Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաշինգտոնում Ալիեւն ինձ առաջարկ արել է Մեղրիի մասին, ես ասել եմ՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը»․ Քոչարյան

Փետրվար 17,2025 12:38

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ հարցին, որ Հեյդար Ալիեւի հետ բանակցել է Մեղրին Արցախի հետ փոխանակելու հարցի շուրջ։

«Ամբողջ բանակցային գործընթացն այն մասին էր, որ մինչեւ 1999 թվականը համանախագահները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից, ինչ առաջարկ բերում էին, փորձում էին ինքնորոշման իրավունքը ամուսնացնել տարածքային ամբողջականության հետ։ Ընդհանուր պետության առաջակն ի՞նչ էր՝ ինքնորոշված ԼՂ-ն եւ Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում։ Հիմա հանկարծ Վաշինգտոնում Ալիեւն ինձ ասում է՝ եկեք իրարից անջատվենք։ Եվ այդ առաջակի մեջ ես տեսել եմ այդ մասը առաջին հերթին, որը հնարավորություն էր տալիս ջարդել կարծրատիպը։ Մտածում եմ՝ եթե հենց այդ հարցը Ալիեւին է բարձրացնում համանախագահների առաջ, այս կաղապարված վիճակից դուրս ենք գալի։ Այո, ինքը առաջարկում էր դա, ես ասում էի՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը, պրոցեսը ինքը շահավետ էր մեզ համար։ Բայց առաջին օրից ես չէի կասկածում, որ այս քննարկումները բերելու են մեզ համար ընդունելի տարբերակի։ Ինչո՞ւ եմ համոզված եղել, որովհետեւ այդ ընթացքում Ալիեւն այնուամենայնիվ ստանալու էր վեց շրջան։ Այսինքն՝ ինքը ստանալու բան ուներ։ Եվ սա էր մեր ամբողջ տրամաբանությունը»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ այդ հանդիպման ժամանակ որեւէ առաջարկ ԱՄՆ կողմից չի եղել։ Բանակցային գործընթացում առաջարկները գալիս էին Մինսկի խմբի անունից։ Քոչարյանն ասաց, որ իր համար կարեւոր էր, որ Ալիեւն ինքը այդ հարցը քննարկեր համանախագահների հետ, քանի որ դա շրջադարձային կլիներ։

Անդրադառնալով այն տեղեկությանը, որ Վազգեն Սարգսյանը տեղյակ չէր գործընթացից, Քոչարյանն ասաց․ «Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից, նա ՀՀ վարչապետն էր, որեւէ լուծում հնարավոր չէր այն ժամանակ իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի։ Ինքը առաջին վայրկյանից մինչեւ վերջին վայրկյանը մասնակցել է այդ հանդիպմանը»։

Քոչարյանը հավելեց․ «Ինչո՞ւ է այս թեման տաքացել հիմա, որովհետեւ կա միջանցքի հարց, եւ այսօր ՀՀ իշխանության ցանկությունն է՝ անել այդ զիջումը եւ հայտարարել՝ ես ինչ կապ ունեմ, այն ժամանակ եթե դա քննարկված չլիներ, այսօր այդ թեման չէր լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոբերտ Քոչարյանն այլ մանրամասներ էլ հայտնեց․ «Ալիեւն ասաց՝ ես այսպիսի քայլ եմ անում, Մեղրիի հարցով ձեր խնդիրն ինչո՞ւմ է։ Ես ասացի՝ առաջին խնդիրը Պարսկաստանի հետ սահմանն է։ Արի մտածենք՝ մենք ինչ տարբերակ կարող ենք գտնել՝ հարցը լուծել, բայց Իրանի հետ սահմանը չկորցնել։ Ասացի՝ քարտեզին նայենք, օրինակ, Սադարակում դուք եք մեզ տարածք տալիս, եւ մենք Իրանի հետ ցամաքային սահման ենք ունենում Սադարակով։ Քարտեզին նայեց, ասաց՝ բայց մենք սահման ենք կորցնում Թուրքիայի հետ, ասացի՝ մի փոքր սահման է, ինչ է, ասաց՝ չէ, չենք կարող։ Ես ասացի՝ մեզ համար չափազանց մեծ կարեւորություն ունի Իրանի հետ սահմանը։ Բանակցությունը սա է, ոչ թե այն գլխից ասում ես՝ չէ, չեմ բանակցի, այն, ինչ 2018 թվականին արել է ՀՀ վարչապետը։ Վերջը կանգնեցինք այդ սուվերեն ճանապարհի վրա, որի զգալի ամսը ենթադրում էր թունել ու էստակադա։ Պայմանը հետեւյալն էր՝ Հայաստանի տարածքի անընդհատությունը չպետք է կտրվի։ Այդ ճանապարհի եւ հողը, եւ ընդերքը մնում էր ՀՀ-ին, միայն ճանապարհի օգտագործումն էր փոխանցվում Ադրբեջանին, դիվանագիտության արվեստը սրա մեջ է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728