Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր «Երևանի Ավտոբուս» ընկերություն են գնացել, փորձել հանդիպել ընկերության ղեկավարության հետ:
«Ունենք վարորդների ֆիքսված ցանկ, որոնք գործում են իրենց լիազորություններից դուրս: Կան դեպքեր, երբ բացահայտ լկտիություն է, եկել ենք իրենց ղեկավարներից պարզաբանում պահանջենք, թե ինչի վրա հիմնվելով են իրենց ստորադասներին կարգադրել նման կերպ վարվել: Իսկ եթե ասեն՝ իրենք չեն կարգադրել, պահանջելու ենք որպես վերադաս պատասխանատվության ենթարկեն, ժողով անեն վարորդների հետ ու բացատրեն՝ ինչ է մտնում իրենց լիազորությունների մեջ ու ինչ չի կարելի անել: Պետք է հասկանանք՝ որտեղից է գալիս այս քամին ու ով է տվել այդ հրահանգը»,- ասաց ավագանու անդամ Սամվել Հակոբյանը:
Նա նաեւ ասաց, որ այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանն իր աջակցությունն է հայտնել ավտոբուսի վարորդներին.
Կարդացեք նաև
«Աջակցություն հայտնելուց լինեիք, պարոն Ավինյան, մարդկանց չհասցնեիք այն վիճակին, որ մարդիկ զուգարան չունենալու համար գործադուլ անեին: Դա է աջակցությունը՝ ի սկզբանե մարդկանց տրամադրել նորմալ աշխատանքային պայմաններ»:
Ավագանու անդամներին այսօր չհաջողվեց հանդիպել «Երևանի Ավտոբուս» ընկերության ղեկավարության հետ, նրանց բակում դիմավորեց անվտանգ երթեւեկության ծառայության պետ Հակոբյանը, ասաց՝ գրավոր դիմեն, նախապես պայմանավորվելուց հետո տնօրենի հետ հանդիպում կկազմակերպվի:
Ավելի ուշ Սամվել Հակոբյանը ուղիղ եթերով փոխանցեց, որ ընկերության ղեկավարությունը իրենց վստահեցրել է, որ պատասխանատվության են ենթարկելու ուղեւորների հետ անշնորհք պահվածք դրսեւորած վարորդներին, թույլ չեն տալու վարորդների նման պահվածքը, իրենք էլ են դեմ նման պահվածքի: Ավագանու անդամն ասաց, որ քաղաքացիների կողմից ստացած բոլոր բողոքները վարորդների լկտի պահվածքի վերաբերյալ փոխանցելու են «Երեւանի ավտոբուս» ընկերության ղեկավարությանը, հետեւողական են լինելու, որ հատիկ առ հատիկ այդ վարորդները պատասխանատվություն կրեն ու հրապարակեն՝ որ վարորդը ինչ սանկցիայի է ենթարկվել:
Ավագանու անդամն ասաց նաեւ, որ որոշ վարորդներ իրենց հայտնել են, որ վերեւից են իրենց հրահանգ տվել կոնֆլիկտ հրահրել քաղաքացիների հետ. «Վերեւից ով որ վարորդին հրահանգել է կոնֆլիկտ հրահրել մեր քաղաքացիների նկատմամբ, այդ հրահանգողը գլուխը պատին է տվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ