Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մեծի անվան վարժարանում շատ են նաև աղջիկները՝ պատրաստ հետագայում շարունակելու զինվորական կյանքը

Փետրվար 17,2025 14:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 15-ին լրացավ Արմավիր քաղաքում գործող Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադրման 30-ամյակը։ Այդ առթիվ վարժարանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն։ Ներկա էին վարժարանի հիմնադիր և երկար տարիների տնօրեն, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, գնդապետ Կորյուն Ղումաշյանը, ներկայիս տնօրեն, լեյտենանտ Լենդրուշ Ղումաշյանը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր։

Մինչ հանդիսավոր մասի սկսելը, հյուրերը ծանոթացան վարժարանի՝ վերջերս հիմնանորոգված ու կահավորված մարզադահլիճի պայմաններին, որտեղ մարզվում էին նաև «Ապագա զինվոր» դպրոցի սաները, որոնք իրենց տնօրեն Սամսոն Մուրադյանի հետ եկել էին մասնակցելու ռազմամարզական կրթօջախի տոնին։ Վարժարանի ՄԿԱԳ փոխտնօրեն, լեյտենանտ Գարիկ Մելիքյանի հրամանով վարժարանի սաները, ըստ դասարան-վաշտերի, շարվեցին շարահրապարակում։ Շարքում էին նաև «Ապագա զինվոր» դպրոցի սաները։ Դրոշակակիրների ջոկը հրապարակ բերեց ՀՀ Եռագույնը և վարժարանի դրոշը։ Հնչեց ՀՀ Օրհներգը, եղավ լռության րոպե։ Վարժարանի պատմությունը ներկայացրեց վարժարանի աշխատակից Շ․ Սարգսյանը։

1995 թվականին Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո Հոկտեմբերյան քաղաքում, Կ․ Ղումաշյանի նախաձեռնությամբ ու ՀՀ Կրթության նախարարության աջակցությամբ, հիմնվել է նախնական զինվորական պատրաստության ճամբար-կենտրոն, որն էլ 1 տարի անց վերածվում է վարժարանի։ Առաջին 25 սաներից 23-ը դարձել են Հայոց բանակի սպա։ 1997-98 ուստարում վարժարանը կոչվել է Հայոց հզոր Տիգրան Մեծ արքայի անունով։ Ներկաներին ողջունեց ու օրվա առթիվ շնորհավորեց գնդապետ Կորյուն Ղումաշյանը։ Ներկայացվեց վարժարանի անցած ճանապարհը։

Նշվեց նաև՝ 35 տարի առաջ փետրվարի 15-ին է կազմավորվել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը, որի 32 ազատամարտիկ դարձել են Հավերժի ճամփորդ։ Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են գնդի հրամանատարներից Արմենակ Արմենակյանը, ով սպանվեց ՀՀ ԱԺ-ում 1999թ․ հոկտեմբերի 27-ին և շտաբի պետ Տիգրան Սարգսյանը, որը զոհվել է 1991 թ. դեկտեմբերի 9-ին Էրքեջում։

Փետրվարի 15-ին նաև վարժարանի հիմնադիր Կ. Ղումաշյանի ծննդյան օրն է։ Կ. Ղումաշյանը պատմեց՝ սկզբնական շրջանում եղել են դժվարություններ, բայց կարողացել է հաղթահարել։ Կարևորեց այն հանգամանքը, որ Տիգրան Մեծի անվան վարժարանի սաները պատվով են կատարում իրենց պարտականությունն արդեն հայոց բանակում՝ անկախ շարքային են, թե սպա։

Վարժարանում շատ են նաև աղջիկները՝ պատրաստ հետագայում շարունակել զինվորական կյանքը։ Եղան ելույթներ նաև ծնողների կողմից։ Բոլորն էլ գոհ են վարժարանի գործունեությունից, անձնակազմից։

Ներկաներին ողջունեց նաև վարժարանի ներկայիս տնօրեն, լեյտենանտ Լենդրուշ Ղումաշյանը։ Տեղեկացրեց՝ ինքը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կրթօջախը տնօրինում է 2021 թվականից՝ փոխարինելով հորը, որը վարժարանը հիմնել է 1995 թվականին: Այժմ վարժարանի 8-12-րդ դասարաններում սովորում են 100-ից ավելի սան։

Բոլորը, անկախ բնակության վայրից, բնակվում են վարժարանի տարածքում՝ ապահովված բնակելի պայմաններով, սննդով, համազգեստով, և ամենակարևորը՝ հայեցի դաստիարակությամբ և ուսումով։ Բացի հանրակրթական ծրագրից, վարժարանի սաները սովորում են նաև ազգային պար, ծրագրավորում, թուրքերեն, ավիամոդելների պատրաստում։ Ցավով տեղեկացրեց՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում 26 շրջանավարտ է զոհվել, կան վիրավորներ:

Ցուցադրական ելույթով հանդես եկան վարժարանի հատուկ ջոկատի մարտիկները, կատարվեց նաև ռազմական պար։ Վարժարանի տնօրենության կողմից մոտ 50 սան պարգևատրվեց պատվոգրով ու ծնողներին ուղղված շնորհակալական նամակներով։ 5 սան պարգևատրվեց «Տիգրան Մեծ» մեդալով։ Տոնական միջոցառումն ավարտվեց դարձյալ շարային վարժությամբ։

Վարժարանի փոխտնօրեն Գարիկ Մելիքյանը երկար տարիներ բնակվում էր Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, հիմնականում զբաղված էր մատաղ սերնդի հետ՝ ռազմամարզահայրենասիրական ճամբարներ կազմակերպելով և այլ միջոցառումներով։ Քաշաթաղի շրջանում միասին շատ արշավներ ենք կազմակերպել, մշակութային ու ինտելեկտուալ մրցույթներ, խաղեր:

Տոնական միջոցառումից հետո վարժարանի սաները ծնողների ուղեկցությամբ տուն գնացին. շաբաթ և կիրակի օրերին ազատ են։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728