հիշում է Մարգարիտան:

Հարցին, թե ինչու իրենք նախընտրեցին մնալ Ստեփանակերտում, պատասխանում է՝ մնացինք մեր Հայրենիքում, դա բնական է:

«Դատավորը ու դատախազը չեն հասկանում, որ մենք մնացել ենք մեր հայրենիքում, մեր Ստեփանակերտում ու պատրաստ էինք մահվան: Դա ամուսնուս ընտրությունն էր, իսկ ես մնացել եմ իմ ամուսնու մոտ և չգիտեի, ինքը կենդանի կմնա, թե ոչ: Ես չէի կարող նրան մենակ թողնել: Որտեղ ամուսինս, այնտեղ ես»:

Սարգիս Գալստյանի կինը իրեն և ամուսնուն համարում է մամուլի անզգուշության զոհ: Պատմում է, որ այն օրերին լուր էր տարածվել, թե Արցախի հայկական եկեղեցիները, «Դեդոն ու Բաբոն» քանդում են, և իրենք, ցանկանալով օգտակար լինել հայրենակիցներին, գնացին, նկարահանեցին ու տարածեցին Արցախի սիմվոլ արձանախմբի կադրերը, ինչը Ադրբեջանի իշխանությունը արգելել էր: «Մենք գնացել ենք, նկարել ենք, որ Դեդո-բաբոն Բաբոն տեղում են, ու գրեցին, որ թուրքը մեզ տարել է, Դեդո-բաբոյի մոտ զբոսնելու, ու բոլոր լրատվամիջոցները տարածեցին էդ սուտը: Եթե դրանք չլինեին, դատական պրոցեսն էլ չէր լինի: Ես խնդրում էի, գրում էի, որ իմ նյութերը չտարածեն, գրում էին, որ դրանով դուք վտանգում եք իմ կյանքը, բայց մեր հայերը, իմ ընկերները տարածեցին այդ նյութերը, իմ նկարածը բոլոր հեռուստահաղորդումներում էլ դրեցին, էլ ո՞նց մնայինք Ստեփանակերտում», — ասում է կինը:

Երկրորդ հարվածը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի», այլ ԶԼՄ-ների տարածած կեղծ լուրն էր, թե իբր՝ Ադրբեջանի նախագահը Սարգիս Գալստյանին նշանակել է Ստեփանակերտի պարետ։ Հետագայում լուրը հերքվեց, և ամիսներ անց հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կասկածել են Գալստյանին Ստեփանակերտում իրենց իրականացրած վայրագությունները տեսանկարելու մեջ: Գալստյանը, համոզվելով, որ հնարավոր չէ ապրել թշնամական միջավայրում, 2024 թվականի մարտին կնոջ հետ տեղափոխվել է Հայաստան: Գորիսում նրանց ձերբակալեցին: Հետագայում Գալստյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը պատմեց ԶԼՄ-ներին, թե ինչպես է «կարվել» լրտեսության ամպագոռգոռ գործը: Քննչական կոմիտեի ներկայացրած բոլոր ապացույցները դատարանում հերքվել են նախկին պաշտոնյաների արդարացնող բնույթի ցուցմունքներով։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ քաղաքաշինության նախկին նախարարը, նաեւ՝ Շուշիի շրջանի ԱԱԾ տնօրեն Անդրեյ Գրիգորյանը դատարանում ցուցմունքներ են տվել Սարգիս Գալստյանի գործով:

Մասնավորապես, Անդրեյ Գրիգորյանը դատարանին հայտնել էր, որ Սարգիս Գալստյանը, պարբերաբար կապի մեջ լինելով իր հետ, տեղեկացրել է իրեն, որ ցանկանում է մտնել Շուշի ու այնտեղից դուրս բերել փաստաթղթեր, նաեւ տեղեկացրել է, որ ադրբեջանական համարներից զանգեր է ստացել։

Սյուզան Սիմոնյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728