Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ անվտանգության ապահովման մարտահրավերներին գիտության միջոցով դիմակայելու հեռանկարները՝ «Գիտուժ»-ի կազմակերպած համաժողովի օրակարգում

Փետրվար 17,2025 17:51

Փետրվարի 14-15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։

Երկօրյա համաժողովը նվիրված էր հումանիտար և հասարակական, ֆորմալ և բնական գիտություններին և տեխնոլոգիաներին։ Միջոցառման նպատակն էր տարբեր բնագավառների գիտնականների, քաղաքականություն մշակողների և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել Հայաստանի զարգացման և անվտանգության ապահովման առջև ծառացած մարտահրավերները և գիտության ու տեխնոլոգիայի միջոցով դրանց դիմակայելու հեռանկարները, վերհանել այս աշխատանքին խոչընդոտող ինստիտուցիոնալ ու գործնական խնդիրները։

Համաժողովի ընթացքում անցկացվեց զրույց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին Գիտուժ նախաձեռնության օրակարգային հարցերը՝ կապված գիտության և տեխնոլոգիայի քաղաքականության ձևավորման, ռազմավարական ուղղությունների հստակեցման և պետական աջակցության անհրաժեշտության հետ։ Զրույցի ընթացքում ընդգծվեցին վերջին տարիների ձեռքբերումները և հատուկ շեշտվեցին պետական ինստիտուցիոնալ բացերը, հատկապես անվտանգային կարիքների հստակ սահմանման ու դրանցից բխող ԳՀՓՄ (գիտահետազոտական և փորձարարական մշակումներ) աշխատանքների պատվերի համակարգի ձևավորման հարցում։

Մենք խորապես գիտակցում ենք առկա մարտահրավերների բարդությունն ու դրանց բազմաշերտ կառուցվածքը։ Սակայն ակնհայտ է, որ առանց պետական պատասխանատու մարմինների հետևողական և գործուն ներգրավվածության, առանց առկա ինստիտուցիոնալ բացերի համարձակ վերհանման և համակարգված լուծման, առանց երկարաժամկետ ու փոխկապակցված ռազմավարական մոտեցման, ինչպես նաև առանց Հայաստանի իրական կարիքներից բխող գիտության և տեխնոլոգիաների զարգացման հստակ տեսլականի, գիտության և տեխնոլոգիայի դերը երկրի առաջընթացում կմնա մասնակի, սահմանափակ և թերի իրացված։

Հիշեցնենք, որ չնայած նախապես հաստատված մասնակցությանը, տարբեր պատճառներով համաժողովին ներկա չգտնվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, որի հետևանքով «Գիտություն և տեխնոլոգիա | Ռազմավարական նպատակներ» խորագրով քննարկումը տեղի ունեցավ ոչ լիարժեք։

«Գիտուժ» նախաձեռնությունը հաստատակամորեն շարունակում է իր հանրային ջատագովությունն ու հետևողական աշխատանքը՝ պետական մարմինների, ակադեմիական հանրույթի և տեխնոլոգիական համայնքի հետ, որպեսզի համատեղ ջանքերով ձևավորվի գիտատեխնոլոգիական և նորարարական համակարգ, որը կնպաստի Հայաստանի մրցունակության բարձրացմանը՝ ապահովելով երկրի անվտանգությունը, տնտեսության և հասարակության զարգացումը։

«Գիտուժ» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728