2024 թվականի դեկտեմբերի 23-ին իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱՎ գրասենյակ է դիմել զորկոչիկ Ա․Բ․-ն։ Վերջինս ահազանգել էր, որ «Վանաձոր ԲԿ»-ում սեփական միջոցներով ցանկացել է անցնել բժշկական հետազոտություն, սակայն նրան մերժել են՝ հիմնավորմամբ, որ «ՀՀ առողջապահության նախարարությունից ունեն հստակ հրաման», որ առանց ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման կողմից համապատասխան ուղեգրման զորակոչային տարիքի անձանց իրավունք չունեն հետազոտելու, նույնիսկ առաջին բուժօգնության անհրաժեշտության դեպքում։
ՀՔԱՎ-ը բազմիցս բարձրաձայնել է սույն խնդրի մասին։ Կազմակերպություն դիմած զորակոչինկները նշում են, որ բոլոր բժշկական հաստատությունները վկայակոչում են ՀՀ առողջապահության նախարարության վերոհիշյալ հրամանը, չնայած ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք:
Զորակոչիկը հնարավորություն չի ունեցել ոչ միայն ստանալ բժշկական սպասարկում «Վանաձոր ԲԿ»-ում, այլև, ծանոթանալ առողջական վիճակի հետազոտություններին ԱՐՄԵԴ հավելվածում, քանի որ դրանք ներբեռնված չեն եղել հավելվածում։ Դեկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ ԶԶՀԾ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանումում զորակոչիկին տեղեկացրել էին, որ հետազոտությունների պատճենները վերջինիս տրամադրելու իրավասություն չունեն։
Զորակոչիկը դեկտեմբերի 23-ին ՀՔԱՎ գրասենյակ է դիմել՝ բողոքով, որ անցել է ոչ ամբողջական բժշկական հետազոտություն և առանց ԿԲՀ նիստին ներկայանալու ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինծառայության համար։
Կարդացեք նաև
ՀՔԱՎ-ի աջակցությամբ զորակոչիկը դիմել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն՝ զորակոչիկի բժշկական հետազոտությունների արդյունքները թղթային տարբերակով ստանալու հարցով։, Կազմակերպությունը դիմել է նաև ՀՀ առողջապահության նախարարություն՝ արձանագրելով, որ զորակոչի կազմակերպման և իրականացման ընթացքում Ա․Բ․-ն և առհասարակ մյուս զորակոչիկները բախվում են ոչ պատշաճ և ոչ ամբողջական առողջական սպասարկում ստանալու խնդիրներին, ինչը հանգեցնում է նրանց իրավունքների խախտմանը։
2024թ․-ի դեկտեմբերին Ա․Բ․-ն ծանուցվել էր զինվորական ծառայության զորակոչվելու մասին, սակայն հրաժարվել էր ծանուցագիրը ստանալուց և ծառայության մեկնել, քանի որ բժշկական հետազոտությունների արդյունքները ամբողջապես և օբյեկտիվորեն չէին արտացոլում իր իրական առողջական վիճակը։ Արդյունքում զորակոչիկին ուղեգրում են կրկնակի բժշկական հետազոտությունների, որոնց արդյունքներով զորակոչիկն այս անգամ տրամադրվում է տարկետում մեկ տարի ժամկետով ։
Փաստացի տարիներ շարունակ մենք բախվում ենք այն իրադրությանը, երբ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկի պիտանիության մասին որոշումը կայացվում է բժշկական թերի հետազոտությունների հիման վրա, քանի որ, մի կողմից առողջական խնդիրը չի բացահայտվում զորակոչի շրջանակներում, մյուս կողմից էլ զորակոչիկը սեփական ֆինանսական միջոցներով հնարավորություն չի ունենում հետազոտություններ անցնել։ Արդյունքում, պետության կողմից իր պարտավորությունները պատշաճ չկատարելու հետևանքով արձանագրվում են դեպքեր, երբ զորակոչիկն առողջական լուրջ խնդիրների առկայությամբ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, որի հետևանքով զինվորական ծառայության ընթացքում բախվում է առողջական վիճակի վատթարացման խնդրին, որն էլ որոշ դեպքերում հանգեցնում է ավելի ծանր հետևանքների։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ