Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովին մի քանի հարց ուղղեցինք՝ ՀՀ 2-րդ նախագահի նշած թեզերի շուրջ։ «Նախ, Հայաստանի իշխանություններն իրականացրել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միայն այն մասը, որը ձեռնտու էր Ադրբեջանին, ցավոք, հայկական կողմը Ղարաբաղի շահերը չի պաշտպանել, եւ, այս իմաստով, ողբերգության մեծ պատասխանատվությունը, որ տեղի ունեցավ Ղարաբաղում, երբ ղարաբաղցիները լքեցին իրենց տները, իրենց պատմական հայրենքիը, ՀՀ իշխանությունների վրա է, որոնք որեւէ քայլ չարեցին, որը կարող էր կանխել իրադարձությունների նման ընթացքը։ Հիմա՝ հարցի մասին․ բացվո՞ւմ է արդյոք ղարաբաղյան հարցի լուծման հնարավորություն։ Ես ցանկանում եմ հնչեցնել իմ սուբյեկտիվ կարծիքը՝ ըստ իս, Ալիեւը շտապեց այնպիսի իրավիճակ ստեղծել, որի պայմաններում հայերը ստիպված էին հեռանալ Ղարաբաղից։ Ապագայում նա ստիպված է լինելու դիտարկել հայերի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու հարցը։ Ինքնավար կարգավիճակի հարցն ապագայի հեռանկարի հարց է։ Ապագայում, այսպես ասած, հայկական հարցն Ադրբեջանի վրա շատ մեծ նեգատիվ ազդեցություն կարող է ունենալ, այնպիսին, ինչպիսին Թուրքիայի վրա թողնում է 2015թ. ցեղասպանության հարցը, այո, դա հետք է, որից դժվար է լինելու ազատվել»,- «Հրապարակ»-ին ասաց Տարասովը։
Ռուս քաղաքագետը տեսականորեն հնարավոր է համարում Արցախի հարցը կրկին օրակարգ բերելն ու շեշտում է՝ Ալիեւը հենց այնպես չի գրոհում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Այո, այն այս պահին չի գործում, բայց ՄԱԿ-ի ԱԽ մանդատն ունի։ Այստեղ նրբություններ կան՝ ԵԱՀԿ ՄԽ անդամներ են ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը։ Ռուսաստանը հայտարարել է, որ ՄԽ-ն չի գործում, բայց չի հայտարարել, որ դուրս է գալիս այդ խմբից։ Ինչպես գիտեք, Ալիեւը պնդում է, որ Հայաստանը հայտարարի, որ հրաժարվում է ԵԱՀԿ ՄԽ-ից, բայց դա շատ լուրջ մանդատ է, ուստի այն կարելի է չեզոքացնել՝ հայտարարելով, որ Հայաստանն է հրաժարվում, Ռուսաստանն է հրաժարվում․․․ »,- ընդգծեց ռուս վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին, ռուս քաղաքագետի խոսքով, ՀՀ իշխանությունը, ըստ էության, մերժեց ռուսական առաջարկը՝ Արցախի կարգավիճակի հարցը թողնել ապագային․ «Դուք տեսեք՝ Բաքուն համաձայն էր Մոսկվայի տեսակետին՝ ղարաբաղյան հարցը թողնել հեռավոր ապագային, հայկական կողմը չլսեց այդ առաջարկը, հրաժարվեց շրջանները վերադարձնել, ինչո՞ւ չկարողացան այդ խաղաքարտն օգտագործել, հասկանալի չէ, նույնիսկ Ալիեւն էր զարմացած, երբ Շուշին հանձնեցին։ Հայաստանի իշխանության գործելաոճը հարցեր է առաջացնում, որովհետեւ պետք է սիրել սեփական ազգը, չի կարելի լինել սեփական ազգի դեմ նացիոնալիստ»։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: