Լրահոս
Օրվա լրահոսը

Այլատյացության դրսևորումներ կան. Աբխազիայի հայերը իշխանությունից պահանջում են պաշտպանել իրենց. «Ազատություն»

Փետրվար 17,2025 23:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Աբխազիայի հայերը իշխանություններից պահանջում են պաշտպանել իրենց՝ այլատյացության դրսևորումներ կան․ հայ համայնքի նախագահ Արամ Մինոսյանն է ահազանգել՝ նախագահական ընտրությունների առաջին փուլից ժամեր անց:

«Համացանցում տարածվում են ձայնագրություններ , որոնցում քաղաքացիներ Բգամբան ու Վանաբան կոչ են անում Աբխազիայի ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ հետապնդում իրականացնել ՝ իրենց քաղաքական ընտրության համար։ Այդ նյութերում բռնության ուղիղ կոչեր են», – նշել է Մինոսյանը։

Աբխազիայի հայ համայնքի ղեկավարը հայտարարության մեջ գրել է նաև՝ ճնշումները սկսվել էին դեռ նախընտրական փուլում․ մի շարք հայաբնակ գյուղերի ղեկավարների վրա ճնշումների ու սպառնալիքների միջոցով ստիպել են կոնկրետ քաղաքական ուժի աջակցել։ Հայ համայնքն, ըստ Մինոսյանի, փորձել է նախընտրական գործընթացներին չխառնվել, բայց այժմ, երբ բռնության, նաև իրենց սահմանադրական իրավունքները սահմանափակելու կոչեր են հնչում՝ իշխանությունը պետք է կոշտ միջոցներ ձեռնարկի։

Հայ համայնքը պահանջում է. – «Անհապաղ ճշտել ձայնագրությունների իսկությունը, եթե դրանք հաստատվեն՝ իրավական կոշտ գնահատական տալ, պատասխանատվության կանչել այդ երկու քաղաքացիներին։ Ապահովել ազգությամբ հայ քաղաքացիների անվտանգությունը»։

Ովքե՞ր են ճնշում, սպառնում հայերին, հայ համայնքի ներկայացուցիչների հետ կապ հաստատել չկարողացանք, սակայն Աբխազիայի ընտրական գործընթացն ու դրան նախորդած իրադարձությունները տալիս են այդ հարցի պատասխանը:

Շաբաթ օրը այստեղ անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում, ըստ նախնական պատկերի, 5 թեկնածուներից ոչ ոք չի հաղթել, երկրորդ փուլում կպայքարեն ձայների 46,38 տոկոսն ստացած Բադրա Գունբան և Ադգուր Արձինբան։

Գունբան նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր անցած տարեվերջից, երբ Ասլան Բժանիան հրաժարական տվեց Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի դեմ ծավալված բողոքի շարժման ճնշմամբ։ Իսկ այս ընտրություններում նրա գլխավոր մրցակից Արձինբան բողոքի այդ շարժումը ղեկավարողներից էր ու աբխազական ընդդիմադիր շարժման հիմնադիրը։

Բադրա Գունբան Ռուսաստանի նախընտրած թեկնածուն է, կողմնորոշումը չի թաքցնում. – «Ես քվեարկում եմ մեր երկրի կայուն զարգացման, Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման համար, մարդկանց կյանքի որակը լավացնելու ու անվտանգության համար»։

Ադգուր Արձինբան իրեն հակառուս չի համարում, բայց պնդում է չի կարող Աբխազիայի ղեկավարը Ռուսաստանն ավելի սիրել, քան իր հայրենիքը. – «Սեփական ճակատագիրը վճռելու հնարավորության համար եմ քվեարկել, շատ ազգեր չունեն նման հնարավորություն»:

Աբխազիայի հայ համայնքի համացանցային էջերում չենք գտել որևէ հայտարարություն որտեղ կնշվեր այս կամ այն թեկնածուին աջակցելու մասին։ Սակայն դատելով նույն ՝ համացանցային գրառումներից՝ Աբխազիայի հայերի մեծամասնությունն ընտրել է ռուսամետ՝ Գունբային, դա են մատնում Արձինբային համակրող տելեգրամյան ալիքները, գրում են՝ ռուսամետն իր հարազատ շրջանում ձայն չի ստացել, բայց ստացել է հայերի անառարկելի աջակցությունը։

Ի դեպ՝ Արձինբայի թիմակիցներից Քան Քվարչիան դեռ մեկ տարի առաջ էր դժգոհել՝ հայերի թիվն Աբխազիայում ավելացել է. – «Մենք հայերին սրտանց առանց հետին մտքի բնակեցրինք Մցար գյուղում, այսօր նրանք բնակչության թվով աբխազների հետ են մրցում»։

Ինքնահռչակ Աբխազիայում հայերը թվով երկրորդ էթնիկ խումբն են։ Իշխանամետ շրջանակների կողմից տարածվող մի տեղեկություն կա, որ ևս կարող էր հայերի մեծամասնությանը հետ պահել քվե տալ ընդդիմադիր Արձինբային։ Նախընտրական փուլում տեղի իշխանականները շրջանառում էին, թե այս գործիչը պրոթուրքական գծի կրող է, թուրքական քոլեջում է սովորել և հաղթելու դեպքում Աբխազիան կապերը կխզի Ռուսաստանի հետ ու կդառնա Կովկասում թուրքական ազդեցության նոր օջախ։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը մարտի 1-ին է սպասվում, հայկական համայնքի ձայնը վճռորոշ է լինելու:

Այսօր, օրվա երկրորդ կեսին Աբխազիայի հայ համայնքի պատվավոր ներկայացուցիչ Խաչիկ Մինասյանի հյուրն էր հայերի նկատմամբ սպառնալիքներ հղած երկու քաղաքացիներից մեկը՝ Գագրայի բնակիչ Էնվեր Բգանբան. – «Զգացմունքային պոռթկում էր, եթե դա մարդիկ ընկալել են, որ հայ ազգին եմ նկատի ունեցել, ազնիվ խոսք, ներեցեք»:

Հայ համայնքի հաղորդագրությունից հասկանում ենք՝ ներողությունն ընդունվել է, հաշտեցումը՝ կայացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728