Դուք մտածում եք, որ աշխարհում գոյություն ունի մի անձնավորություն, որին անհնա՞ր է հաղթել ընտրությունների ճանապարհով․ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հարցին հարցով պատասխանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հարցը սա էր՝ հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանին հաղթել ընտրությունների միջոցով:
«Սա ռացիոնալ բացատրություն չէ ներկա իրավիճակին: Իհարկե, հնարավոր է հաղթել, եւ յուրաքանչյուրը կարող է այսօր մի վարկանիշ ունենա, վաղը մեկ ուրիշ վարկանիշ, մյուս օրը մեկ ուրիշ վարկանիշ: Այո, ես համարում եմ, որ հնարավոր է ընտրությունների ճանապարհով հաղթել: Եթե ասեմ՝ հնարավոր չէ, այստեղ ի՞նչ եմ անում, կամ մյուսներն ինչո՞վ են զբաղված: Սաղ հանձնվեն, ձեռքերը բարձրացնեն, ասեն՝ Նիկոլ Փաշինյանը անհաղթելի առաջնորդ է: Չկա բնության մեջ այդպիսի բան: Այդ թեզն ինքը վնասակար է ընդհանրապես, որովհետեւ հուսահատություն է ներշնչում մարդկանց մոտ: Մի հատ կարո՞ղ եք ինձ ասել այսօրվա գործող վարչապետի ամենից հայտնի որակը ո՞րն է: Հիմա եթե ստախոսությանը չի կարելի հաղթել, ուրեմն ընդհանրապես աշխարհում արդարություն չպետք է լինի եւ ճշմարտախոսություն չպետք է գոյություն ունենա: Ես համաձայն չեմ այդ թեզի հետ»,-ասաց նա:
Ընդդիմության ցածր վարկանիշի մասին հարցին էլ պատասխանեց․ «Իշխանությունը միշտ ունի որոշակի առավելություն մինչեւ ինչ-որ մի պահ։ Երբ ասացի՝ թողել ենք իշխանությանը մեն-մենակ իր ընտրողների հետ, մենք տեսնում ենք շեշտակի փոփոխությունը: Մարդկանց մոտ իսկապես հարց է առաջանում, թե ինչո՞ւ է աղքատությունը իրենց գլխում, իսկ ՔՊ-ի հարստությունը՝ իրենց սեյֆերում։ Այդ հարցը առաջանում է, մարդիկ փողոցում անընդհատ այդ հարցը հնչեցնում են: Ուրեմն պետք է աշխատել այդ վարկանիշի վրա: Այո, ցածր է ընդդիմության վարկանիշը, մնալո՞ւ է ցածր՝ չեմ կարծում: Հենց հոտը գա ընտրությունների, մարդիկ բնազդով սկսելու են կողմնորոշվել՝ իրենք շարունակում են սատարել ստապետությա՞նը, թե՞ իրենք փորձում են այլ ընտրություն ունենալ: Ես կարծում եմ, որ վիճակը հասունացած է այլ որոշում ունենալու համար: Հիմա ի՞նչ դեմքով, ո՞նց, ինչ ֆորմատով է ընդդիմությունը մասնակցելու, ես չեմ կարող ասել։ Որ շատ են լինելու մասնակիցները, վստահ եմ, որ կոնսոլիդացիա է լինելու, սաղ միանալու են, մի դրոշը բարձրացնեն, դժվար է դա պատկերացնել մեր իրականության մեջ, եթե ռոմանտիզմով չենք տառապում»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ