Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մարդիկ կրկնակի ավելի բարձր գույքահարկ են վճարում, առնվազն եղած աշխատանքները զրո կետից պետք է մի քիչ շարժվեն: Տեսանելի չէ, թե այդ գումարներն ուր են գնում. Թադևոս Ավետիսյան. «Փաստ»

Փետրվար 18,2025 10:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Տնտեսական վիճակը և միտումները վատանում են, սա կանխատեսում էինք նույնիսկ ամենաբարձր վերել քի շրջանում: Տնտեսական բարձր աճը սկսվեց 2022 թվականից, այս իշխանությունները փորձեցին դրանից առավելագույնս օգտվել, բայց դրան նպաստող գործոններն արտաքին էին ու պատահական՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով: Գործոնները թուլանում են, բարձր տնտեսական աճն էապես նվազում և առաջ է բերում էական լուրջ դժվարություններ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակին:

Եկամուտների հայտարարագրման գործընթացը բոլորի ուշադրության ու բարկության կենտրոնում է: Մարդկանց հարկելո՞ւ, թե՞ նրանց վերահսկելու տարբերակ է հայտարարագրումը: «Այն նպատակները, որոնք իրենք են դրել և հնչեցնում են, այս գործիքով որևէ կերպ հնարավոր չէ ապահովել: Դրանք կեղծ նպատակադրումներ են: Իրենց իրական նպատակը հնչեցվածից տարբեր է, ասում են՝ ստվերը կրճատելու համար է դա արվում: Սա շատ լավ է, բոլորն են սա ողջունում: Փորձում են իրենց գործողությունները հիմնավորել՝ ասելով, թե դե՞մ եք ստվերի կրճատմանը: Ոչ, կողմ ենք ստվերի կրճատմանը, բայց ստվերի կրճատումն այս գործիքով չի կարող լուծվել: Շատ պարզ բան: Եթե քաղաքացին աշխատել է ստվերում առանց աշխատանքային պայմանագրի կամ չի հայտարարագրել իր հարկվող եկամուտներն ամբողջ տարվա ընթացքում, բնական է, որ հաջորդ տարի այդ նույն տեղեկությունը նա չի հայտարարագրելու, որովհետև դա կհանգեցնի ոչ միայն լրացուցիչ հարկման, այլև տույժերի, տուգանքների և այլ պատասխանատվության: Եթե դա հայտնաբերելու խնդիր կա, դա հայտնաբերվում է հարկային վերահսկողութան ներքո: Հարկային վարչարարության անարդյունավետությունը տեսանելի է: Ուստի այսպես որևէ բան չի փոխվելու»,-շեշտում է տնտեսագետը:

Գույքահարկի տարեցտարի աճող վճարը ևս տարակարծությունների տեղիք է տալիս: Քաղաքացիներն ուզում են հասկանալ, թե ո՞ւր են գնում այդ գումարները, չէ՞ որ իրենց շենքերում բարեկարգումներ չեն կատարվում, բնակֆոնդը չի թարմացվում: «Գուցե ընտրություններից առաջ թիրախավորված մեկ-երկու բակ կամ շքամուտք վերանորոգեն, բայց ակնհայտ է, որ մարդիկ ապրում են բազմաբնակարան շենքերում և չեն տեսնում բարձր վճարածի և իրենց ստացած ծառայության համարժեքությունը: Եթե մարդիկ կրկնակի ավելի բարձր գույքահարկ են վճարում, առնվազն եղած աշխատանքները զրո կետից պետք է մի քիչ շարժվեն: Տեսանելի չէ, թե այդ գումարներն ուր են գնում: Վստահ եմ՝ հետագայում կլինեն լուրջ բացահայտումներ, այդ թվում՝ համայնքային իշխանությունների փոշիացրած միջոցների մասով։ Լավագույն դեպքում այս ամենը ծախսվում է պոպուլիստական նպատակներով՝ տոնածառի տակ լուսանկարվելով՝ փորձում են ֆոն ստեղծել, վատագույն դեպքում էլ՝ ինքնաթիռի բիզնես կլասի տոմսերի, տարբեր ճոխությունների, պարգևատրումների և աշխատավարձերի վրա են ծախսվում այդ գումարները: Մի մասը գուցե կհամարվի անարդյունավետ ծախս օրենքի շրջանակներում, բայց այդ փոշիացած ծախսերի զգալի մասի պարագայում լուրջ խնդիրներ են ունենալու տարբեր օրենքների ու օրենսգրքերի հետ»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728