«Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգը, եւ այս համակարգի ներդրմանը զուգահեռ՝ ֆիզիկական անձանց կողմից կատարվող սոցիալական ծախսերի կամ այսպես կոչված՝ սոցիալական կրեդիտների համակարգը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորություններին:
Նրա ձեւակերպմամբ, այս ամենը ենթադրում է երկու ուղղություններով ծախսերի կատարում՝ միտված մարդկային կապիտալի զարգացմանը. «Դրանք են՝ կրթության եւ առողջապահության ոլորտներում կատարվող ծախսերը: Համակարգի իմաստն այն է, որ եկամտային հարկ վճարած ֆիզիկական անձինք, այնքանով, որքանով իրենց եկամտային հարկը դեռեւս պետության կողմից իրականացվող այլ աջակցության ծրագրերի շրջանակներում հետ չի վերադարձվել, կարողանան այդ եկամտային հարկից հետ ստանալ սոցիալական ծախսերի ուղղությամբ վճարված գումարները:
Համակարգի ներդրման սկզբնական փուլում նախատեսվել էր, որ սոցիալական ծախսերի կրթության բաղադրիչն ընդգրկելու է կրթության բոլոր մակարդակները եւ առողջապահության ուղղությամբ սոցիալական ծախսն ընդգրկելու է առողջապահության ապահովագրության քաղաքականության տեսքով կատարվող ծախսը: Սահմանաչափերը համապատասխանաբար կրթության ոլորտում՝ տարեկան 100 հազար դրամ, առողջապահության ոլորտում տարեկան 50 հազար դրամ, սակայն պայմանով, որ հանրագումարով առավելագույն շեմը կարող է լինել 100 հազար դրամ»:
Կարդացեք նաև
Նախարարի տեղակալը հավելեց, որ այս տարի որոշում է կայացվել էականորեն ընդլայնել սոցիալական ծախսերի շրջանակը, որպեսզի համակարգը լինի առավելագույնս ներառական, եւ որպեսզի ավելի շատ քաղաքացիներ կարողանան սոցիալական ծախսեր կատարել ու, ըստ այդմ, եկամտային հարկի գումարներ հետ ստանալ:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ