Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիֆոռնիական քաղաքը հրաժարվում է անօրինական ներգաղթյալներին ապաստան տալու նահանգային քաղաքականությունից. «Ամերիկայի ձայն»

Փետրվար 17,2025 19:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Սահմանապահ ծառայության գործակալները շարունակում են անօրինական ներգաղթյալների ձերբակալությունները Ամերիկայում։ Մեծաթիվ ձերբակալություններ են իրականացվել Կալիֆոռնիայում, որտեղ քաղաքներից մեկը փորձում է հրաժարվել ներգաղթյալներին պաշտպանող նահանգային քաղաքականությունից։

Կալիֆոռնիա նահանգը սահմանափակում է տեղական ոստիկանության համագործակցությունը ներգաղթի հարցերով դաշնային վերահսկողական մարմինների հետ՝ արգելելով նրանց գործել որպես ներգաղթի գծով գործակալներ կամ կատարել ձերբակալություններ ապօրինի ներգաղթի հիմքով։

Այսպես կոչված, ապաստան տրամադրող նահանգի Հանթինգթոն Բիչ քաղաքը հռչակել է իրեն «ոչ ապաստանային քաղաք ապօրինի ներգաղթի համար՝ հանցագործությունները կանխարգելելու նպատակով»։

«Եթե անօրինական ներգաղթյալը հանցագործություն է կատարում, հատկապես ծանր հանցանք, նա պետք է հեռացվի։ Իրավապահ մարմինները պետք է աշխատեն մեր համայնքը հնարավորինս ապահով պահելու համար, և եթե նրանք չիրականացնեն իրենց գործառույթը, գուցե, ազատության մեջ հայտնվեն համայնքի համար անցանկալի մարդիկ»։

Հարբոր ինստիտուտը ներգաղթի օգտին հանդես եկող տեղական կազմակերպությունների համար իրականացնում է հետազոտական աշխատանք, և ինստիտուտի ներկայացուցիչ Մայ Դոյի խոսքով՝ որևէ ապացույց չկա, թե ապօրինի ներգաղթյալներին ապաստան տրամադրող քաղաքները սակավ անվտանգ են։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ ապաստան տրամադրող քաղաքներում ոչ միայն չեն ավելանում հանցագործությունները, այլև նվազում են։ Ուստի, Հանթինգթոն Բիչի քաղաքական գործիչների հակաապաստանային քաղաքականության հիմքում, իրականում, հասարակական անվտանգությունն ապահովելու ձգտումը չէ»։

Տեղական ռեստորանի սեփականատեր Չառլի Զաբլահը պաշտպանում է ապաստան տրամադրող քաղաքի կարգավիճակից հրաժարվելու քաղաքային իշխանությունների դիրքորոշումը։

«Սահմանը ապօրինի հատելը արդեն իսկ հանցագործություն է, օրենք խախտելը անընդունելի է։ Ես այստեղ եկել եմ օրինական ճանապարհով, սպասել եմ հերթում, վճարել եմ բոլոր տուրքերը։ Տասներկու տարի է պահանջվել քաղաքացի դառնալու համար»։

ԱՄՆ-ում անօրինական ներկայությունը քաղաքացիական իրավախախտում է, ոչ թե քրեական հանցագործություն։ Անօրինական մուտքը երկիր թեթև հանցանք է։ Երկրից վտարումից հետո ապօրինի կրկին մուտք գործելը համարվում է ծանր հանցագործություն, որը պատժվում է մինչև երկու տարի ազատազրկմամբ։

Նախագահ Դոնալդ Թրամփի` «Ամերիկյան ժողովրդի պաշտպանություն ներխուժումից» գործադիր հրամանագրի համաձայն՝ ապաստան տրամադրող բոլոր շրջանները, բնակավայրերը կզրկվեն դաշնային ֆինանսավորումից։ Սակայն դեռ պարզ չէ, թե որ տարածքները որքան դաշնային միջոցներից կզրկվեն։

Հանթինգթոն Բիչի ոչ ապաստանային քաղաք հռչակումը հիմնականում խորհրդանշական քայլ է, քանի բնակավայրի ղեկավարությունը չի վերահսկում տեղական իրավապահ համակարգը՝ նշում է Կալիֆոռնիայի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Էննի Լայը։

«Քաղաքային իշխանությունների այս հայտարարությունը սահմանափակ ազդեցություն է ունենալու, քանի որ քաղաքներն, ընդհանուր առմամբ, չունեն իրենց սեփական բանտերը։ Բանտերը վերահսկող կառույցը Օրանջ շրջանի շերիֆի վարչությունն է, ինչը նշանակում է, որ որոշումները կայացնում է մեկ այլ մարմին»։

Երբ Կալիֆոռնիան 2017 թվականին ընդունեց ապաստանի մասին օրենքը, Թրամփի առաջին վարչակազմը դատարանում վիճարկեց, թե այն խոչընդոտում է ներգաղթի դաշնային մարմիններին՝ ապահովել դաշնային օրենքի կիրառումը։ Վերաքննիչ դատարանը վճռեց նահանգի օգտին, իսկ ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվեց վերանայել գործը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728