«Ես չէի ասի՝ Նիկոլ Փաշինյանը, նման կարգի մարդիկ կամ Ալեն Սիմոնյանը ժողովրդի մեջ մեծ վարկանիշ ունեն: Բայց կա մի բան. երբ ժողովրդին հարցնում ես՝ Թուրքիայի՞ հետ ես, թե՞ Ռուսաստանի, ասում են՝ Եվրոպայի հետ:
Եվրոպայի հետ մենք ձեւ չունենք: Լսեցի՞ք Թրամփի հայտարարությունը: Ի՞նչ ասաց Ուկրաինայի մասով: Ասաց՝ ՆԱՏՕ չի մտնելու եւ, կարծում եմ, ԵՄ էլ չպետք է մտնի: Ոչ էլ Մոլդովան: Դրանով Թրամփն ասաց. «Եվրամիություն ես ինչ ես, կարող է ինձ դաշնակից ես, բայց ես քո տարածքի մեջ չեմ տեսնում այն տարածքները, որոնց նկատմամբ պատմական հավակնություն ունի Ռուսաստանը: Ես Ռուսաստանի հետ ձեր պատճառով չեմ պատրաստվում պատերազմել: Դա վերաբերում է նաեւ Հայաստանին: Մենք սա պետք է հասկանանք չէ՞:
Ես վստահ եմ, որ Թրամփը, Սի Ծինփինը, Պուտինը, ստիպողաբար՝ ԵՄ-ն, նստելու են, աշխարհը բաժանեն: Բաժանում են: Եվ ես չգիտեմ՝ Թրամփը ինչ կասի, որովհետեւ նա ասում է, որ Էրդողանն իր ընկերն է: Հայաստանը կամ թուրքական ազդեցության տակ պիտի լինի, կամ ռուսական: Սա է ձեր ընտրությունը, ժողովուրդ: Եվրոպա, եվրաքվե՝ բոլորը սուտ է: Այդ մարդիկ փորձում են իրենց հետույքները փրկել, որովհետեւ հասկանում են՝ ուր բերին ձեզ: Կտրեցին Ռուսաստանից, բայց բերեցին Թուրքիայի գիրկը: Եվրոընտրություն Հայաստանի համար չի կարող լինել, Եվրոպան չի ընդունի այս բեռը, այս թունավոր ակտիվը, ինչպես սիրում եմ ասել: Ռուսաստանի համար սա թունավոր ակտիվ չէ, ստրատեգիական գործընկեր է: Մենք Եվրոպայի համար ստրատեգիական գործընկեր լինել չենք կարող հենց թեկուզ մեր աշխարհագրական դիրքի պատճառով:
Վրաստանից են մարդիկ հրաժարվում, ում հետ ծովով սահման ունեն: Սա է, որ պետք է հասկանանք: Ոչ մի բան Նիկոլ Փաշինյանի խոստացածներից չի հաջողվել անել, բայց անընդհատ Ռուսաստանի գրպանը գցելով նրա արած կեղտերը, զգալիորեն նվազեցրել են Ռուսաստանի ազդեցությունը: Եվ պատկերացրեք, այսօր Հայաստանում լիքը մարդ կա, որ ասում է՝ թուրքերի հետ հեսա լավ ապրելու ենք: Երեք մատի կոմբինացիա կստանաք»:
Կարդացեք նաև
Խոսելով Ալիեւ-Պուտին հարաբերությունների լարվածության մասին՝ ՀՀ նախկին վարչապետն ասաց. «Եկեք ֆիքսենք: Երբ ես այդ մասին ասել էի, այդ ինքնաթիռի պատմությունը չէր եղել, ռուս-ադրբեջանական սրացումները չէին եղել: Պուտինի մոտ պարզվեց մի բան. դա Թուրքիայի ձեռագիրն է: Ասել եմ, որ Ալիեւը տատանվում է՝ Էրդողանի մո՞տ, թե Պուտինի հետ է իր համար հեշտ: Էրդողանը բամփել էր գլխին: Կարծում եք, որ Ալիեւը ինքնաթիռի հետ կապված երբ որ սխալ արտահայտություն արեց, դրանից առաջ չի՞ եղել Էրդողան-Ալիեւ հեռախոսազանգ: Իսկ այս ամեն ինչը տեղի ունեցավ Սիրիայից հետո: Հիմա Ռուսաստանում վստահություն չկա Ալիեւի նկատմամբ: Այստեղ էր, որ Հայաստանը պետք է մտներ այդ ճեղքը: Բայց ի՞նչ արեց Ալեն Սիմոնյանը ընդամենը չորս օր առաջ: Էլի հակառուսական հարձակում՝ հասկացնել տալով, որ հայ ժողովուրդ, իմ անձնական, իմ ընտանեկան բարեկեցությունը շատ ավելի լավ է ինձ համար: Թքած ունեմ քո ստրատեգիական շահերի վրա, եթե անգամ պետականությունը կորչի, եթե անգամ նոր ցեղասպանություն լինի: Իմ ընտանիքին հո չե՞ն կոտորելու: Կգնամ, կխնդրեմ՝ ինձ կխնայեն: Սա պիտի հասկանա ժողովուրդը»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ