Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը՝ դատավորին. «Դուք կուսակցության վարչության նիստ չունե՞ք, որ ինձ բերել, հասցրել եք Վայքի դատարան: Վարչության նիստ արեք, ինձ դատեք»

Փետրվար 17,2025 16:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով իր «Ոսկե հորթը» փաստավավերագրական մոնոներկայացման համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իր դեմ ներկայացրած քաղաքացիական հայցի եւ այդ գործով Արմավիրի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանի հրապարակած դատավճռի մասին, որով իրեն պարտավորեցվում է ներողություն խնդրել եւ ընդհանուր առմամբ վճարել 1 մլն. 300 հազար դրամ տուգանք, ասաց. «Այդ դատ կոչվածում Ալեն Սիմոնյանի ասածն այն է, որ որպես վիրավորանք ես իրեն ասում եմ տխմար: Ես էլ ասում եմ, որ ես իրեն չեմ ասել տխմար, իրեն տխմար ասել է ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը, որին նույնպես դատի է տվել, ու Աննա Մկրտչյանի գործով դատը դեռ չի ավարտվել: Եվ եթե չի ավարտվել, պարզ չի, թե ինչ հանգուցալուծում կլինի, որովհետեւ Աննա Մկրտչյանը կարող է այնպիսի փաստեր ներկայացնել, որ Ալեն Սիմոնյանը այդ փաստերին ծանոթանա եւ ասի, որ իր հայցից հրաժարվում է: Կարող է նման բան լինել, կարող է հաշտություն լինել, կարող է այլ լուծում լինել:

Հարցնում եմ. ասել եմ՝ Ալեն Սիմոնյանը տխմա՞ր է, ասում են չէ, բայց մի նկար ես դրել էկրանին, ու ասել, որ ներկայացումը կարող էր կոչվել ոչ թե «Ոսկե հորթը», այլ «Տխմարը»: Ու քանի որ Ալեն Սիմոնյանի նկարն է եղել, ուրեմն տխմար ասել ես Ալեն Սիմոնյանին: Նկարը բացում, նայում ենք, միայն Ալեն Սիմոնյանը չի: Նկարում են Ալեն Սիմոնյանը, Հրաչյա Հակոբյանը եւ Էդվարդ Աղաջանյանը:

Ես Ալեն Սիմոնյանի ներկայացուցչին՝ փաստաբանին, հարցնում եմ. նկարում երեք հոգի են, ինչի՞ մտածեցիր, որ այդ երեքից տխմարը Ալեն Սիմոնյանն է: Անձնապես ճանաչում ես՝ դրա՞ համար ես եկել այդ կարծիքին: Թե՞ իրենք երեքով նստել, նայել են ու ենթադրել կամ որոշել, որ դա Ալենը կարող է լինել:

Տեսեք, այս դատավոր Դավիթ Սարգսյանը մինչեւ դատավոր լինելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ եղել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալ, մինչեւ դա՝ սփյուռքի նախարարի տեղակալ: Ինչո՞ւ: Որովհետեւ սփյուռքի նախարարը եղել է Մխիթար Հայրապետյանը, որն էլ իր եղբայր Տրդատ Սարգսյանի համակուրսեցին է:

Մամուլում գրել էին, որ Դավիթ Սարգսյանը դատավոր դառնալու իրավունք չուներ, որովհետեւ նախկինում դատվածություն ունի: Ո՞վ է նրան դատավոր դարձրել: ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը: Ալեն Սիմոնյանի շահերն էլ պաշտպանում է մի փաստաբանական ֆիրմա, որի 60 %-ի տերը Գրիգոր Մինասյանն է, 40 %-ի տերը նույն Կարեն Անդրեասյանի կինը:

Ես էլ դատավորին ասել եմ. «Լսեք, հայցվորը Ալեն Սիմոնյանն է, եղբայրդ ՔՊ-ի պատգամավոր է, դու եղբորդ եղբայրն ես, եղել ես մարզպետի տեղակալ, նախարարի տեղակալ, շահերը ներկայացնում է արդարադատության նախարարը կամ ԲԴԽ-ն: Դուք կուսակցության վարչության նիստ չունե՞ք, որ ինձ բերել, հասցրել եք Վայքի դատարան: Վարչության նիստ արեք, ինձ դատեք:

Այստեղ ակնհայտ հանցանքի տարրեր կան: Քրեական օրենսգիրքը մի հոդված ունի, որտեղ ասվում է՝ եթե կայացվում է ակնհայտ սխալ դատավճիռ՝ խմբային շահերով պայմանավորված, դա հանցանք է: Դատավորը, որ այդ խմբի անդամ է, ապացուցված է: Դատավոր Դավիթ Սարգսյանն ինքը պիտի ինքնաբացարկ հայտներ: Դատարանի դահլիճում նկար եմ ցույց տվել: Ասում եմ. «Հարգարժան դատարան, այս նկարում պատկերված են Ալեն Սիմոնյանը՝ իր կնոջ հետ, ԲԴԽ նախագահը՝ իր կնոջ հետ, որն այդ փաստաբանական ֆիրմայի տնօրենն է ու սեփականատերը: Այս նկարը Ալեն Սիմոնյանի կինը հրապարակել է քո եղբոր՝ Տրդատի, հարսանիքից, «Դվին Մյուզիք Հոլից»: Ինն էջանոց բացարկը ներկայացրել եմ՝ մերժել է, հիմա էլ վճիռ է կայացրել, ասում է՝ ներողություն խնդրի Ալեն Սիմոնյանից ու փող տուր:

Փողի հետ կապված: Տեղեկանքները ներկայացրել եմ, որ ինչ իրենք եկել են իշխանության, ինձ բոլոր հնարավոր աշխատանքներից հանել են, այդ թվում՝ դասախոսական աշխատանքից: Վերջին երեք տարում իմ աշխատավարձից եկամուտը զրո դրամ է: Ես հիմա եկամուտ չունեմ, սա էլ կենսաթոշակային հիմնադրամի հաշվետվությունը: Բայց ունեմ չորս երեխա, երկուսը՝ անչափահաս, կինս էլ չի աշխատում: Հիմա ձեր նպատակը ո՞րն է, ես ի՞նչ պիտի անեմ: Պիտի տունս ծախե՞մ, գրա՞վ դնեմ, վա՞րկ վերցնեմ, որ տանեմ Ալեն Սիմոնյանին փող տամ, ինչ է, թե բարձրաձայնել եմ իր կոռուպցիոն հանցագործությունների մասի՞ն:

Ես բոլոր ուղղություններով ու մինչեւ վերջ գնալու եմ: Սրանց պետք չէ այսպես թողնել: Ամեն ինչ նոր է սկսվում»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728