«Ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ քաղաքապետարանի ղեկավարության բացատրությունը տրանսպորտի թանկացման հետ կապված: Քեզ ո՞վ է խանգարում որակյալ ծառայություն մատուցես էժան գներով։ Մի հատ ինձ կարող է մեկը այսպես ողջամիտ, ռացիոնալ բառապաշարով սա բացատրել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հարց հնչեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Երեւանում տրանսպորտի թանկացմանը վերաբերող հարցին։
«Ասում են՝ 250 ավտոբուս պիտի առնենք, դրա համար այսքան գումար է պետք, տրանսպորտը պետք է ինքնածախս լինի: Այսինքն, ասում են՝ այսքան ներդրում պիտի արվի, այս ներդրումը մենք պետք է իջեցնենք մինչեւ քաղաքացին: Իսկ ո՞վ ասաց, թե քաղաքային տրանսպորտը պետք է ինքնածախս լինի: Դա բիզնես չի: Աշխարհում ոչ մի տեղ քաղաքային տրանսպորտը չի դիտվում բիզնես: Ասեմ ես ոնց կանեի. այսօր երկրում պաշտոնական թվերով 25%-ը աղքատ է համարվում։ Հիմա դու պետք է այդ աղքատների եկամուտը գնահատես և պետք է հաշվես, թե ինչ գինն է քաղաքային տրանսպորտի մատչելի այդ մարդկանց համար։ Ոչ թե՝ ինչ գին պիտի դնեմ, որ լավ ծառայություն մատուցեմ։ Լավ ծառայություն մատուցելը քո պարտականությունն է։ Ի՞նչ գինն է մատչելի քաղաքացու համար։ Այստեղից պետք է սկսես պարել։ Եթե այդ 25%-ի համար մատչելի գինը 50 դրամ է, ուրեմն պետք լինի 50 դրամ, եթե 100 դրամ է, ուրեմն պետք լինի 100 դրամ: Մնացած գումարը դու պետք է սուբսիդավորես, սա է լուծումը: Եթե քաղաքային տրանսպորտը լավ է աշխատում, քաղաքում բոլոր բիզնեսներն են սկսում լավ աշխատել և դու այդ եկամուտը ուրիշ տեղից ես ստանալու։ Սա է միայն ճիշտ մեթոդաբանությունը»,-ասաց նա՝ հեգնելով, որ ԱՆԻՖ հիմնադրամում մսխված գումարով հնարավոր էր Երեւանի տրանսպորտի հարցը կարգավորել։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԱՆԻՖ հիմնադրամում, որը ղեկավարել է Տիգրան Ավինյանը մոտ 20 միլիոն դոլարի մսխումների մասին է խոսվում․ կա հարուցված քրեական գործ, բայց մեղավորներ՝ չկան։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ