Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետը մի քիչ էլ տղամարդ պտի էղնի, ոչ թե էսօրվա վերևինի պես, որ ասում է՝ բռնել կտամ, գետին փռել կտամ»․ Վարդան Ղուկասյան

Փետրվար 17,2025 20:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրին 12 տարի ղեկավարած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը պատրաստվում է մասնակցել Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին, գլխավորելու է Կոմունիստական կուսակցության ցուցակը, իր քարոզարշավը սկսել է՝ «Զբոսանք Վարդան Ղուկասյանի հետ» խորագրով տեսանյութերի ցուցադրմամբ։

Վարդան Ղուկասյանը զբոսնում է քաղաքի կենտրոնական հատվածներում՝ հերթով ներկայացնում այն ամենը, ինչը կառուցվել կամ վերանորոգվել է իր օրոք։

Հետաքրքիրն այն է, որ իրեն հատուկ սուր լեզվով անխնա քննադատում է Գյումրու նախկին իշխանություններին՝ անվանելով «սատանեք», Երևանում նստած չինովնիկներին։ Նրանցից  մեկին  «բիրդան աղա» անվանեց՝ ցուցադրելով, թե Գյումրու կենտրոնում ինչ շենք է ձեռք բերել ու միամիտ է ձևանում։

Զբոսանքի ժամանակ նա բարձրաձայնում է նաև աչքի ընկնող խնդիրները։

Ցույց տալով Վարդանանց հրապարակի ասֆալտե գորգը՝ Գյումրու նախկին քաղաքապետը  պատմեց, որ տեսնելով Երևանում կար քարե գորգ, բարի նախանձով լցվեց ու ինքն էլ իր քաղաքում կառուցեց։

«Ցավում եմ, որ ինձանից հետո 12 տարի է անցել, հլը էս քարերը տեսեք․․․ Մի 10-20 քար պիտի փոխեն, չեն փոխել, բացի դրանից արանքները պոկվում են, քթերի դեմը դրած՝ քթի ծակ էլ չունեն, արա, լեննականցիք կսեն՝ հլը գլուխդ վեր հանե, աշենք քթի ծակ ունե՞ս, ըսոնք էդ քթի ծակ էլ չունեն։ Էստեղ սարսափելի ձմեռ է լինում, ջուրը լցվում է, էս արանքները գոնե ցեմենտաջուր լցնեն, ուրիշ բան պետք չէ, որն էլ քանդված է, մի քանի քար է, փոխեն»,- ասաց Ղուկասյանը։

Նա անդրադարձավ նաև  ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ վերանորոգված լուսաձայնային շատրվաններին, որոնք գործարկվել էին Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

«Էս  շատրվանները վերակառուցել էի, 17 ձևի աշխատում էին, փոխվում էր ցվետոմուզիակայով։ Ինձանից հետո եկան 40, թե 45 միլիոն դրամ են տվել, ինչի՞ն են տվել, ես չգիտեմ։ Հլը սրա գույնին նայեք, հլը սրա վիճակը նայեք, կապույտ գույնի, թուրքական, թուրքի ձևերով էլ ներկել են, թե 45 միլիոն ինչի՞ համար են ծախսել օդի մեջ, ես էլ չգիտեմ։ Մի խոսքով․․․»,- նետեց Վարդան Ղուկասյանը։

Անդրադարձ կատարելով Վարդանանց հրապարակում տեղադրած արձանախմբին, Վարդան Ղուկասյանը պարզաբանեց․ «Ավարայրի մեր Վարդանանց արձանախումբն է։ Արշավիր Կամսարանական՝ Շիրակի տեր ու տիրականը, Կամսարականները եղել են Շիրակի իշխանները, որոնք մասնակցել են Ավարայրի ճակատամարտին և ամբողջ հայոց պատմության մեջ երևում է, որ Շիրակի տերերն են եղել։ Ցավում եմ, որ դպրոցներում չեն սովորեցնում… սովորեցրեք ձեր իշխանները, թագավորներն ովքեր են եղել»։

Նա, հատ-հատ ներկայացնելով արձանախմբի պատմական կերպարներին, նեղվեց, որ իր սարքած արձանախումբը  ևս անխնամ է, լույսերը չեն վառվում։

Այնուհետ պատմեց, թե ինչպես հրապարակի կառույցներից մեկի սեփականատիրոջը  կանչեց ու կտուրը փոխել տվեց, որ հրապարակի տեսքը չընկնի։

«Գիտես ինչ կա, տղամարդավարի կանչել եմ, ասել եմ՝ եթե չարեցիր, պատասխան կտաս ինձ։ Գիտես ինչ, քաղաքապետը մի քիչ էլ  տղամարդ պիտի էղնի, ոչ թե վերևինի պես էսօրվա, ձեր վարչապետը, որ ասում է՝ բռնել կտամ, գետին կփռեմ, ոստիկաններ, բերետավորներ, հասեք, բռնեք։ Չտեսա սրանց բերանից․․․

Գիտես ինչ, Հայոց այրուձին տղամարդ պիտի ղեկավարի, երբ առյուծներին ղեկավարում է ոչխարը, փախեք էդ երկրից, իսկ երբ ոչխարներին, հասկացաք, ղեկավարում է առյուծը, փառք քեզ տեր Աստված մեր, այ այդպիսի ղեկավար պետք է ունենաք, ոչ թե․․ Ո՞վ են սրանք, չենք էլ ճանաչում, Քաջնազարները՝ Ուստիանն ու Քաջ Նազարը, էլ բան չունեմ ասելու»։

Նա  ասաց, որ մասնավոր ներդրումներ կատարվել են « Էս տղու շնորհիվ» (նկատի ունի իրեն), մարդիկ մի կոպեկ փող չէին դնում Գյումրիում, իսկ ինքը կյանք է դրել, որ այդ գումարները բերել են։ Նա հիշեց նաև իր դեմ կատարված մահափորձը։

«Ես որ կենդանի եմ մնացել, դա սենսացիա է, 7 հատ ավտոմատի փամփուշտը մտնի մարմնի մեջ, 5 հատը հիմա մարմնիս մեջ է, 200 հատ էլ ասկոլկա, պատերազմում ոչ մեկն այդ վիճակում կենդանի չի մնացել։ Հետիս չորս տղեքը մահացան, ինչի համար, որ ասում էի Գյումրիում 5700 անօթևան կա, թուրք հայերը թափան վրեքս ու խփեցին մեզ»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Ի դեպ, նա նաև նշեց, որ տուրիզմով քաղաք չի պահվում, գործարաններ պետք է լինեն, հիշեցրեց, որ Գյումրին համարվել է Անդրկովկասի ամենաարդյունաբերական քաղաքներից մեկը, ունեցել է 70 գործարաններ։

Նա նաև ասաց, որ 36 տարի շարունակ գյումրեցին  լսում է, որ ամենաանապահով խավը Գյումրիում է։

«36 տարի լսում ենք, ընտրությունից ընտրություն միայն էդ խոսքն ասում ու փախնում եք»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա հիշեց, թե ինչպես հարկ եղած դեպքում Գյումրու համար կռիվ է տվել, բայց մի օր չտեսավ, որ քաղաքապետն ու ավագանու անդամները՝ դուրս գան պետության դեմ ու ասեն՝ քաղաքն այս վիճակի մեջ է, ինչ պետք է լինի, պետական առողջացման ծրագիրը ցույց տվեք։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728