Մեր ժամանակների գեոպոլիտիկ աշխարհում ավելի են սրվում հին ժամանակներից վեճ ու կռիվ հարուցող այն հարցերը, թե այս կամ այն արժեքը ազգայի՞ն պիտի լինի, թե՞ պարզապես մարդկային, որին համամարդկային անուն են տալիս: Այդ անվերջանալի վեճը դեռևս չհանգած կրակի նման, ամեն «թեթև քամու փչելով» ավելի է բորբոքվում` անձերի իրարամերժ թեժ կարծիքներով, գիտնականների պաշտպանած թեզերով ու հակաթեզերով, ժողովրդական կոչվող հանրային հավաքներով, իշխանական, պետական կամ իշխանապետական յուրօրինակ, նորօրինակ, ինչ որ չգրված օրենքով` անօրինակ, իսկ շատ ավելի շուտ` տարօրինակ որոշումներով, որոնք մեծամասամբ աշխարհաքաղաքական են, երբեմն ազգային են, երբեմն համազգային են, իսկ շատ ավելի հաճախ`ապազգային են: Այդ նոր ուժով թեժացող կրակը երբեմն շատ ավելի մեծ խարույկ է դառնում, մինչև որ այդ բորբոքը հանդարտվում է սովորական անտարբերության կամ անտարբերության սովորական զորությամբ ու մոխրացող կրակի նման այդ հարցի մասին այլևս չեն խոսում և, թվում է, թե այլևս չեն էլ մտածում:
Մինչ ամենքը երգ ու պարի, հագուկապի, տարազ ու սմոքինգ հագնելու մասին անվերջ վիճում-վիճաբանում-բանավիճում են, ստեղծագործող հատուկենտ աստվածատուր ու երկնապարգև հանճարներ աներևակայելի տքնությամբ այդ բարդագույն խնդիրների անհավատալիորեն պարզ լուծումներ են գտնում ու այն ներկայացնում են հանրություն ասվածին կամ վերջին ժամանակներս միջազգային հանրույթ կոչվող հասարակությանը:
Այդպիսի գերհանճարեղ տքնանքով ու միաժամանակ համայն մարդկության նվաճած համամարդկային չափանիշերով Կոմիտասը կարողանում է բյուրեղացնել ազգային տարերայնորեն սփռված արժեքները և Արամ Խաչատրյանը պարզ ու զուլալ ազգային մեղեդին կարողանում է հասցնել համամարդկային երաժշտական ամենաբարձր աստիճանի չափանիշերին` սիմֆոնիկ երաժշտության, բացառիկ կոնցերտի, համաշխարհային բալետային երաժշտության ամենաբարձր գագաթների և մեկը մյուսից ինքնատիպ ու հնչեղ բազում կինոերաժշտություններ, հիմներ ու երգեր հեղինակելով: Այդ պահերին ես տեսնում, որ կա մի ներդաշնակ սահման, կա Արիստոտելի նշած «ոսկե միջին» գերագույն որակ, կա մի մարդկային բարձրագույն որակ, որ իր մեջ պարուրում, պարունակում է նույնաժամանակ ու միաժամանակ ազգայինն ու համամարդկայինը, կա ազգային անփոխարինելի որակ, որով պարզերես ներկայանում ես աշխարհին և կա մարդկության մեծագույն նվաճում, որ աշխարհից բերում դարձնում ես քո ազգային առօրյան: Եվ հենց այդ զույգ որակներով համաքայլ ես դառնում աշխարհի անցուդարձին և քանի որ քո ազգայինը համամարդկային է և համամարդկայինը քո ազգայինն է: Քո երկիրը դառնում է աշխարհի մեծագույն նվաճումների շքերթին մասնակից պետություն, քանի որ դու ունես հնագույն որակներ, որոնք այսօր նորովի են ներկայանում աշխարհին և ունես այնպիսի մեծագույն կարողություն, որ աշխարհի նվաճումները դարձնում ես քո ազգային առօրյան:
Արվեստը, որ անցած ու այսօրեական մշակույթի հավաքական տեսանելի բարձրակետն է, այդ հին ու նորը ներառում է իր մեջ և հանդես է գալիս ի տես ազգային և միջազգային հանրության և հենց իրենով, հենց իր գոյությամբ ու իր գործունեությամբ է վկայում աշխարհին համաքայլ լինելու պատիվը, պարտականությունը, հաստատումն ու հավաստիացումը:
Կարդացեք նաև
Ի պատիվ Հայաստանի, ի պատիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հարյուրամյակի և 100 տարի ամենօրյա շքեղ, բարդ, եզակի ու անփոխարինելի գործունեության, հենց իր ծնունդով արդեն, հենց իր հիմնադրման ու մեկդարյա ամենօրյա գործունեության բերումով է հաստատվում աշխարհի նվաճումին մասնակից լինելու փաստն ու հանգամանքը:
Հարյուր տարի է արդեն, որ ազգային, միջազգային մակարդակով Հայաստանի ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ բոլոր չափանիշերով ամենաբարձրակարգ, վարպետ երաժիշտների կիզակետ նվագախումբը աշխարհից իր երկրին և իր երկրից աշխարհին է ներկայացնում հայ և համաշխարհային երաժշտական շքեղագույն գոհարները:
Եվ մի բացառիկ երևույթ ևս, որ աշխարհի շատ քիչ նվագախմբեր ունեն և կարող են ունենալ այդ ուժը, բարձրագույն որակը և մարդկային կամքը, դա այն փաստն է, որ այս տարի` 2025-ին արդեն 25 տարի է, որ սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարման այդ բարդագույն և բարձրագույն գործը իրականացնում է Հայաստանի հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը: Եվ որպեսզի «բարդ ու բարձր» ասված մեր որակումները պարզապես հնչեղ բառեր չմնան, ավելի լավ է բերենք միայն «չոր» համարվող փաստեր ու… «միայն փաստեր»:
Ինչ վերաբերում է մաեստրո Էդուարդ Թոփչյանին, ապա 25 տարի է և բարեբախտաբար` դրանից առաջ ևս, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենում մեր ժամանակի համաշխարհային գրեթե բոլոր մեծ դիրիժորները, աշխարհահռչակ երգիչներն ու ամենահայտնի մենակատար երաժիշտները: Ամեն մարդու` իմացողի համար էլ, չիմացողի համար էլ բացահայտորեն պարզ է` եթե ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չունենար միջազգային ամենաբարձր մակարդակ, եթե այն այդ նույն միջազգային բարձր մակարդակով չղեկավարվեր այդ բոլոր ստեղծագործական և կազմակերպական չափանիշերին հասու դիրիժոր-ղեկավարը, ապա ոչ մի երգիչ ու երաժիշտ երբեք չէր գա Հայաստան և ոչ մի գնով ելույթ չէր ունենա Հայաստանում:
Ու մյուս նույնքան կարևոր կամ գուցեև ավելի կարևոր հանգամանքը. այն, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ և համաշխարհային, դասական, ազգային և ժամանակակից երաժշտությունը ամենաբարձրակարգ հյուրախաղերով, աշխարհի ամենաբարձրակարգ բեմերում տասնամյակներ շարունակ ներկայացնում է հենց նույն աշխարհին` աշխարհի նվաճումներին համաքայլ հայ երաժշտական արվեստը: Եվ` ավելին. հենց ֆիլհարմոնիկ նվագախմբի լինելիության ամուր հիմքով են կազմակերպվում բազում ամենահեղինակավոր ու ամենաբարձրակարգ միջազգային երաժշտական փառատոներ, որոնք անհնար կլիներ իրականացնել մի երկրում, որտեղ չկա համամարդկային արժեքներ կրող սիմֆոնիկ նվագախումբ:
Հարյուր տարիների ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը որպես հյուր դիրիժորներ ղեկավարել են այնպիսի կոթողանուն երաժիշտներ, ինչպես Արամ Խաչատրյանը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Հովհաննես Չեքիջյանը…., իսկ որպես ամենօրյա աշխատանք, ըստ պատմական ժամանակագրության և ըստ ներքոնշյալ հակադարձ հերթականության ղեկավարել են հետևյալ մեծանուն դիրիժորները.
- Էդուարդ Թոփչյան(2000 թվականից սկսած – )
- Լորիս Ճգնավորյան(1989-1998), (1999-2000)
- Միքայել Ավետիսյան(1998-1999)
- Վահագն Պապյան(1987-1989)
- Մարտին Ներսիսյան(1986-1987)
- Ռաֆայել Մանգասարյան(1985-1986)
- Վալերի Գերգիև(1981-1985)
- Դավիթ Խանջյան(1974-1981)
- Արամ Քաթանյան(1970-1973)
- Ռուբեն Վարդանյան (1967-1970)
- Միքայել Մալունցյան(1945-1960), (1966-1967)
- Օհան Դուրյան(1960-1965)
- Միքայել Տերյան(1965-1966 )
- Կոնստանդին Սարաջյան(1941-1945)
- Գևորգ Բուդաղյան(1932-1933)
- Սուրեն Չարեկյան(1928-1932 )
- Ալեքսանդր Սպենդիարյան(1926-1928)
- Արշակ Ադամյան (1925-1926)
Սամվել Դանիելյան