Աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունները, անշուշտ, ազդելու են նաեւ Հայաստանի վրա, որի ղեկավարները, ակնհայտորեն, չեն պատրաստվում հետեւություններ անել եւ սրընթաց շարժվում են դեպի ԵՄ, որը կորցնում է իր ազդեցությունը եւ առաջատար դիրքերն անգամ ժողովրդավարական արժեքների հարցում։ Քաղաքագետ Սուրեն Զոլյանի համար` ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի նախընտրական քարոզարշավից եւ հնչեցրած լոզունգներից հետո այլեւս անակնկալ չեն այսօրվա իրադարձությունները. «Թրամփը դեռ այդ ժամանակ էր ասում, որ ռուս-ուկրաինական պատերազմը որեւէ կերպ չի նպաստում ԱՄՆ շահերին, իրենք այնտեղ փող են ծախսում եւ ոչ մի օգուտ չունեն պատերազմից, որ ԱՄՆ հիմնական մրցակիցը ոչ թե Ռուսաստանն է, այլ՝ Չինաստանն ու Իրանը, ուստի պետք է պատրաստվել նրանց հետ հակամարտության, այս առումով ՌԴ-ի հետ այնպես պետք է վարվել, որ չմիանա Չինաստանին ու Իրանին, ինչը նշանակում է ՌԴ-ի դիրքերի ուժեղացում։ Եվ ասում էր՝ եթե Եվրոպայի համար Ուկրաինան կարեւոր է, թող զբաղվեն նրանով։ Եթե Ուկրաինան էլ ուզում է, որ ԱՄՆ-ն իրեն օգնի, դրա համար պետք է վճարի, իսկ եթե բան չունի, ապա իր օգտակար հանածոները պետք է տրամադրի Միացյալ Նահանգներին»։
Սուրեն Զոլյանն իշխանությունների «մտավոր ունակությունների» վերաբերյալ այնքան լավ կարծիք չունի, որքան նրանք, որ ակնկալում են, թե ստեղծված իրավիճակից Փաշինյանն ու իր թիմը կփորձեն դասեր քաղել. «Ճիշտ է՝ երբեմն որոշ իրավիճակներում իրենք լուծումներ են առաջարկում, բայց ես վստահ եմ, որ դրանք որոշ տեղերից իջեցված հրահանգներ են, այս դեպքում` ինքը հրահանգ չի ստացել եւ հայտնվել է նման անհեթեթ իրավիճակում՝ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Դավոսում, թե՛ Մյունխենում։ Բացի վիճահարույց հայտարարություններից, քայլերից, ինքն այլ բան չի կարողանում անել, չունի միջազգային ռազմավարական գործելակերպ։ Օրինակ, Թրամփը ձեռնարկեց ուժեղ հարձակում USAID-ի դեմ, ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ավելի հետաքրքիր բան չէր գտել, քան հրավիրել այդ կառույցի ղեկավարին եւ նրա պատվին միջոցառում կազմակերպել, կամ՝ Հայաստանի ԱԺ-ն գնում է Ուկրաինա եւ համերաշխություն հայտնում ուկրաինական ժողովրդին, կամավորներ առաջարկում, այն դեպքում, երբ չենք մոռացել Ուկրաինայի դիրքորոշումը մեր 44-օրյա պատերազմի մասին։ Ի դեպ, միակը, որը մեզ կամավորական խումբ է առաջարկել, եղել է Դոնեցկի չճանաչված հանրապետությունը, որը մերժվեց Ավինյանի կողմից: Այսինքն, փոխանակ գոնե չեզոքություն պահպանեն, ավելի են հրահրում: Իմ կարծիքով, այդ մարդկանց ուղեղում մի գաղափար է ներմուծված` ինչքան հնարավոր է՝ շատ վատություն անել Ռուսաստանին, առանց մտածելու, թե դա ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա։ Գիտեք, անգամ ծիծաղելի էլ չէ, եվրոպացիները նույնիսկ զարմացած են մեր խորհրդարանի քայլից՝ ԵՄ-ի նախագծի վերաբերյալ: Ասում են՝ մենք ունենք ձեզ հետ համապարփակ պայմանագիր, որի կետերը դուք չեք կատարել, հիմա ո՞ւր եք շտապում։ Այս առումով անհեթեթ իրավիճակի մեջ են դնում եվրոպացիներին, որոնք չգիտեն՝ ինչպես պատասխանել մեր քայլին ու ստիպված՝ վերացական մտքեր են հայտնում, մոտավորապես՝ ինչ ուզում եք, ընդունեք»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: