«Արմեն Աշոտյանին ամբողջ հանրապետությունն է ճանաչում»,-Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ ի պատասխան դատավոր Վահե Դոլմազյանի հարցի՝ Արմեն Աշոտյանին ճանաչո՞ւմ եք, այսպես պատասխանեց վկա, ԵՊԲՀ տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանը (լուսանկարում)։ Նշենք, որ այսօրվա նիստին չէր ներկայացել մյուս վկան, քանի որ ոտքի կոտրվածք ուներ։
Դատական նիստի ընթացքում չավարտվեց վկա Սամվել Բարոյանի հարցաքննությունը, այն կշարունակվի հաջորդ դատական նիստի ժամանակ։
Սամվել Բարոյանն ասաց, որ այժմ էլ աշխատում է Բժշկական համալսարանում։ Դատավորի հարցին՝ Միքայել Նարիմանյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահումների, փաստաթղթեր կեղծելու և ընդհանրապես գործի հանգամանքներին ծանո՞թ է, Սամվել Բարոյանը պատասխանեց․ «Այդպիսի բան ոչ նկատել եմ, ոչ էլ ինձ հայտնի է։ Նույնիսկ պատկերացում չունեմ՝ ինչ չարաշահումների մասին է խոսքը։ Իմ աշխատած տարիներին և մինչև հիմա չի եղել որևէ դեպք, որ նկատեմ չարաշահումներ»։
Մեղադրող դատախազ Արման Նշանյանը հարցրեց՝ Սևանի Ծովասար հանգստյան տան մասին ի՞նչ տեղեկություններ ունի։ Վկան պատասխանեց․ «Տեղեկություններ ունեմ, որ գույք է ձեռք բերվել»։ Սամվել Բարոյանն ասաց, որ տեղյակ է եղել՝ Բժշկական համալսարանն ունեցել է հանգստյան տուն Սևանում՝ «Եթեր» հանգստյան տունը և Դիլիջանում։
Կարդացեք նաև
Հարցին՝ մինչև «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը եղե՞լ է արհեստակցական կազմակերպություն, վկան պատասխանեց․ «Մինչև Մարթա Սիմոնյանը, այո, եղել է արհեստակցական կազմակերպություն։ Որպես աշխատակից եղել եմ արհեստակցական կազմակերպության անդամ։ Ավելի ակտիվ Մարթա Սիմոնյանի ժամանակ էր արհեստակցական կազմակերպությունն, ավելի աշխույժ, նկատելի էր արհեստակցական կազմակերպության աշխատանքը, միգուցե Մարթա Սիմոնյանի երիտասարդ ջիղն էր»։
Միքայել Նարիմանյանի փաստաբանը վկայից հետաքրքրվեց՝ Սևանում գտնվող «Եթեր» հանգստյան տունն ի՞նչ վիճակում էր, նա պատասխանեց․ «Սևանում գտնվող «Եթեր» հանգստյան տունը գտնվել է ոչ բարվոք վիճակում։ Տաք ջուր չի եղել, ջրագիծը համալսարանն է անցկացրել, կոյուղու վիճակը շատ վատ էր։ Մինչև հիմա էլ նույն շենքը առանց վերանորոգման նույն տեղում է։ Անձրևաջրերը բոլոր հարկերում ներթափանցել են, գույքն է քայքայված։ Պատուհանները, դռները հատակը պետք է փոխվի, ամբողջ շենքի տանիքը պետք է կառուցվի։ Դա շարժման տարիներին գործել է՝ որպես շտաբ, հավաքվել են այդտեղ 90-ականներին, պատկերացրեք՝ դրա մահճակալների ու պահարանների վիճակն ինչ պիտի լինի»։
Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հարցրեց՝ եթե պատճառ լիներ գաղտնի ձեռք բերել «Ծովասար» հանգստյան տունը, այդ դեպքում որևէ ողջամիտ պատճառ հայտնի՞ է, թե ինչու են Ձեզ հանձնարարել պարզել «Եթեր» հանգստյան տան վերանորոգման հնարավորությունը, վկան պատասխանեց՝ չեմ կարող ասել դա․ «Եթե ձեռք էին բերում, կարող էին ինձ տեղյակ չպահել»։
Վահե Դոլմազյանը կրկին հետաքրքրվեց վկայի և Արմեն Աշոտյանի հարաբերությունների մասին։ Հարցրեց՝ Արմեն Աշոտյանին ճանաչում է՝ որպես ՀՀ քաղաքացի, տարբեր պաշտոններ զբաղեցնող անձ, քաղաքական գործի՞չ, թե՝ ճանաչում է մեկ այլ տեղից, Սամվել Բարոյանը պատասխանեց․ «Որպես համալսարանի աշխատակից և կապ ունեցող պաշտոնյա եմ ճանաչում։ Պարոն Աշոտյանին ճանաչում եմ՝ որպես ակտիվ քաղաքական գործիչ, որպես ԿԳ նախարար, մեր բուհի բոլոր միջոցառումների ակտիվ մասնակից, խորհրդի նախագահ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ