Լրահոս
Օրվա լրահոսը

Հորս խոստացել էի Արցախի դրոշը ծածանել Արարատի գագաթին, այնտեղից Արցախի, իր ու իր զինակիցների կենացը խմել. Նանար Պողոսյանը հաղթել է «Առավոտի» «Արարատը ես եմ» մրցույթում

Փետրվար 17,2025 17:22

«Առավոտը» հայտարարել էր մրցույթ՝ «Արարատը ես եմ» թեմայով, հաղթողը որոշվել էր ֆեյսբուքում առցանց քվեարկությամբ՝ #Առավոտ #ԱրարատըԵսԵմ հեշթեգերով հրապարակումների հավանումների քանակով։ Մրցույթի հաղթողը արցախցի Նանար Պողոսյանն է: Նա իր հաղթանակը նվիրել է այսօր «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին եւ Բաքվի բանտում գտնվող մյուս հայ գերիներին՝ բոլորին մաղթելով հայրենադարձություն: Նանար Պողոսյանը պատասխանել է Aravot.am-ի հարցերին

-Դուք արցախցի առաջին աղջիկն եք, որը բարձրացել է Արարատ լեռան գագաթը, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար Արարատը եւ այդ վերելքը հաղթահարելն ու այնտեղ Արցախի դրոշը ծածանելը:

Լուսանկարը՝ Նանար Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

-Ինչպես հայոց պատմությունը սերտած յուրաքանչյուր հայի, այնպես էլ ինձ համար Արարատը սուրբ լեռ է ու մեր ազգային կարեւորագույն, սկզբունքային խորհրդանիշներից մեկը։ Դեռ մանկուց՝ դպրոցական տարիներին կարդալով եւ ոգեշնչվելով Աստվածաշնչով, որտեղ ըստ Ծննդոց գրքի՝ Նոյյան տապանն իջել է հենց Արարատ լեռան վրա, ինչպես նաեւ Մովսես Խորենացու «Հայոց պատմությամբ» որտեղ Մասիս անունը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, այնուհետեւ Խաչատուր Աբովյանի Արարատի վերելքով, Չարենցի «Ինչպես անհաս փառքի ճամփա՝ Մասիս սարով» ու «Արարատի գլխին դրոշ պիտի դնենք վաղ թե ուշ» երգով, երազեցի բարձրանալ Սուրբ լեռ Արարատն ու իմ դրոշը ծածանել հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթին։

Երբ երազանքիս մասին պատմեցի դպրոցի իմ ընկերներին, բոլորը ծիծաղեցին՝ ակնարկելով, որ ուսուցիչները մեզ սովորեցրել էին, թե Արարատն անհաս է եւ, որ ըստ վարկածի՝ Խաչատուր Աբովյանն է գնացել ու չի վերադարձել։ 12 տարեկան 6-րդ դասարանի աշակերտուհի էի, գնացի տուն եւ հայրիկիս հարցրեցի. «Պապ, ես կարո՞ղ եմ բարձրանալ Արարատ լեռը»: Հայրս ասաց՝ այո բալես, դու որ իմ աղջիկն ես՝ կարող ես: Ասացի՝ բա ինչու են ասում, որ Արարատն անհաս է… Ասաց՝ բալես, տեսնո՞ւմ ես ազատագրված Արցախը, Շուշին, մեր բոլոր շրջաններն ու գյուղերը: Ասացի՝ հա, ասաց՝ Արցախի ազատագրումն էլ իմ ու իմ զինակից ընկերների երազանքն էր, մենք երազեցինք ու էդ երազանքը նպատակ դարձրինք, շատերը չէին հավատում, որ մի օր Արցախը կազատագրվեր, բայց մենք ելանք թշնամուն դեմ առ դեմ ու հաղթեցինք, որովհետեւ Արցախը մեր հողն է, հայինն է, իսկ թուրքը վախենում է միասնական հայից: Ասացի՝ պապ, բայց դու վիրավորվել ես, առողջությունդ ես կորցրել, ասաց՝ բալես, քո ընկերներից շատերն անգամ հայր չունեն, զոհվել են, ու դու երեխա ես, ծանր թեմաներից մի խոսիր, եթե ուզում ես բարձրանալ Արարատը, ուրեմն այդ երազանքդ նպատակ դարձրու ու կապ չունի՝ ով է ծիծաղում, ով է հավատում կամ չի հավատում, կարեւորը դու ինքդ քեզ հավատա, կարեւորը ինքդ քեզ հաղթիր, ոչ թե ուրիշներին։ Իրեն հատուկ բարձր տոնով հայրս քահ-քահ ծիծաղեց, ինձ պինդ գրկեց ու մայրիկիս ասաց. «Էս խոխան էլ օզումա Արարատ պիցրանա»: Մայրս էլ թե՝ «Էդ խոխան թող դեռ մծանա»:

Ասացի՝ պապ, դու հավատում ես, չէ՞, որ ես Արցախի դրոշը ծածանելու եմ ու դնելու եմ Արարատի գագաթին ու այնտեղից Արցախի, քո ու զինակից ընկերներիդ կենացն եմ խմելու Արարատ կոնյակով, որ բոլորն իմանան Արցախի ու մեր հերոսների մասին, ասաց՝ բալես Արարատը սուրբ լեռ է, այնտեղ կաղոթես մեր հայրենիքի համար։ Այդ տարի հայրս էլ մահացավ, առողջությունը չներեց ու պատերազմի հետեւանքը նաեւ իմ սեփական մարմնի վրա զգացի. դա 2003 թիվն էր։ Իմ ու հորս խոսակցությունը միշտ ուղեղումս էր։

Հորս մահից հետո ես սկսեցի ստեղծագործել, իմ ներսում եղած ցավի մասին չէի կարող ոչ մեկին պատմել, միայն թղթին էի պատմում։ Միաժամանակ հիշում էի հորս խոսքերը՝ դու որ իմ աղջիկն ես, կարող ես: Հիմա եմ հասկանում, թե հայրս ու իր զինակից ընկերները ինչերի միջով են անցել Արցախն ազատագրելու համար, բայց ոչ մի օր հետ չեն կանգնել իրենց նպատակից մինչեւ չեն հասել իրենց երազանքի գագաթին։

Մտածում էի, որ հիմա առավել եւս պիտի հասնեմ Արարատին, որովհետեւ հորս խոսք եմ տվել, որովհետեւ նա հավատացել է իմ հաղթանակին ու երկնքից պիտի հպարտանար ինձնով։ Ես ոչ մի օր չեմ հեռացել իմ երազանքից, դպրոցն ավարտեցի, ուսանող դարձա, համալսարանն էլ ավարտեցի, աշխատանքի մտա, որ կարողանամ գումար վաստակել ու որ Արարատ բարձրանալու ծախսերս կարողանամ ինքս հոգալ։

Ու մի օր եկա, գրկեցի մայրիկիս, ասացի՝ մամ, ես գնում եմ իմ երազանքի հետեւից, մայրս թե՝ բալես ախր վախենում եմ, առանց այն էլ պատերազմի մասին գիրքդ էր թշնամին քննարկում, վախենում եմ՝ չկարողանաս, մնաս ճամփին, թուրքերով ու քրդերով շրջապատված, Արցախի դրոշը ո՞նց ես դնելու։ Ասացի՝ մամ, խոսք եմ տվել ինքս ինձ ու պապային, ինձ օրհնի ու բարի ճամփա մաղթիր, Արցախն էլ դժվար էր ազատագրելը, բայց արեցին, չէ՞ տղերքը, ես էլ այդ տղաներից մեկի աղջիկն եմ ու ես իմ մտքում արդեն հաղթահարել եմ բարձունքը։

Սկսեցի վերելքը, սկզբից հեշտ էի բարձրանում, սակայն օրեցօր դժվարանում էր ճանապարհը, բայց վեհ էր նպատակը։ Ողջ ճանապարհին մի բան էի մտածում՝ ինչո՞ւ ենք մենք անընդհատ կորցնում, ո՞րն է հայերիս դարավոր խնդիրը….

-Խնդրում եմ նկարագրեք այն զգացողությունը,որ ունեցաք Արարատի գագաթին: 

-Արարատի գագաթին գերիշխողը զգացողություններն են՝ մի կողմից կարոտ, ցավ, կսկիծ, մի կողմից հպարտություն ու պարծանք։ Նախապես որոշել էի, որ եթե պատվով հաղթահարեմ ճանապարհի բոլոր դժվարություններն ու հասնեմ իմ երազանքի գագաթ՝ բիբլիական Արարատ, ծածանեմ Արցախի դրոշը, ապա այնտեղից միանալու եմ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությանը, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Իսկ երախտագիտությունը գործով արտահայտելու գաղափարը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շարժիչ ուժն է։


Աշխարհով մեկ սփռված այն անհամար փրկվածները, որոնք վերապրելու հնարավորություն են ստացել շնորհիվ ուրիշների մեծահոգության, կարող են լավագույնս արտահայտել իրենց երախտագիտությունը՝ համարժեք քայլ կատարելով։ Այսպիսով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է, որի ամենակարեւոր հատկանիշներն են.

1.Խիզախություն՝ զգալի ռիսկերի հաղթահարումն է, մասնագիտական պարտքից ավելին անելն է հանուն մարդկային կյանքի։

2.Նվիրվածությունն այնպիսի արժեքներին, ինչպիսիք են ազնվությունը, ազատությունը, արդարությունը, ճշմարտապահությունը, պատասխանատվությունն ու կարեկցանքը և այլոց փրկելիս ուղղակի ներգրավվածությունը։

3.Ազդեցությունն իրենց համայնքի, երկրի և աշխարհի վրա, երկարաժամկետ հետևանքներ ունենալը մարդկանց փրկության գործում, մարդկանց ոգեշնչումը՝ մղելով նրանց կյանքեր փրկելու։ Իսկ #AraratChallenge-ը համաշխարհային դրամահավաք-շարժում էր, որը մեկնարկել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից։ Այն հորդորում է նկարահանել եւ տեղադրել Արարատ լեռան նկար, քանդակ կամ որեւէ այլ պատկեր ներառող հոլովակներ եւ դրանցում կոչ անել մարդկանց նվիրատվություն կատարել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագծերին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին։

Ուստի պատվով հաղթահարելով բոլոր ռիսկերը, սուրբ լեռ Արարատի գագաթից ինքս իմ օրինակով միացա «Ավրորա» նախաձեռնության #AraratChallenge-ին, կատարելով ամենամյա նվիրաբերություն, օգնելու համար բոլոր այն մարդկանց, որոնք գտնվում են կարիքի մեջ եւ կոչ արեցի, որ բոլոր մարդիկ եւս միանան։

Ի դեպ, իմ այդ քայլով ոգեշնչվել էին «Ավրորայի» համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը: Նրանք իրենց ելույթներում նշում էին, որ արցախցի մի աղջիկ միացել է համաշխարհային մարդասիրությանը, ինչն ինձ համար մեծ պատիվ էր՝ լինել համաշխարհային մարդասերների ցանկում:

– Ինչպե՞ս տեղեկացաք «Առավոտի» մրցույթի մասին:

– «Առավոտի» մրցույթի մասին տեղեկացա նախավերջին օրը՝ «Առավոտի» ֆեյսբուքյան էջից, սակայն 1 օրվա մեջ ընդհանուր փոստս ունեցել է 1265 հավանում, 230-ից ավել կիսում, իսկ առանձին լուսանկարներն ու տեսանյութերը հավաքել էր 2.000 հավանում, իսկ եթե 1 լուսանկարով կամ 1 տեսանյութով հանդես գայի, ապա այդ 2.000 կլիներ ընդհանուր փոստին, բայց ես 1 փոստով շատ բան եմ տեղադրել, իսկ մարդկանց, որը դուր էր գալիս, դա էին հավանում։ Սա շատ լավ նախաձեռնություն էր, եւ կուզենայի, որ նման հայրենասիրական մրցույթներ հաճախակի լինեին։ Ի վերջո, Արարատը ես եմ, դու ես, նա է, Արարատն ամբողջ հայ ժողովուրդն է:

– Արարատը Չարենցի բառերով՝ անհաղթ փառքի ճամփա է, ցավոք այսօր Արցախն է դարձել այդպիսին: Հույս ունե՞ք,որ նորից վերադառնալու եք Արցախ:

– Բայց ես իմ օրինակով ապացուցեցի չէ՞, որ անհասանելի ոչինչ չկա, մարդու մտքին տեղ լինի։ Մեկ անգամ ազատագրված Արցախը 2-րդ անգամ էլ կազատագրվի։ Մենք դեռ ունենալու ենք «Հարսանիք լեռներում»:

Լուսանկարը՝ Նանար Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

– Դուք մինչեւ վերջին օրը եղել եք Արցախում,ի՞նչ եք թողել այնտեղ եւ ինչ մասունք եք բերել Ձեզ հետ:

– Ես իմ սիրտն եմ թողել Արցախում, որի անունը Հող հայրենի է, հորս գերեզմանն ու իմ խաղաղությունն եմ թողել Արցախում… Ու ոչ մի մասունք չեմ բերել ինձ հետ, որովհետեւ մասունք բերել՝ կնշանակեր, որ ես հրաժեշտ եմ տալիս Արցախին, իսկ ես անգամ իմ մտքում հրաժեշտ չեմ տվել Արցախին: Ես ոչինչ չեմ բերել, ես ինձ եմ թողել Արցախում, որ նորից վերադառնամ ու գտնեմ ինձ:

-Կա՞ մի բան, որի համար ափսոսում եք,ասենք՝ որեւէ քայլ անելու կամ չանելու համար…

– Ու մի օր այս հարցին չբախվելու համար, իմ յուրաքանչյուր վայրկյանը ապրել եմ Արցախում ու Արցախով։ Ուսումնասիրել եմ Արցախի ամեն մի քարը, թուփը, ծառը, գյուղը, սարը, չկա մի լեռ, որ բարձրացած չլինեմ, չկա մի վանք ու մատուռ, որտեղ աղոթած չլինեմ։ Արցախը սիրել եմ Արցախում, իր մասին հոգ տանելով ու խնամելով, Արցախին երբեք դժվար պահերին միայնակ չթողնելով, չեմ լքել հայրենիքը ու հեռվից չեմ սիրել հայրենիքը, բայց փաստորեն այդ ամենը քիչ էր, որովհետեւ հողը խռովել էր մեզնից, որովհետեւ մենք շատ ենք հեռացել Աստծուց, որովհետեւ միաբան ազգ չենք…

Զրույցը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728