Դուք եւ Ձեր թիմը պարբերաբար փաստերով ներկայացնում եք գործող իշխանության կառավարման բացերը, բայց միաժամանակ կա տեսակետ, որ գործող իշխանության համար դուք լավագույն ընդդիմությունն եք․ այսօր կայացած մամուլի ասուլիսում նկատեց Հանրային ռադիոյի լրագրողը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվելով՝ իր կառավարման տարիներից հատկապես ո՞ր դրվագն է դաջվել մարդկանց հիշողության մեջ, որը որ նրանց այսօր էլ ստիպում է իր մասին լսելով՝ նախընտրել գործող իշխանությանը։
«Դուք մտածում եք, որ հնարավոր է երկրում ունենալ նշանակովի ընդդիմությո՞ւն․ ես դրան չեմ հավատում։ Սա այն դեպքն է, որ չի լինում ոչ նշանակովի ընդդիմություն, ոչ նշանակովի առաջնորդ։ Սա լուրջ մրցակցային դաշտ է եւ այդ դաշտում ամեն մի քաղաքական ուժ հնարավորություն ունի դրսեւորվելու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը եւ սկսեց թվարկել իր իշխանության տարիներից դրվագներ, այդ թվում` նաեւ այն, որ իր իշխանության շրջանում ամենաքիչ զոհերն են եղել առաջնագծում, Հայաստանն ամենախաղաղ շրջանն է ապրել, միջին աշխատավարձը հինգ անգամ է աճել, ինֆլյացիան երեք տոկոս է եղել եւ այլն ու դրանք հիմնաքարային դրվագներ են։
Լրագրողը հիշեցրեց, որ իր կառավարման տարիներին նաեւ «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը փակվեց, ինչի անօրինականությունը նաեւ ՄԻԵԴ որոշումով ամրագրվեց եւ դա ՀՀ բյուջեի համար արժեցավ մի քանի տասնյակ հազար եվրո։
«Օքեյ, էդ ի՜նչ ողբերգություն էր։ ՀՀ անվտանգությունը դրա պատճառով սասանվեց, սահմանում մենք տվեցինք 5,5 հազար զոհ․․․»,- հեգնեց Ռոբերտ Քոչարյանը՝ պնդելով, որ իրականում «Ա1+»-ն այն ժամանակ եղել է երկու սենյակ, մի տաղավար․ «Մրցույթ է հայտարարվել հաճախականության համար։ Իրենք երեւի համարելով, որ իրենք անգերազանցելի են, տվել են մի առաջարկ, երեք էջի վրա՝ ձեռքով գրած։ Մրցակիցը, եթե չեմ սխալվում «Կենտրոնն» էր, մասնագետ են վարձել, տվել են մի առաջարկ, որը մի պատկեր էր տալիս։ Հանձնաժողովի նախագահը գիտե՞ք ինչ, հետո ասեցի՝ խի՞ եք սենց արել։ Ասում է՝ սենց էր, ես ի՞նչ անեի»։
Կարդացեք նաև
Իսկ ՄԻԵԴ որոշումը «Ա1+»-ի մասով, Ռոբերտ Քոչարյանը որակում է Եվրոպայի կողմից կիրառված կրկնակի ստանդարտ, որի օրինակները անսահման են։ Նա նույնիսկ վկայակոչեց Եվրոպայի առաջին դեմքերից Ժոզեֆ Բորելին, ով կարեւոր հայտարարություն է արել՝ ասելով՝ Եվրոպայի հիմնական խնդիրը կրկնակի ստանդարտները կառավարելն է։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ